Մրից ելան, մրջո՞ւրն ընկան

Մրից ելան, մրջո՞ւրն ընկան

Նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին՝ երեկոյան, իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները դադարեցված են։ Նախարարը դա կապեց Հայրապետյանի դոկտորականում հայտնաբերված արտագրությունների հետ։ Հայրապետյանի դեմ պայքարող դասախոսներից Հովսեփ Աղաջանյանը, սակայն, ռեկտորի ԺՊ-ի հեռացումը կապեց վերջինիս կողմից ներդրված կանոնակարգի հետ, որով անցկացվում էր համալսարանում թափուր հաստիքների տեղակալման մրցույթը․ «Կարծում եմ՝ մեր բողոքները, որոնք մենք ներկայացրել էինք վարչապետին, վարչապետը նամակը մակագրել էր նախարարին։ Դրանից հետո ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ թափուր տեղերի տեղակալման մրցույթը, որը խախտումներով է տեղի ունեցել, դա է եղել պատճառը։ Դրա վերաբերյալ, գիտեք, մենք դիմել ենք դատարան։ Այդքանը կարող եմ ասել»։ Հայրապետյանի ներդրած կանոնակարգը եւ դրանով անցկացված մրցույթը դեռեւս ուժի մեջ են, իրենք շարունակելո՞ւ են պայքարել կանոնակարգի դեմ, թե՞ Հայրապետյանի հեռացումն էլ է բավարար։ «Իհարկե, ես պայքարելու եմ այդ կանոնակարգի դեմ, եւ մի խումբ դասախոսներ դիմել են դատարան, ու սպասում ենք դատարանի պատասխանին»։

Հարցրինք, թե ինչ կարող է ասել ռեկտորի պաշտոնակատար դարձած Դիանա Գալոյանի մասին, լա՞վ թեկնածու է։ «Ես չեմ կարող ասել, անկեղծորեն եմ ասում՝ ես Դիանա Գալոյանի հետ երբեւէ շփում չեմ ունեցել։ Ճիշտ է՝ մենք աշխատել ենք նույն բուհում, բայց եղել ենք տարբեր ամբիոններում, եւ շատ դժվար է մարդու մասին կարծիք հայտնել, եթե իրեն չես ճանաչում ե՛ւ որպես դասախոս, ե՛ւ որպես գիտնական։ Ես երբեք ո՛չ իր հոդվածներն եմ կարդացել, երբեւէ առիթ չեմ ունեցել նրան լսելու, որեւէ բան չեմ կարող իր մասին ասել։ Կարող է եւ շատ լավ ռեկտոր լինի, կարող է եւ․․․»։

Աղաջանյանին խնդրեցինք նաեւ կարծիք հայտնել բողոքի ակցիա իրականացնող ուսանողների մասին։ «Դա այդ ուսանողների իրավունքն է, իրենք եթե գտնում են, որ ինքն արժանի է, թող իր համար պայքարեն, բայց դա կապ չունի այն պայքարի հետ, որ մենք ենք պայքարում։ Ես չգիտեմ, թե ուսանողները որքանով են տեղյակ, ինչ ինֆորմացիայի են տիրապետում՝ խորացա՞ծ են այդ հարցերի մեջ, թե՞ ոչ»։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի երեկվա հրաժարականից հետո մամուլում հայտնվել է նաեւ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողների բաց նամակը, որը վերաբերում է Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պրն վարչապետ, կրթության եւ գիտության ոլորտի հարգելի՛ պատասխանատուներ, մեծ ոգեւորությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է հայրենի կառավարությունը ձեռնամուխ եղել քաղաքական դաշտի «սանիտարական» մաքրման աշխատանքներին։ Դա նաեւ հավատ է ներշնչում երկրի ապագայի հանդեպ։ Սակայն թույլ տվեք նկատել, որ նմանատիպ աշխատանքների ծարավ է նաեւ կրթության եւ հատկապես գիտության ոլորտը: Վերջին տարիներին այնպիսի տարրեր են թափանցել գիտության ասպարեզ, որ իրականում դպրոցը պիտի ավարտած չլինեին, ուր մնաց պաշտոն զբաղեցնեն կամ գիտական կոչումներ ձեռք գցեն։ Եթե իրապես ցանկություն ունենաք գիտության եւ կրթության ոլորտը պատահականություններից եւ թյուրիմացություններից մաքրելու, ապա հավատացա՛ծ եղեք, որ, անշուշտ, կգտնվեն գիտության բազում ազնիվ մշակներ, որ ըստ կարելվույն կաջակցեն եւ կնպաստեն այս գործին։

Եվ որպես վերեւում հնչած խոստման իրականացում՝ թույլ տվեք հայտնել, որ գիտական շրջանակների եւ հատկապես ձեր վստահությունը չարաշահելով՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատարությունը ստանձնել է մեկը, որ շարքային անգրագետ է եւ գրագող»։ Նամակի հեղինակները, որպես ապացույց, մի քանի հիմնավորում են անում:

Մենք կապվեցինք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, կաթողիկոսի դեմ ծավալված շարժումը ժամանակին համակարգած Կարեն Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որեւէ առնչություն կա՞ ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակի եւ այդ նամակի միջեւ: «Դա նոր բան չէ, մի 5-6 ամիս առաջ ստեղծված ֆեյքերի գործունեության արդյունքն է: Դա դեռ այն ժամանակ, երբ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումն էր ձեւավորվել, իմ դեմ ուղղված՝ ինչ-որ մեկը պատվեր էր կատարում: Մենք գրություն ուղարկեցինք՝ պարզելու, թե ովքեր են հեղինակները, քանի որ այն գրված է մի խումբ ուսանողների անունից, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա: Թե ինչու է նամակը կրկին հայտնվել համացանցում, ըստ Կարեն Պետրոսյանի, անմիջական կապ ունի ՀՊՏՀ-ում տիրող իրավիճակի հետ, ինչը ոմանց կրկին ակտիվանալու հնարավորություն է տվել։ Սակայն ինքը հանգիստ է, քանի որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ավելին՝ բուհը նոր ուսումնական տարին մեկնարկում է նոր ծրագրերով:

Նշենք, որ Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան տիրույթում երեկ շնորհակալություն էր հայտնել Ռուբեն Հայրապետյանին՝ իր ջանքերի համար, իսկ նրան փոխարինած Դիանա Գալոյանի մասին գրել էր. «Գիտենալով տիկին Գալոյանին, վստահ եմ, որ բուհում ձեւավորված բարեփոխումները շարունակվելու են…»:
Մեր հարցին, թե այս գրառումով որեւէ մեկին նախապատվություն տալի՞ս է, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Երկուսի հետ էլ աշխատել եմ, երկուսն էլ մասնագիտական առումով բարձր հատկանիշներ ունեն, գնահատում եմ երկուսին էլ, իսկ պարոն Հայրապետյանի դիմումի հետ կապված կասեմ, որ եթե նա եւ նախարարը միասին են որոշումը կայացրել եւ գտել են, որ այդպես ավելի նպատակահարմար է, ապա մեզ մնում է հետեւել իրենց»: