Արդյո՞ք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

Արդյո՞ք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վերհիշել է, որ չի կարելի բռնություն կիրառել ՀՀ քաղաքացու նկատմամբ ու փորձելով քավել մեղքը՝ հրաժարական է ներկայացրել: Սակայն որքանով է համապատասխանում իրականությանը զղջալու պահը՝ թողնենք վերջինիս խղճին: Հրաժարականն անմիջապես ընդունվել է, և ըստ ոչ պաշտոնական հայտարարության, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա նշանակվելու է «Իմ քայլի» կամ ՔՊԿ-ի նախընտրական շտաբի պետ: Ի դեպ, մինչև լրագրողի նկատմամբ բռնարարքը նախարար Արշակյանը երբևէ աչքի չի ընկել հեղափոխական, այսինքն՝ խայտառակ վարքագծով:

Իսկ մենք փորձենք վերհիշել, թե ինչ նշանակալի ձեռբերում ենք ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ Արշակյանը նշանակվել է նախարարի առաջին տեղակալ, իսկ կես տարի անց՝ նախարար: Երկար մտորելուց հետո ոչինչ չգտնելով՝ ես կարող եմ ընդամենը արձանագրել, որ նա բացասական առումով առաջին անգամ աչքի էր ընկել փետրվարի վերջին, երբ նրա նախարարությունը չէր կարողացել ապահովել Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշների տեղ հասցնելը: Բնականաբար, նախարարի հրամանով ծառայողական քննություն է անցկացվել, գտել են երեք մեղավորների և բավարարվել նկատողությամբ (երկուսին) կամ խիստ նկատողությամբ (վերջինին): Իսկ պետբյուջեից վատնված 50-60 հազար դոլարի գումարն իրենց համար մեծ բան չէր, որ անմիջապես «սպիսատ» չարվեր:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Կառուցվածք» բաժնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նվիրված էջում գրված է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»: 
Իսկ եթե համացանցում որոնման հրաման տանք, ապա կիմանանք, որ 2018 թ.-ի մարտի վերջին սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են եղել նորաստեղ հայկական «Pro MAQ» ընկերությունների խմբի արտադրության «Հրեշ» (HREESH) հարվածային և ինքնաոչնչացվող (կամիկաձե), «Բիբ» հարվածային, ինչպես նաև հետախուզության և հրետանու կրակի կարգավորման «S1» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ-ները):  

Արդեն 2021 թ.-ի փետրվարի 9-ի «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետև կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը»: Նախարարը շարունակել է. «Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել Հայաստանում: Դա վերաբերում է թե հրետանային միջոցների, թե ականանետերի, ձեռքի նռնականետերի և այլ ուղղությունների: Բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք, և դրա ընդլայնման հնարավորություն 2021-ին» (https://armenpress.am/arm/news/1042830.html):

Իսկ եթե լսենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի 2018 թ.-ի նոյեմբերի 9-ի հարցազրույցը, ապա կիմանանք ոլորտի վերաբերյալ լրիվ այլ իրողությունների և այդ թվում՝ ՀՀ կառավարության անտարբերության մասին (https://www.youtube.com/watch?v=02x3BkYiC7E): Դժբախտաբար, Կարեն Վարդանյանը մահացել է կորոնավիրուսից 2020-ին՝ նախքան պատերազմը, և դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա նրա կյանքի գործը, թեև ընտանիքը հայտարարել է, որ կփորձի այն շարունակել:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կամ, ավելի ճիշտ, ողջ կառավարության գործունեության մասին: Եվ պետք է գիտակցել, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանը տանում է պետականության կորստի, իսկ դրանից ազատվելու միակ եղանակը նրան պաշտոնից հեռացնելն է: Երբ և ինչպես՝ կախված է նրանցից, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անկախ ու երջանիկ երկրում և ոչ թե վերածվել թուրքերի ծառաների:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