Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ՌԴ-ի համար. Պուտին

Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ՌԴ-ի համար. Պուտին

Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է մեր երկու տարածաշրջանների զարգացմանը, որոնք լուրջ, եթե չասենք՝ ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Դրանք են Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը»,-ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի հետ վերամիավորվելուց ի վեր տպավորիչ հաջողությունների են հասել բազմաթիվ ուղղություններով: Ըստ Պուտինի, առաջին հերթին դա վերաբերում է կյանքի որակին, սոցիալական ոլորտի զարգացմանը և տնտեսության բազային ճյուղերին։ Պուտինը հայտնել է, որ 10 տարվա ընթացքում Ղրիմում և Սևաստոպոլում բազմակի աճել են տարածաշրջանային ՀՆԱ-ի ծավալները, դինամիկ աճել են ներդրումների տեմպերը:
«10 տարվա ընթացքում՝ 2014-2023 թվականներին, ավելացել են համախառն տարածաշրջանային արտադրանքի ծավալները․ Ղրիմում՝ 3,7 անգամ, իսկ Սևաստոպոլում՝ 8,7 անգամ։ Նաև դինամիկ աճել են զարգացման նշանակալի նախագծերում ներդրումների տեմպերը»,-ասել է նա։

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ սպասվում է Ղրիմի և Սևաստոպոլի սեփական եկամուտների հետագա աճ: Պուտինն ընդգծել է, որ Ղրիմին և Սևաստոպոլին զգալի միջոցներ են հատկացվում, պետք է խստորեն վերահսկել դրանց օգտագործումը:

Ռուսաստանի նախագահն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Մոսկվայի համար Ղրիմի հարցը փակված է, իսկ թերակղզում կայացած հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքին խիստ համապատասխան: Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեն կայացել է 2014 թվականի մարտին, բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը: