Ալիևի հայտարարության մեջ մի դրական բան կար

Ալիևի հայտարարության մեջ մի դրական բան կար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններով է հանդես եկել՝ հիմնահատակ ոչնչացնելով Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը»։ Ալիևը Շուշիում հայտարարել է․
«Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ- ադրբեջանական սահմանի ռազմավարական նշանակության բարձունքների վրա։ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե սա ինչ է նշանակում։ Այսօր մենք այդ բարձունքներից մենք կարող ենք տեսնել «Ղարագիլսյա», «Գաֆան», «Գորուս», և «Ինստիսու» քաղաքները։ Մենք «Բալա Գյոյչա» լճի ափին ենք, «Մեծ Գյոյչա» լիչը նույնպես մեր աչքերի առաջ է։ Այդ ամենը իրականություն է, մենք ստեղծել ենք այդ իրականությունը «հայրենական պատերազմից» հետո առաջին հերթին Հայաստանի ռազմական պրովոկացիային ի պատասխան, երկորդ հերթին՝ որպեսզի մեզ ապահովագրենք հետագա ռազմական պրովոկացիաներից։ Բանն այն է, որ հայկական դիրքերի մեծ մասը երևում է իմ կողմից հիշատակված բարձունքներից, և եթե այնտեղ ուժեր կուտակվեն, մենք դա կտեսնենք, և համապատասխան միջոցներ կձեռնարկենք։

Դա արվել է նաև այն բանի համար, որ Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Հայաստանը պարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, և նրանց բանակը ոչնչացվել է։ պարտություն կրած կողմը չի կարող իրեն այդպես պահել, դրա համար մեր բոլոր քայլերը հստակ են։ Ճիշտ է՝ Հայաստանի օտարերկրյա որոշ հովանավորներ փորձում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես նրանց պատասխանել եմ, որ եթե փորձեն էլի «ծուղրուղու» կանչել և ինչ-որ բան ասել, ես մեկ է նրանց պատասխանելու եմ։ Դա ինձ չի կանգնեցնի, բայց հարցն այն է, որ մենք պահանջում ենք այն, ինչը իրավացիորեն մեզ է պատկանում, և այն փաստը, որ ճշմարտությունը Ադրվեջանի կողմն է, կասկածի տակ չի դրվում միջազգային խոշոր խաղացողների կողմից»,- ասել է Ալիևը, ապա շարունակել․

«Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, ապա չէինք սկսի Ղարաբաղյան երկորդ պատերազմը։ Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ էր զոհվել, բայց ոչ հետ դառնալ․ կամ մահ, կամ ազատություն։ Այժմ ևս մենք պատրաստ ենք գնալ մահվան՝ պահանջելով այն, ինչն իրավացիորեն մեզ է պատկանում։ Քանի որ մինչ այժմ, չնայած այն հանգամանքին, որ պատերազմն ավարտվել է 2 տարի առաջ, կան տագնապային պահեր, և այդ առիթով ես ցանկանում եմ դիմել հայ ժողովրդին։ Նրանք հիմա տեսնում են այդ 30 տարիների օկուպացիայի ցավը, տեսնում են թե ինչ են օկուպացիան և կորուստները։ Մենք միայն պատասխանել ենք նրանց, մենք պատերազմել ենք մեր տարածքում, մենք վտարել ենք ագրեսորին մեր հողից։ Նրանք պետք է դա հասկանան, որպեսզի երկորդ անգամ չդառնան այն շրջանակների զոհը, որոնք սահմանից այն կողմ են, և տարածաշրջանը դիտարկում են որպես խաղատախտակ։ Այստեղ ուժն ու խոսքը մերն է։ Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալություն և ինքնազոհություն, եթե պետք է, ցույց կտանք ևս մեկ անգամ, կհասնենք ցանկալիին։ Դա գիտեն բոլորը, և դա պիտի իմանան նաև նրանք, որոնք զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել։ Եթե Հայաստանը բարիդրացիության քաղաքականություն է ուզում վարել, ապա պետք է իրականացնի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները։ Երևանը պետք է անկեղծ լինի Բաքվի հետ խաղաղ բանակցություններում, նա չպետք է արհեստականորեն ժամանակ ձգի, նա չպետք է ինչ-որ հրաշքի սպասի, թե որևէ մեկը կգա և իրենց փոխարեն կկռվի։ Ոչ ոք չի գալու նրանց փոխարեն կռվելու, իսկ եթե նույնիսկ գա, միևնույն է իր առջև տեսնելու է ադրբեջանական բանակը»,- ասել է Ալիևը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի այս հայտարարություններին ասաց, որ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանին ուղղված լինելուց զատ ունեն նաև լուրջ արտաքին կոմպոնենտ.

«Գրեթե սպառնալից հայտարարություն հնչեց Իրանի Իսլամական հանրապետության վերաբերյալ, երբ ասաց, որ` «Մենք կհասնանք մեր ուզածին, դա գիտեն բոլորը և պետք է իմանան նաև նրանք, որոնք  զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի»։ Միակ պետությունը, որ զորավարժություն է անցկացրել Ադրբեջանի սահմանին Իրանն է։ Արտաքին ազդակ ես նկատեցի նաև Ֆրանսիային վերաբերող, երբ ասաց, որ «Հայաստանի օտաերկրյա հովանավորները մեզ ցանկանում են ինչ-որ բանում մեղադրել»։ Հայաստանի արտաքին հովանավոր ասելով նկատի ունի Ֆրանսիային, որովհետև վերջերս Ադրբեջանում հակաֆրանսիական զգալի ալիք բարձրացավ, սկսեցին ծաղրել Մակրոնին և այլն։ Այս առումով ակնարկը միանշանակ Ֆրանսիայի վերաբերյալ էր։ Արտաքին ազդակներ կային նաև ընդհանուր մակարդակում, օրինակ՝ որ մենք «միջանցքը ամեն դեպքում պետք է բացենք», որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը, որ զորքերը դուրս չի բերում ղարաբաղից և չի տրամադրում «Զանգեզուրի միջանցք»։ Սա նաև ուղղված էր Ռուսաստանին։ Հայտարարությունը տհաճ էր, Հայաստանում ապրող նորմալ հայ մարդը պետք է նյարդայնանա այս հայտարարություններից, որովհետև սա պատերազմի հերթական սպառնալիքն էր մեզ համար շատ ծանր այս օրերին»,- ասաց Հակոբյանը։

Ըստ փորձագետի՝ որքան էլ զարմանալի է, սակայն այստեղ դրական բան ևս կա․
«Դրական բանն այն էր, որ Ալիևը, իմ տպավորությամբ, գիտակցում է, որ նույնիսկ Հայաստանն այս վատ դրության մեջ ունի դիմադրողական հնարավորություններ։ Իր հայտարարությունից սա է բխում, երբ նա ասաց, որ ռևանշիստներ կան, որոնք ձգտում են նորից ինչ-որ բաներ անել, որոնք ձգտում են իրավիճակը փոխել։ Այսինքն՝ ինքը Հայաստանի մեջ դեռևս սպառնալիք է տեսնում, և սպառնալիք է տեսում իր ձեռքբերումների համար»,-ասաց Հակոբյանը։

Նրան հարցրինք՝ Ադրբեջանի համար այդ սպառնալիքը Հայաստանի ընդդիմությո՞ւնն է․
«Միանշանակ։ Քանի որ Հայաստանի գործող իշխանության հետ նա խնդիր չունի, ավելին՝ թեև վերջերս ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ տխրահռչակ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգն» են տանում առաջ։ Ալիևի հայտարարության մեջ ես նաև ոչ ինքնավստահության տարրեր տեսա, որովհետև ինքնավստահ, ուժեղ սուբյեկտը նման հայտարարություններ չի անում, դա անում է վախեցող մարդը, որը ուզում է արտաքին էֆեկտ ապահովել։ Օրինակ՝ Թուրքիան իրեն ինքնավստահ է պահում, որովհետև գիտի, որ Հայաստանը իր համար սպառնալիք չի ներկայացնում, և մեզ հետ հարաբերություններում իքնավստահ ու վճռական է, իսկ Ալիևը էմոցիոնալ կերպով փորձում է արտաքին լսարանին հիմանվորել, որ մենք խելոք մնանք, իր համար սպառնալիք չլինենք»։

Հակոբյանի խոսքով՝ Ալիևը մի ճիշտ բան է ասել, որ պետք չէ սպասել ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա ու հայերի փոխարեն կկռվի․ «Ինքը կոնտեքստը շարունակեց այն ուղղությամբ, որ մենք հույս չունենանք արտաքին աջակցության, բայց եթե իր խոսքի այդ մասը վերցնենք, ապա, իրոք,  եթե դու քո համար չես կռվում, ոչ ոք քո համար չի կռվի»։