«Դիվանագետների» փոխատեղումից դիվանագիտությունը փոխվում է
Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ 2018 թվականից հետո դիվանագիտական միտքը գնացել է (չասենք՝ մեռել է), իսկ դիվանագիտությունը՝ մնացել: Ինչքան ասեք՝ դիվանագետ ունենք, իսկ դիվանագիտական միտք չկա: Պրոբլեմ չի՞: Պրոբլեմ է, այսինքն՝ խնդիր, որ պետք է ինչ-որ կերպ հաղթահարել: Ես, օրինակ, կառաջարկեի փոխել մեր երկրի թիվ մեկ դիվանագետին: Արարատ Միրզոյանը, իմ կարծիքով, ընդհանրապես չի համապատասխանում այդ պաշտոնին: Հասկացանք՝ Նիկոլն է նշանակել: Բայց մի՞թե Նիկոլի նշանակած բոլոր կադրերն են համապատասխանում իրենց պաշտոններին: Կառավարության նիստերը նայում ես՝ սիրտդ խառնում է, ուզում ես ասել՝ ո՞ւր ա ստեղ կառավարություն: Բուհի շենքը ձեռքից խլում են, ԿԳՄՍ նախարարը ձեռք է տնկում՝ կողմ է: Հայաստանի սուվերեն տարածքները թշնամու տիրապետության տակ են, նոր գյուղեր ու հողեր են հանձնում՝ ՏԿԵ նախարարը ձեռք է տնկում՝ կողմ է: Նիկոլը հարցնում է՝ ո՞վ է կողմ, բոլորը ձեռք են տնկում՝ մի մարդու պես: Հարցնում է՝ դեմ կա՞… Չկա, որոշումն ընդունվեց: Այս հանգամանքը, իհարկե, շարքային հպարտ քաղաքացիներին չի մտահոգում: Նրանց համար կարեւորը կառավարության գլխաքանակն է եւ նախարար-մախարարների հլու-հնազանդությունն իրենց կումիրին՝ Նիկոլին: Եվ ի՞նչ փույթ, որ նախարարն իր տեղում չէ… «Զատո» նախկինները հետ չեն գալիս: Կարճ ժամանակ առաջ մի «կիսանախկին» էր սպրդել կառավարություն: Մալադեց, Նիկոլ, տեսա՞ք ոնց հանեց գործից ու տեղը իր թիմից մի աղջկա նշանակեց: Ոչինչ, որ այդ պաշտոնը քաղաքական պաշտոն չպետք է լինի, որ այդ նախարարը թիմի անդամ չպետք է լինի: Կարեւորն այն է, որ գա կառավարության նիստին ու ձեռք տնկի: Բայց կառավարությունը՝ ի՞նչ, երկիրն է մեղք, պետությունն է ձեռքից գնում:
Հա, Արարատ Միրզոյանի մասին էինք խոսում՝ Այրուլի, ինչպես սիրում էր ասել մեր երջանկահիշատակ Կարմեն Դավթյանը: Լսիր, Արո, դու փոքր ժամանակ գոնե մեկ անգամ երազե՞լ ես արտգործնախարար դառնալու մասին: Հլա ասա՝ ՀՀ թիվ մեկ դիվանագետ… Գոնե «ջոկո՞ւմ» ես, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է աշխարհին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյա՝ թերեւս երկրորդ պաշտոնյան վարչապետից հետո: Քո կարծիքով՝ դա քեզ հաջողվո՞ւմ է: Ինչ-որ խաղաղության փաստաթուղթ եք մշակում, լսել եմ: Ասում են՝ 16 թե 17 կետ է, որից 13-ը համաձայնեցրել եք: Ազնվորեն ասա, Արո, այդ կետերից քանի՞սն ես դու գրել, կամ դրանցից քանիսն են մշակվել քո պնդմամբ: Ում անունն ասես՝ տալիս են. Լավրով, Բլինքեն, Ֆիդան՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համահեղինակներ: Քո անունը չկա այս շարքում, Արո: Այս գործում դու ո՞վ ես, առհասարակ: Գիտեմ, կասես՝ ես ո՞վ եմ, Նիկոլ կա դրա համար, պետության արտաքին քաղաքականություն կա, ՀՀ կառավարություն կա… Ես ընդամենը շարքային ֆելդշեր մարդ եմ: Չէ, Արո, այդպես չէ, դու ոչ թե շարքային, այլ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող ֆելդշեր ես ու երկրի շահերի պաշտպանության հարցում պիտի իսկական գլխացավանք լինես թե՛ Նիկոլի, թե՛ նրա անկապ կառավարության, թե՛ Լավրովի, թե՛ Բլինքենի, թե՛ Ֆիդանի ու թե՛ մեր լավը չուզող հազար ու մի թափթփուկների համար:
