Թույլ մի տվեք

Թույլ մի տվեք

Պոպուլիզմն ու փարիսեցիությունը, փիառն ու կեղծիքը մեզանում միահյուսվել են իրար եւ այնպիսի խառնաշփոթ ստեղծել, որ նույնիսկ գրագետ ու կարդացած մարդիկ իրավիճակից գլուխ չեն հանում։ Կարող էինք, օրինակ, հստակ եւ ազնիվ վերլուծություններ լսել-կարդալ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Սոչիում, ինչ էր նշանակում եռակողմ հերթական հայտարարությունը՝ երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված, բայց տեսնում ենք, որ երկու կողմից էլ պարզ մանիպուլյացիաներ ու քաղաքական քարոզչություն է իրականացվում։ Մի կողմը իբրեւ թե հիացած է տեղի ունեցածով եւ հրապարակված հայտարարությամբ, մյուս կողմը վրդովված է եւ հրապարակված տեքստն ազգային շահերի հանդեպ հերթական դավաճանություն է որակում։ Ամեն դեպքում, մի բան պարզ է, որ մեր հասարակությունն այդպես էլ չսովորեց խոսքը գործից տարբերել եւ եզրահանգումներ անել փաստերի հիման վրա, այլ ոչ թե սիրուն խոսքերի կամ բոցաշունչ ճառերի։ Իսկ որ գործող իշխանությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը խոսքի վարպետներ են ու ականջահաճո ճառեր հետագայում էլ են արտասանելու, ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Պարզապես՝ հասարակությունը պետք է կարողանա ճառերն ու քայլերը, իրականությունն ու խոստումները, ներկան ու ապագան իրարից տարբերել։ Չի կարելի թույլ տալ, որ անվերջ խաբեն ձեզ եւ ցանկալին իրականության տեղ անցկացնեն։ Հույս դնեն ձեր ներողամտության եւ կարճ հիշողության վրա։ Խաղան ձեր զգացմունքների եւ հայրենասիրական նուրբ լարերի վրա։ Մոլորեցնեն, սուտ թվերով ու կեղծ տվյալներով ապակողմնորոշեն։ Իշխանամերձ քարոզիչների իբր անկախ վերլուծություններով պղտորեն հանրային գիտակցությունը եւ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնեն, մինչեւ կգա հերթական «նոյեմբերի 9-ը», եւ հիասթափությունն ու հուսահատությունը կպատեն ձեզ։