Փաշինյանն այնպես է ստում, որ անգամ ճշմարտությունն իմացողներն են հավատում

Փաշինյանն այնպես է ստում, որ անգամ ճշմարտությունն իմացողներն են հավատում

Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ռուսների հետ հանդիպելուց հետո կանչում է թիմի կարկառուն ներկայացուցիչներին ու ժողով անում: Ժողովս էլ մի ժողով լինի՝ իսկական քարոզարշավ, բա թե՝ իմացեք ու թիմիս ավետեք, որ ռուսների ուշքն իմ համար գնում է, ասել են՝ քեզնից դենը աշխարհ չկա, մինչև մահ-գերեզման քո կողքին ենք, կյանքներս էլ կտանք, մենակ դու վերընտրվես ու հավերժ թագավորես:

Էս ամենը այսքան ծիծաղելի չէր լինի, եթե գոնե մի կաթիլ ճիշտ լիներ, ուրեմն՝ մեր սիրելի վարչապետը մի աշխատելաձև ունի՝ ինքը վստահ է, որ եթե սուտ ասի ու մարդկան համոզի, որ դա ճիշտ է՝ այդ սուտը ճշմարտություն կդառնա: Հին մեխանիզմ է, պատերազմի ժամանակ էլ ստում էին, իրենց թվում էր՝ վերջում մի հրաշքով «հաղթելու են» եւ սուտն իրականություն է դառնալու։ Ոնց որ ժամանակին բախտը բերեց ու 25 օրում հրաշքով իշխանությունը գրավեց, նույն հրաշքով էլ Աստված օգնելու է եւ բոլոր հարցերն այդպես հեշտությամբ լուծվելու են՝ պատերազմ լինի, ընտրություն լինի, միջպետական հարաբերություններ, թե՝ տնտեսական հարցեր։ Հիմա, ուրեմն, թիմին ֆռռացնում է եւ այնքան արժանահավատ է ստում, որ սրանք հավատում են։ Ինքն էլ մտածում է՝ ինչքան շատ հավատան, որ ռուսը իմ կողմից է՝ էնքան շատ կաշխատեն ձայն բերելու վրա, այնքան շատ մարդու ականջին կասեն, բա՝ գիտես, Պուտինը Նիկոլի արեւորվ ա երդվում։ Ու մեկ էլ տեսար՝ վերջում էլի հաղթեց:

Մյուս կողմից էլ ազդակ է ուղարկում տատանվող թիմակիցներին, թե բա՝ մոռացեք, էլի ես եմ լինելու, սխալ քայլ չանեք. հետո չեմ ների: Ու չնայած թիմակիցների մեջ մի քիչ մտածող մարդիկ ել կան, որ մտածում- վերլուծեն՝ ախր, ո՞ր արժանիքի համար պիտի ռուսն իրեն սիրի, էդ որտե՞ղ երևաց Պուտինի հիացմունքը, ինչու՞մ դրսևորվեց, բայց նման բարդ պատճառահետևանքային կապերը ուսապարկների խելքի բանը չեն։ Շատ ավելի հեշտ է մտածելու գործը թողնել շեֆին ու հավատալ նրա ասած ամենաանհավանական ստերին։ Եւ ստացվում է, որ «Իմ քայլի» համախմբող ուժը կեղծիքն է, բացահայտ սուտը եւ իրականության վրա աչք փակելը՝ մեկ է տեսար «հաղթեցինք»: