Ինչու որոշեցին հանդիպել ուժայինների հետ

Ինչու որոշեցին հանդիպել ուժայինների հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տարին սկսել է ուժայինների ղեկավարների հետ հանդիպումներով։ «Առաջինը հանդիպել ենք Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, հետո՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի, հետո՝ ոստիկանապետի ԺՊ-ի, երեկ էլ՝ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկումները, բնականաբար, քանի որ անվտանգության սեկտորին են վերաբերում, փակ-խորհրդապահական են եղել, ընդհանուր դրույթներով ասելով՝ քննարկել ենք բարեփոխումների իրենց օրակարգերը, մեր մոտեցումները, դրան գումարած՝ ինչ պրոբլեմներ կան, որ օրենսդիր իշխանություն ունեցողը կարող է լուծել այդ պրոբլեմները օրենքների տարբեր փոփոխություններով, եւ քննարկել ենք մեր ունեցած մարտահրավերները, թե ինչ մարտահրավերներ ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

- Իսկ ինչի՞ց առաջացավ այդ անհրաժեշտությունը, որ հանդիպումների շարք կազմակերպեք ուժայինների հետ։

- Ես Իրանի պրոբլեմից առաջ էի պլանավորել, իրականում, ուզում էի տարին սկսել անվտանգության սեկտորից, ու էդպես էլ արեցինք։ Ուղղակի էս Իրանը համընկավ, ավելի հետաքրքիր եղավ, նաեւ դա քննարկեցինք։

- Նկատի ունեմ՝ ինչ-որ մտահոգիչ բանե՞ր եք նկատել երկրում անվտանգային առումով, որ որոշել եք նման հանդիպումներ կազմակերպել։

- Չէ, չէ, ուղղակի մենք որոշել էինք, որ տարին սկսենք անվտանգության սեկտորի ղեկավար կազմի հետ քննարկումներով, որը նաեւ մեր նախաձեռնությունների վրա կազդի։ Այսինքն՝ մեր ստացած տեղեկատվությունը կազդի մեր օրենսդրական նախագծերի վրա։

- Իսկ ներքաղաքական, առհասարակ քաղաքական հարցեր քննարկե՞լ եք։

- Ճիշտն ասած՝ ոչ։ Քանի որ այդ մարմինների ղեկավարները, ում որ հանդիպել ենք, մեծ հաշվով ապաքաղաքական մարդիկ են, կարող եք ասել՝ ԱԱԽ քարտուղարը ոնց որ կուսակցական, չէ՞, դարձավ, բայց ընդհանուր առմամբ՝ հա, բոլոր ապաքաղաքական գործառույթներն ենք քննարկել։

- Քաղաքական իշխանությունը սովորաբար կարողանում է գոյատեւել, պահպանել իր իշխանությունը հենց ուժայինների շնորհիվ, եթե նրանք օրվա քաղաքական իշխանությանը հավատարիմ են լինում, սաբոտաժ չեն անում, տվյալ իշխանությունը բավականին երկար կյանք է ունենում։

- Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց մենք քաղաքական հարցեր չենք քննարկել։ Ձեր ասած իրավիճակը կարող էր քննարկվել, եթե, օրինակ, ունենայինք իշխանություն, որը 10 տարի է՝ իշխանության է։

- Իսկ կարո՞ղ եք մի քիչ մանրամասնել այդ հանդիպումների բովանդակությունը, օրինակ՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը ինչ-որ ուշագրավ բաներ բացահայտե՞լ եք, ասենք՝ շփման գծում իրավիճակի, արցախյան խնդրի հետ կապված։

- Չէ, չէ։ Ինչ խոսում ենք, ամեն ինչ ուշագրավ է, ամեն դեպքում, բայց…

- Հիմա Ձեր ընդհանուր եզրակացությունը ո՞րն է անվտանգային առումով։

- Ընդհանուր եզրակացությունն այն էր, որ այսօրվա դրությամբ ամբողջ իրավիճակին մեր համապատասխան մարմինները տիրապետում են, եւ որեւէ խնդիր չունենք ներքին անվտանգության հետ կապված, իսկ արտաքին անվտանգության առումով էլ, բնականաբար, կախված է տարածաշրջանի իրավիճակից եւ բազմաթիվ այլ հարցերից։ Բայց այդ մարտահրավերներին դիմագրավելու համար էլ, բնականաբար, բոլորս աշխատում ենք, որ ունենանք ավելի ուժեղ տնտեսություն, ավելի հզոր բանակ։ Հետեւաբար, էդտեղ ինչքան գործ անենք, անելու տեղ կա։

- Իսկ այդ հանդիպումները ձեր հետագա քայլերի, օրենսդրական նախաձեռնությունների վրա ինչպե՞ս կանդրադառնան։

- Օրինակ՝ ինֆորմատիվ առումով բազմաթիվ նախագծեր ներկայացնելու, գաղափարներ շրջանառության մեջ դնելու առումով դա մեզ լիքը բան է տալիս։ Ասենք, որ առաջնային աղբյուրից դու անընդհատ տեղեկություն ունենաս։

- Լավ, իսկ հաջորդ հանդիպումն ո՞ւմ հետ է լինելու։

- Դե, հիմա նիստերն արդեն սկսել են, մեր հանդիպումները հիմա կդադարեցնենք, էս պահին պլանավորած չունենք։ Էս փուլում Դավիթ Տոնոյանով ավարտվեց։