Թե բա՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան… Այրուլ, ես քեզ հիշում եմ մի երեք, քարը ճղի՝ 4 դրվագով միայն: Լավ ծուխ ես անում, օրինակելի ամուսին ես (փոշեկուլի դեպք), պարտաճանաչ վարկառու (հեռուստացույց) ու մեկ էլ՝ լավ ծեծ ես ուտում ուրիշի փոխարեն: Այս որակների մարդն արդյոք իրավունք ունի՞ զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը: Վերցնենք, թեկուզ, ուրիշի փոխարեն ծեծ ուտելը: Լավ, բա դու նույնիսկ այնքան դիվանագիտական միտք չունե՞ս, որ ամեն անգամ էշ նահատակ չդառնաս ինչ-որ մեկի հիմար որոշումների պատճառով: Գալիս ես ԱԺ, տակից-գլխից խոսում երկրի անվտանգությունից, արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, Ցեղասպանությունից, խաղաղությունից, չգիտեմ էլի ինչերից… Դու կապ ունե՞ս այդ ամենի հետ: Ու հիմա որ քեզ ծեծեն Ցեղասպանությունն ուրանալուդ համար, ոստիկանությանն ի՞նչ ցուցմունք ես տալու, ինչո՞վ ես բացատրելու այդ ծեծը՝ կառավարության ծրագրո՞վ, Նիկոլի կարգադրություններո՞վ: Բայց չէ՞ որ ոստիկանությունում քեզ կհարցնեն՝ բա դու, արտգործնախարար մարդ, չկարողացա՞ր այնպիսի դիվանագիտություն բանեցնել, որ հա՛մ կառավարության գլխաքանակը պահպանվեր, հա՛մ Նիկոլը կուշտ մնար:
Հայոց ցեղասպանությունն անվանում ես «պատմական անցք»: Սա ի՞նչ թուրքական խոսույթ է, Արո: Այ, երբ այդ պատմական անցքը քո ճակատին բացվեր այն ժամանակ, երբ բացահայտվեց թուրքական գործակալ լինելդ, այսօր մենք այս փաստի առաջ կանգնած չէինք լինի: Թե բա՝ աշխարհը փոփոխվում է, ու մեր արտաքին քաղաքականությունն էլ է փոխվում: Լո՞ւրջ: Մի հատ շուրջդ նայիր՝ այդ ո՞ր երկրի արտաքին քաղաքականությունն է փոխվել մեր հանդեպ: Ադրբեջանի՞, Թուրքիայի՞ Իրանի՞, ԱՄՆ-ի՞, Ռուսաստանի՞, Վրաստանի՞… Իսկ գուցե Ռուանդայո՞ւմ է մի բան փոխվել, Գվատեմալայում… Ու տեսնես ինչու այս հարափոփոխ աշխարհում Իսրայելի արտգործնախարարը չի ուրանում եւ «պատմական փոքրիկ միջադեպ» չի համարում Հոլոքոստը:
Գալով հոդվածի մուտքին, կրկնեմ՝ մեզ, այո, դիվանագիտական միտք է պետք: Փաշինյանի կարողություններին ես չեմ կասկածում, նա կարող է նույնիսկ մարդ-պետություն կոչվել, բայց դիվանագիտական միտքն այնպիսի բան է, որ ամեն գլուխ չի մտնում: Որպեսզի Արոն ու Նիկոլը շատ չնեղանան, ասեմ, որ ինձ վրա էլ եմ փորձել: Չի ստացվում, ես դիվանագետ չեմ կարող դառնալ, ինչքան էլ ինձ ստիպեք: Ես ինչ ասում՝ դուզ եմ ասում:
Կարծիքներ