Ո՛չ թավիշն եմ նախընտրում, ո՛չ էլ թղթե շերեփը, ինձ հոգեհարազատ է թուր կեծակին

Ո՛չ թավիշն եմ նախընտրում, ո՛չ էլ թղթե շերեփը, ինձ հոգեհարազատ է թուր կեծակին

Հարցազրույց աստվածաբան, հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ

- Ձեր տեսաուղերձում հայտարարեցիք, որ Դուք եք այն մարդը, ով պետք է Հայաստանին: Ի՞նչ է դա նշանակում։

- Նախ, ես չունեմ քրեական, օլիգարխիկ անցյալ, իսկ այսօր շատ դժվար է նման մարդ պեղել, ով քիչ թե շատ հանրային դեմք է եւ տիրապետում է դաշտին։ Իսկ ես դաշտին տիրապետում եմ, 12-13 տարվա փիառի, այդ թվում քաղաքական փիառի փորձառություն ունեմ եւ ներսից ճանաչում եմ ամենատարբեր քաղաքական ուժերի եւ նրանց ղեկավարներին։ Դրանից զատ, տեւական ժամանակ՝ 10-15 տարի շարունակ, ուսումնասիրել եմ հեքիաթներ, էպոսներ, եւ հայ ժողովրդական հեքիաթներում ու էպոսներում ակնհայտորեն կան այն սկզբունքները, որոնք պետք են մեր պետականաշինության, ազգին ոտքի կանգնեցնելու համար։ Այս իրավիճակում հատկապես հայ մարդուն եւ հայ ազգին հրաշք է պետք, իսկ ես հրաշքին առավել մոտ եմ կանգնած, դրա համար, գումարած այլ հանգամանքներ եւս, ես եմ այն մարդը, որ պետք է Հայաստանին։ 

- Հրաշքներով, հեքիաթներով հնարավո՞ր է ոտքի կանգնեցնել երկիրը, տնտեսություն զարգացնել։

- Իհարկե, հրաշքներն ու հեքիաթները ստիպում են գտնել տարբերակներ անգամ ամենաանելանելի իրավիճակներում: Եվ հեքիաթներին հավատալն ինձ ոչ միայն չի դարձնում մանկամիտ, այլեւ ամրացնում է, ազգի երազները, մղումները, թույլ եւ ուժեղ կողմերը տեսնելու համար տալիս է լուծումներ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ կրթամշակութային ոլորտների համար։

- Դուք հավատում եք, բայց ժողովուրդը հավատո՞ւմ է հեքիաթներին։

- Միանշանակ։ Ընդհանրապես, պետք է ուշադիր լինենք, տեսնենք՝ մենք երեխաներին մեծացնո՞ւմ ենք հեքիաթով, նա ստանո՞ւմ է այդ հոգեւոր սնունդը, այլ հարց է, որ, չգիտես ինչու, ինչ-որ տարիքից մենք ասում ենք, որ հեքիաթները սուտ են ու կեղծ՝ դրանով երեխայի մեջ կոտրելով այն ամրոցները, որ նա կառուցեց մանուկ հասակում։ Գալով մեծահասակների տիրույթ՝ այդ դաշտի սպասումը կա մեր օրերում, որովհետեւ տարբեր ոլորտներում տեսնում ենք անելանելի իրողություններ, եւ մարդիկ ոչ միայն հավատում են, պատրաստ են ընկալել ու հասկանալ, այլ հենց այդտեղ են տեսնում ամենատարբեր խնդիրների լուծումը։ Ռացիոնալ տարբերակները սպառել են իրենց, մենք 200 տարի շատ ոլորտներում հետ ենք մեր որոշ հարեւաններից, չի կարելի ուղղակի չիր, խմելու ջուր արտահանելով կամ տուրիզմ զարգացնելով՝ Հայաստանը դարձնել տնտեսական, ռազմական գերտերություն։

