Դաստիարակությունս թույլ չի տալիս պատասխանել Տիգրան Հակոբյանին

Դաստիարակությունս թույլ չի տալիս պատասխանել Տիգրան Հակոբյանին

Ժամեր առաջ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Մի շփոթեք հանրային տարածքը ախոռի հետ

«5-րդ ալիք» հեռուստատեսության հանդեպ վարչական տույժ կիրառելու ՀՌՀ որոշումը խեղաթյուրեց այդ ալիքի ղեկավարը իր ֆեյսբուքյան գրառումներով եւ հարցազրույցներով: Խեղաթյուրեց իրեն բնորոշ մանիպուլյացիաներով ու կեղծիքներով: Ուստի, ստիպված եմ եւս մեկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը: Հեռուստատեսությունը տուգանվել է եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար: Կիրակնօրյա լրատվական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել են բառեր, որոնց թվում են (կներեք վերարտադրելու համար) ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱ: Որոշման հիմքը Հանձնածողովի կողմից ընդունված կարգն է, որով սահմանվել էին «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորորոշիչները»: Եւ այդ «կեղտոտ» բառերի օգտագործումը եթերում խախտել է չափորոշիչների մի քանի հոդված: Խախտումների համար հեռուստատեսությունը տուգանվել է: Ամեն ինչ շատ պարզ է: 

Մնացած «բայաթիները» ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոտիկայի եւ մանկապղծության վերաբերյալ զառանցանքները, «բա ուրիշների մոտ ինչի չեք նկատում» մանկական արդարացումները, սպառնալիքները, թե բա քիչ մնաց եւ այլն ուղղված են անտեղյակների կամ մտավոր ունակությունների հետ խնդիր ունեցողների համար: Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը կանանց եւ երեխաների ներկայությամբ խնդիր չեն տեսնում օգտագործել այդ բառերը, եւ դա իրենց անձնական գործն է: Բայց Հանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրավաբանները թույլ չեն տալու Հանրային մուլտիպլեքսում լեգիտիմացնել հայհոյանքը եւ վերածել այդ հանրային տարածքն ախոռի: Ցավում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՀ նախագահը որոշումները միանձնյա չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերեւների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պետք է բավարար լիներ տեսնելու եւ հասկանալու Հանձնաժողովի գործունեության արմատական փոփոխությունը:

P.S. Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրավունքը պահանջում են, հավանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժեքներ կրող» համարողներն ու… կանայք:

P.S. -2 Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնկոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հույսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաներում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»:

ՀՌՀ նախագահի գրառանն ի պատասխան «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

«Այդ գրառումն անձնապես ինձ է ուղղված, այդ գրառման սլաքներն ինձ են ուղղված, բայց ես դաստիարակություն ունեցող մարդ եմ, այն էլ քաղաքի դաստիարակություն ունեցող մարդ եմ: Ես անձնական երկխոսության մեջ մտնելու սովորություն չունեմ, երկխոսության մեջ եմ մտնում, երբ խոսքն իմ կոլեկտիվի անդամներին է վերաբերում: Անձնական թեմաներով խոսելու տեղեր և հնարավորություններ կան, ձևեր էլ կան: Ես դա հանրային դաշտ չեմ տանելու: Թեման վերաբերում է «5-րդ ալիքի» կատարած կոլեկտիվ աշխատանքին: Ես այդ թեմայով խոսել եմ, իսկ անձնական դաշտ մտնել չեմ ցանկանում, եթե ինքը մտել է, Աստված իր հետ, թող մտնի», - նշում է Հարություն Հարությունյանը։ 

Իսկ մարտի 24-ին Հարություն Հարությունյանն իր էջում գրել էր․ «Ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պանֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում և այսօր «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ: Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով: Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»»: