Աղջկան խեղդելու լուրը լսելով՝ մայրը հանկարծամահ է եղել
Կոտայքի մարզի Լեռնանիստում ապշած են գյուղում կատարված դեպքից: Գյուղացիները մեզ պատմեցին, թե ինչպես է խորթ անչափահաս տղան փորձել խեղդամահ անել հոր 26-ամյա կնոջը, եւ որ աղջկան խեղդելու լուրը լսելով՝ մայրը հանկարծամահ է եղել:
Ըստ գյուղացիների՝ մի քանի տարի է, ինչ իրենց համագյուղացի Կամո Սիմոնյանն ամուսնալուծվել է եւ երկրորդ անգամ ամուսնացել: Նրանց տուն հաճախ է այցելել Կ. Սիմոնյանի տղան եւ պահանջել կնոջը՝ հեռանալ տնից. «Առաջին կնոջից Կամոն 3 երեխա ունի, գյուղում չեն ապրում: Կամոյի տղան միշտ գալիս էր հոր տուն ու կռիվ սարքում: Էս անգամ էլ իմացել ա, որ հերը տունը չի, եկել ա հետեւից թաքուն լարը փաթաթել Սուսանի վզին: Աղջիկն ուշաթափվել, ընկել ա, տղեն էլ վախեցել ու փախել ա: Շտապօգնությունով Սուսանին հասցրել ենք հիվանդանոց, տեղում առաջին բուժօգնություն ա ստացել ու տուն եկել: Այդ ընթացքում զանգել են Սուսանի մորը, որ տեղյակ պահեն կատարվածի մասին: Մայրը լուրը լսելով` դուրս ա վազել, որ հասնի աղջկա տուն, ճանապարհին մահացել ա, երեւի ինֆարկտ ա ստացել, քանի որ ողջ դեմքը կապտած էր»,-պատմում էին Սուսանի հարեւանները:
Հավելենք, որ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը ձերբակալվել է:
Կարծիքներ