Նիկոլ ընտրելը մեջիթից գորգ գողանալ էր

Նիկոլ ընտրելը մեջիթից գորգ գողանալ էր

Պարույր Սեւակի խոսքը մեջբերենք` արդարանալու միջոց փնտրեցեք եւ գորգ գողացեք թեկուզ մզկիթից: Սեւակն ասում է թուրքերին, բայց խոսքը հարմար է գալիս նաեւ հունիսի 20-ի մեր ընտրություններին: Նիկոլ ընտրելով` մենք գորգ գողացանք մզկիթից ուղղակի եւ փոխաբերական իմաստով: Նիկոլը թուրքական մզկիթի գորգ է, որ բերեցինք, փռեցինք մեր ոտքերի տակ ու պիտի քայլենք այլեւս թուրքի ուղենշած ճանապարհով:

Որեւէ արդարացում, որեւէ պատճառաբանություն մեզ չի կարող փրկել այդ օրինական, բայց ցինիկ գողոնի համար: Մզկիթից գողանալով` փոխարենը մենք մեզ դրեցինք մզկիթում, որ ցմահ ու դեռ մահից հետո էլ խարան է քրիստոնյայի ճակատին:
Նիկոլ ընտրելով՝ մեր ժողովրդի 53, շուրջ 54 տոկոսն իր վրա վերցրեց այն բոլոր մեղքերը, որ մինչ այդ վերագրվում էին Նիկոլին: Այլեւս մեղադրանքի հասցեատերը ժողովուրդն է, իսկ Նիկոլը Մեքքա գնացած հաջի է: Կամ` Երուսաղեմը մաքրեց նրան: Ոչ թե Նիկոլը գնաց Երուսաղեմ ուխտի, այլ Երուսաղեմը եկավ եւ ուխտադրուժ Նիկոլին սրբեց: 

Նիկոլ ընտրողն իր վրա վերցրեց Արցախի հանձնումը, 5 հազար զոհը, 10 հազար վիրավորը, անհայտ կորածին ու ռազմագերուն: Համերաշխություն հայտնեց թուրքին՝ Սյունիք ու Գեղարքունիք մտնելու համար, Իշխանասարն ու Սեւ լիճը կորցնելու համար, Սյունիքում ու Գեղարքունիքում անվտանգ դիրքերը զիջելու համար: Պատերազմի դավաճանությունն ու Արցախը ծախելու դեռեւս դատարան չմտած մեղադրանքներն օրինականացրեց:

Այլեւս չի կարող դատ լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն արդարացրեց եւ մեղք չի տեսնում դրա տակ: 

Ժողովուրդը Նիկոլին մաքրեց, սրբեց եւ սպիտակ թիկնոցով հանձնեց պատմության էջերին: Ազատեց Նիկոլին դատարանի առաջ կանգնելու պատասխանատվությունից եւ ինքը մնաց պատմության դատաստանի առաջ: Ես չգիտեմ, թե դատարանն ինչ չափով կդատեր Նիկոլին, ինչպես չգիտեմ, թե պատմության դատաստանն ինչ վճիռ կկայացնի հայ ժողովրդի համար:  
Բայց մի բան հստակ է, որ այլեւս որեւէ մեկն իրավունք չունի Նիկոլին ասելու թուրք, դավաճան, հողատու, կապիտուլյանտ:

Այդ ամենը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն իր վրա է վերցրել` դրանում չտեսնելով որեւէ դատապարտելի բան: Գուցե` տեսնելո՞վ: Այսուհետ թուրք, դավաճան, հողատու, կապիտուլյանտ ասելով` նկատի ենք ունենալու հայաստանաբնակ մեր ժողովրդի մեծամասնությանը, ոչ թե Նիկոլին: Մեր մեծ մասը փոքր մասին ասաց` այդ ամենը Նիկոլին ասելով՝ ինձ եք ասում, որի համար չեմ զղջում: Արել եմ եւ վերահաստատում եմ: 

Մեր մեծամասնությունը պողպատե մանդատ տվեց Նիկոլին, որ ինչ ուզի, այն էլ անի: Մեղրիով միջանցք տրամադրի Թուրքիային եւ Ադրբեջանին` միանալու համար, Տիգրանաշենն ու մյուս անկլավները հանձնի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի` տապանաքար դնելով Արցախի վրա: Մենք մանդատ ենք տվել, որ սրտի ուզածն անի` առանց մեզ հարցնելու, թեկուզ Երեւանն էլ հանձնի, որն այդքան ուզում է Ալիեւը: Մենք նախապես մեր համաձայնությունը տվել ենք` վստահության քվեն: Իսկ ամենակարեւորը՝ պողպատե մանդատ ենք տվել` ներսում մեր գլուխը ջարդելու համար` փոքրամասնության, ոչ թե թշնամուց երկիրը պաշտպանելու:   

Գովեստի են արժանի մեր ժողովրդի մեծահոգությունը, ինքնազոհաբերությունը, բայց արժե՞ր արդյոք այդպես եւ այդքան: Ուրիշի մեղքն իր վրա վերցնելն աստվածային գործ է, բայց արդյո՞ք Նիկոլի դեպքում սատանայություն չէր: Մենք ոչ թե Քրիստոսի չարչարանքը մեր վրա վերցրինք, այլ Հուդայի մատնությունը, նեռի չարչարելը:

Հուսիկ Արա