Ֆրունզիկին նայելով, մենք նախ ծիծաղում էինք, հետո՝ արտասվում․ Նիկոլայ Նադեժդին
Եթե Աստված մեկին շնորհ է տալիս, ապա այն տալիս է լիաբուռ։ Կատակերգուի տաղանդը եզակի բան է։ Մարդկանց ծիծաղեցնել կարողանալը միայն արտաքինից է թվում, թե հեշտ է։ Իրականում շատ ավելի դյուրին է մարդկանց արտասվեցնելը։ Իսկ Ֆրունզիկ Մկրտչյանի մոտ ստացվում էր թե մեկը եւ թե մյուսը։ Սկզբում մենք ծիծաղում էին, նայելով նրան, իսկ հետո՝ արտասվում։ Նրա աչքերում եւ հոնքերի ողբերգական դրվածքում թաքնված էր տիեզերական մի տխրություն։ Նա ծիծաղելի բաներ էր ասում, ծւծաղով վիրավորվում էր։ Եւ հանկարծ մարդկայնորեն սկսում էիր կարեկցել նրան, ինչպես այն երեխային, ով հայտնվել էր անհարմար վիճակում։ Ֆրունզիկ Մկրտչյանն ուներ բացարձակապես չապլինյան հումոր։
Նա ինքն էլ աստվածացնում էր Չապլինին, համարում էր նրան պատմության լավագույն դերասանը։ Եւ ասում էր, որ նրա կողքին ոչ մեկին դնել չի կարող։ Իսկ մենք Չապլինի կողքին դնում ենք նրան՝ Մհեր Մկրտչյանին։ Նա մեր Չապլինն էր, թեեւ մեր ասելով, դժվար է զատել՝ հայերի, թե խորհրդային ժամանակվա մարդկանց՝ ընդհանուր առմամբ։ Նրանք նույն մակարդակի արտիստներ էին, որ թռչում էին նույն ուղեծրային ոլորտում։ Կյանքում Ֆրունզիկը չուներ թշնամիներ։ Այնքան բարի էր եւ այնքան անպաշտպան, որ նրանից վիրավորվել հնարավոր չէր։ Իսկ նախանձել ․․․ Ով գիտեր նրա ընտանեկան կյանքի մանրամասները, իսկ Հայաստանը փոքր երկիր էր, Երեւանն էլ փոքր քաղաք, որտեղ բոլորը բոլորի մասին ամեն բան գիտեին, նա նույնիսկ նախանձի մասին չէր էլ մտածում։ Աստված մի արասցե, թե մեկն ապրեր այն, ինչ Ֆրունզիկն է ապրել։
Թշնամիներ իհարկե չուներ, բայց սրտագին մարդիկ, բարեկամներ էլ քիչ ուներ։ Հայտնի մարդկանց հետ այդպես լինում է։ Նրանց չափազանց հաճախ են նույնացնում կինոյում եւ թատրոնում մարմնավորած նրանց հերոսների հետ։ Ֆրունզիկը համբերությամբ էր այդ ամենին վերաբերվում։ Հասկանում էր՝ իր մասնագիտության համար դա անխուսափելի բան է։ Այդպես էլ ապրում էր՝ համընդհանուր սիրով պարուրված եւ միայնության մեջ ․․․․
Հատված Նիկոլայ Նադեժդինի «Ֆրունզիկ Մկրտչյան-Հայկական ռապսոդիա» գրքից
Կարծիքներ