- Դուք ի՞նչ ծրագիր ունեք, ի՞նչ եք առաջարկում։

- Օրինակ՝ տնտեսության ոլորտում պարտադիր եմ համարում պետական-մասնավոր կազմակերպությունների առկայությունը, այսինքն՝ մասնավոր բիզնեսներ, որտեղ պետությունն ունի մասնաբաժին։ Իհարկե, մասնավորին ազատելով հարկերից եւ արտոնություններ շնորհելով՝ միաժամանակ պետությունը խթանում է տվյալ ընկերության արտահանումը։ Հայաստանին միայն արտահանումը կարող է դրսից եկամուտ բերել, մեր ներսում ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը, մեծ հաշվով, եղածը պահում է ներսում։ Ուրիշ մեխանիզմներ՝ տնտեսության հետ կապված, դա հարկային պարզեցումներն են, պետք է աջակցել բոլոր այն գործարարներին, ովքեր ուզում են վերապրոֆիլավորվել՝ իրենց ոլորտից ռազմական արդյունաբերություն անցում կատարելու համար։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մեզ հակացուցված է միաբեւեռ արտաքին քաղաքականությունը, մենք գտնվում ենք պարանից կախյալ վիճակում, որը ցանկացած պահի կարող է կտրվել։ Հայաստանին պետք է բազմաբեւեռ, արժանապատիվ արտաքին քաղաքականություն, որը կարելի է անել շիտակ հարաբերություններ կառուցելով, ոչ թե տուն-տունիկ խաղալով՝ իբր թե բոլորի հետ լավ ենք։ Այս առումով ես ո՛չ թավիշն եմ նախընտրում, ո՛չ էլ թղթե շերեփը, ինձ ավելի հոգեհարազատ է «Թուր կեծակին»։

- Պատերազմի օրերին էպոսից շատ կոդեր, ուղերձներ տարածում գտան, դրանք արդարացրի՞ն իրենց։

- Այո, որովհետեւ դրանք ոգեղենություն էին տալիս ծնողներին, զինվորներին, ինձ ուղարկեցին մի ճմրթված թղթի կտոր, որի վրա գրված էր․ «Էդոնք դառնան բամբակ, Մենք դառնանք կրակ, Էդոնք դառնան գառներ, Մենք դառնանք գելեր: Հացն ու Գինին Տեր կենդանին», իսկ մայրը նշել էր, որ սա փրկել էր իր զինվորի կյանքը։   

- Արարչագրում կա՞ այն օրը կամ որեւէ ծածկագիր, թե երբ «էդոնք կդառնան բամբակ»։

- Իհարկե՝ կա, երբ Դավիթը, վախենալով հանդերձ, ականջ է դնում Քուռկիկ Ջալալուն եւ ասում է՝ դու մի հարված հասցրու, մեկին երկուս ես եմ հարվածելու, իսկ Քուռկիկ Ջալալին, բացի հրեղեն զորություն խորհրդանշելուց, նաեւ ժողովրդական իմաստնությունն է։ Երբ հերոսն ականջ է դնում ժողովրդական իմաստնությանը, իր մեկ հարվածը եռակի ուժ է ստանում, եւ ինքը հակառակորդի մեջ հայտնվում է որպես կրակ, իսկ նրան վերածում է բամբակի։ Ես լավատես եմ, ու իմ լավատեսությունն օգնում է ինձ տեսնել այն փայլուն ապագան, որ սպասվում է հայերին ու Հայաստանին։ Այս պահին թեպետ փաստացի իրականացավ թուրանական ծրագիրը, բայց Հայաստանը, եթե  համապատասխան կարող ուժը ճիշտ դիրքավորի, դառնում է վահան Արեւմուտքի եւ Արեւելքին սպառնացող թուրանական վտանգի առաջ։

- Այդ օրը ե՞րբ կգա Հայաստանի համար։

- Երբ Հայաստանը կունենա ազգային առաջնորդ՝ քաղաքական կամ կուսակցական գործչի փոխարեն, երբ մեր ամբողջ ընթացքն ու քաղաքական տրամաբանությունը կկառուցվեն ազգային հենքի վրա։ Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ազգային գաղափարախոսություն չունենք, միտումնավոր ուզում են մեզ շեղել։

- Ազգային գործիչ ասելով՝ Ձե՞զ նկատի ունեք։

- Իհարկե, ինձ նկատի ունեմ, որովհետեւ նման համարձակ հայտարարություն անելուց եւ որոշ ժամանակ լռելուց հետո հասկանում ես, որ այնպիսի քայլ ես արել, որից հետ կանգնել չի կարելի, եւ ամենակարեւորը՝ այդ տեսողությունը, վստահությունը բերել են նրան, որ անխոցելի ստրատեգիա ունեմ սա անելու համար։

- Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր ստրատեգիան, ե՞րբ եւ ինչպե՞ս եք գալու իշխանության, ունե՞ք թիմ, մենա՞կ, թե՞ կուսակցությամբ։

- Հանճարեղ հեղինակ կա՝ Մարիո Պյուզոն, որը, իհարկե, այլ կոնտեքստում, բայց ասում է՝ ես կանեմ առաջարկ, որից չեն կարողանա հրաժարվել։ Ես առաջարկ ունեմ անելու, որից չեն կարողանա հրաժարվել, իսկ մնացածը՝ ընտրություններ կլինեն- չեն լինի, թե ներկա իշխանությունները կասեն՝ Հայկը լինում է հաջորդը եւ այլն, այդ ամենը տեխնիկական հարցեր են, ինձ համար ամենակարեւորը՝ ունենալ մեր ազգի համակրանքն ու վստահությունը, եւ դա՝ ի հաշիվ այն բանի, որ այդ մարդիկ տեսնում են, որ այս անձը խնդիր լուծող է։

- Պատրա՞ստ եք համագործակցել ներկա իշխանությունների հետ։

- Այդ իրենք են պատրաստ համագործակցել ինձ հետ, տարբեր քաղաքական ուժերից, կուսակցություններից  իմ համեստ արվեստանոցը հյուրեր են գալիս, եւ մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում։ Պատրա՞ստ է արդյոք իշխանությունն օր առաջ տեսնել այն հրաշքը, որ ես առանց քրտինք թափելու մոտեցնելու եմ եւ հանգիստ փոխանցեմ իշխանությունը, որին համաձայն կլինեն բոլոր քաղաքական ուժերը, ազգի ներկայացուցիչները։ Ամեն ինչ պետք է սկսել նոր մաքուր էջից, նոր կանոններով։

- Այն, ինչ Դուք ասում եք, մարդկային, ֆինանսական մեծ ռեսուրսներ է ենթադրում, որտեղի՞ց եք ստանալու, ունե՞ք Ձեր կողքին կանգնած թիմակիցներ, գաղափարակիցներ։

- Իհարկե՝ ունեմ, եւ նրանք ավել կամ պակաս չեն այն մարդկանցից, որ վաղը հայտնվելու են եւ ցույց տան, որ ավելի գիտակ են ու կարող, քան իմ թիմակիցը, օրինակ, առողջապահության գծով։ Ինձ համար կարեւոր են բոլոր 30 տարիներում պետական ապարատում եղած աշխատակիցները, որոնք կզբաղեցնեն իրենց պաշտոնները մի պարտադիր պայմանով՝ այլեւս խարդավանքը, թալանը տեղ չեն ունենալու Հայաստանում։ Ես անձնական օրինակ եմ լինելու, դրա համար եւ իմ հարազատներից յուրաքանչյուրը հեռու է լինելու պետական ապարատից։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, երբեւէ նման խնդիր չեմ ունեցել, մենք ունենք համահայկական ահռելի ռեսուրս, որը պատրաստ է միշտ ծառայել ազգային նպատակներին եւ ոչ թե ինձ։