Ազգս դարձել է նամակ գրող

Կան ժողովուրդներ, որոնք առանձնապես մեծ մշակութային կամ քաղաքակրթական ժառանգություն, արժեքներ չեն ստեղծել, բայց կարողացել են պետություն ստեղծել, պետական կուռ համակարգեր ձեւավորել։ Ի վերջո, հանրության կենսունակությունը որոշվում է պետության ամրության, կայացածության աստիճանով։ Եվ այն միշտ չէ, որ կապված է բնական հարստությունների հետ՝ նավթ, գազ, անտառ, ոսկի, կամ նպաստավոր դիրքի հետ՝ ծով, օվկիանոս, լավ հարեւաններ։ Կան ժողովուրդներ, որոնց բաժին են ընկել աղքատ բնություն, զրո հանածոներ, վատ հարեւաններ, բայց նրանք կարողացել են պետություն ստեղծել, բարեկեցիկ միջավայր ապահովել իրենց հայրենիքում։ Տասնյակ օրինակներ կան։
Մեզ՝ հայերիս, դարերի ընթացքում չի հաջողվել պահպանել դեպի ծով մեր ելքը, հարուստ ռեսուրսներով հողերը, չի հաջողվել բարեկամական հարաբերություններ հաստատել գրեթե ոչ մի հարեւանի հետ, չենք կարողացել օգտվել ճանապարհների խաչմերուկում գտնվելու մեր նպաստավոր դիրքից, չենք կարողացել մեր շահերին ծառայեցնել գերտերությունների՝ Հարավային Կովկասում ունեցած տարբեր շահագրգռությունները եւ ամենակարեւորը՝ չենք կարողացել պետական կառույցներ ձեւավորել եւ ավանդույթներ հաստատել։ Եվ ինչպես 18-րդ կամ 19-րդ դարերում էինք անտեր ու անգլուխ, թշնամու ասպատակությունների առաջ բաց ու անպաշտպան հանրույթ, այդպիսին ենք նաեւ 21-րդ դարում։
Հիմա, երբ շատը՝ մեր խելքից, մի մասն էլ՝ մեր բախտից, հայտնվել ենք ծանր կացության մեջ, եւ պարզվել է, որ պետության ղեկն էլ հանձնել ենք անփորձ, անգետ, ոմանց կարծիքով՝ դավաճան անձանց, նորից պետություն չունեցող հանրույթի ենք վերածվել, որը ոչ մի պետական լծակ ու միջոց չունի իր հարցերը լուծելու համար եւ նորից մնացել է իր մտավորականների, մեծահարուստների, իր սփյուռքի ու Աստծո հույսին։
Եվ ստացվել է այնպես, որ փոխանակ երկու հայկական պետություններն ու պետական կառույցներն այսօր աշխատեին եւ փորձեին լուծել մեր առջեւ ծառացած լուրջ խնդիրները, մասնավորապես՝ Արցախի ճանապարհի բացման հարցը, մենք՝ ազգովի, ցաքուցրիվ ու անկազմակերպ լծվել ենք այդ գործին։
Բոլորը՝ ով կարող է, ով աշխարհի հետ որեւէ կոնտակտ ու միջոց ունի, այս օրերին զբաղված է նամակներ գրելով, հայտարարություններ անելով, ակցիաներ կազմակերպելով։ Ֆրանսիայի հայ համայնքն է բողոքի ակցիաներ կազմակերպում, թեեւ այդ համայնքի ամենահեղինակավոր անձանցից մեկին Հայաստանը պերսոնա նոն գրատա է ճանաչել։ Երգչուհի Ռոզա Լինն է իր ելույթն օգտագործում Արցախի մասին խոսելու համար, Հայաստանի հավաքականից հեռացած Հենրիխ Մխիթարյանն է Արցախի օգտին քայլ անում, Քիմ Քարդաշյանն է Արցախի հարցը բարձրացնում։ Ամենայն հայոց կաթողիկոսն է դիմում քույր եկեղեցիներին։
Բայց սրանք հանրային դիվանագիտության դրսեւորումներ են եւ միանգամայն նորմալ են։ Նորմալ չէ, երբ պետության առաջին դեմքերն ու պետական կառույցներն են նամակներ գրում եւ հայտարարություններ անում։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարության նիստերը, ասուլիսները վերածել է միջազգային հանրությանն ամոթանք տալու, նամակ-կոչեր, խնդրանք-աղաչանքներ հղելու գործընթացի։ ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարն են նամակներ ուղղում աշխարհի պառլամենտներին։ Արարատ Միրզոյանն է հայտարարություններ անում։
Մի՞թե մեր միակ զենքը, գործիքը մնացել են նամակներն ու հայտարարությունները։ Իսկ ի՞նչ են անում ՀՀ պետական կառույցներն ու խողովակները՝ ԱԳՆ, կառավարություն, Անվտանգության խորհուրդ, արտերկրում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների եւ պետությունների հետ աշխատող տարբեր համակարգեր։
Թվում է՝ այս օրերին բոլոր այդ օղակները՝ սկսած նախարարություններից, Օլիմպիական կոմիտեից ու Ֆուտբոլի ֆեդերացիայից, պետական հիմնադրամներից ու ՊՈԱԿ-ներից՝ մինչեւ վերջին պաշտոնյան, ոչ թե պետք է ձեւացնեին, թե ոչինչ չի եղել, եւ իրենց առօրյա գործերով զբաղվեին՝ քննություններ կազմակերպեին, շրջակա միջավայրի նախարարության հաշվետվությունը լսեին, կրթության զարգացման հնգամյա ծրագիր մշակեին, այլեւայլ հարցերով զբաղվեին, այլ բոլորը պետք է լծվեին մի նպատակի՝ Արցախի ճանապարհի բացմանը եւ Հայաստանի գլխին կախված վտանգները հեռացնելուն։
Կարծիքներ