Մեղավոր ենք բոլորս

 Մեղավոր ենք բոլորս

Այս մի հարցում չի կարելի չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր արդեն ակնհայտ է, որ երկիրը կանգնած է լուրջ հումանիտար աղետի առջեւ. վարակվածների թիվն արդեն մի քանի օր գերազանցում է 5 հարյուրը, իսկ առողջապահական համակարգն արդեն ի զորու չէ օգնել բոլոր վարակվածներին: Իհարկե, առաջին մեղավորը երկրի կառավարման համակարգի ապաշնորհությունն է, որ հայտնվել ենք այս վիճակում: Հասարակությունը ի սկզբանե պետք է գիտակցեր, որ այս իշխանությունը ի զորու չի լինելու համավարակի դեմն առնելու եւ, պետք է ժամանակին ինքնակազմակերպվեր, ինքը մտածեր իր անվտանգության մասին: Մեղքը բարդել միայն իշխանության վրա, սխալ կլինի: Մեզ մոտ բացակայում է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության զգացումը: Մարդիկ չեն ուզում իրենց զրկել որոշակի կոմֆորտից, որոշակի հաճույքներց, զերծ մնալ ծնունդների եւ այլ հավաքույթների մասնակցելուց, կերուխումի մարդաշատ սեղաններից, իրար տեսնելիս ճպճպացնելով համբուրելուց, եւ, վերջապես, չեն ուզում իրար հետ շփվել սոցիալական հեռավորություն պահպանելով: Իհարկե, բոլորս ուզում էինք, որ մեր երեխաների տոնը՝ վերջին զանգն ուրախ ու հետաքրքիր անցներ: Բայց, հասկանալով պահի լրջությունը, պետք է հեռու մնայինք նման գայթակղություններից, բավարարվեինք տնային ու մեկուսացման պայմաններում երեխաներին ուրախացնելով: Անհասկանալի է այն ծնողների ինքնավստահությունը, որոնք երեխաներին տարել էին մարդաշատ վայրեր եւ մասնակից դարձրել մասսայական միջոցառումներին:

Ինչպե՞ս մեղադրես կառավարությանը, եթե մարդը, լավ իմանալով, որ իր հարազատները կորոնավարակակիր են, այցելում է նրանց: Արդյունքում՝ ինքը նույնպես դառնում է վարակակիր: Ու իմանալով հանդերձ, որ ինքը նույնպես արդեն վարակակիր է, գնում է խանութ, շփվում է մարդկանց հետ, ովքեր չգիտեն իր՝ վարակված լինելու մասին: Այսինքն, իր հարազատներից անփութորեն բերած վարակը անխնա տարածում է իր շրջապատում: Տվյալ մարդու կողակիցը լավ իմանալով, որ մի քանի օր ինքը սերտ շփում է ունեցել վարակակրի հետ, եւ ակտիվ կոնտակտավոր է, հետեւաբար՝ պոտենցիալ վարակակիր, առանց դիմակի գնում է աշխատանքի, շփվում մարդկանց հետ, մասնակցում կերուխումի, անարգել շփվում հարազատների հետ: Հետո էլ այս մարդիկ մուննաթ են գալիս պետության վրա, թե մենք հիվանդ ենք, ու մեզ ժամանակին չբուժեցին: Եթե մարդը չի մտածում իր անձնական անվտանգության մասին, չի մտածում նաեւ շրջապատի առողջության մասին եւ անխնա տարածում է իրեն պատուհասած վիրուսը, ապա այստեղ ո՛չ Փաշինյանը մեղք ունի, ո՛չ էլ Արսեն Թորոսյանը: Ի վերջո, առողջապահական համակարգի հնարավորություններն անսպառ չեն: Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ այս չարաղետ վիրուսից եւ, այն կարող է հասնել անգամ ամենազգուշավոր ու ամենապատասխանատու մարդուն, բայց եթե հասարակության մեջ տիրում է համատարած անպատասխանատվությունը, ապա դժվար է ակնկալել, որ այս վիճակից դուրս կգանք նվազագույն կորուստերով: