Թե՛ հեղինակին, թե՛ նախարարին վերեւից հրահանգված է՝ ոչ մի կերպ չզիջել

Թե՛ հեղինակին, թե՛ նախարարին վերեւից հրահանգված է՝ ոչ մի կերպ չզիջել

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը 133 էջով ներկայացրել է իր պարզաբանումները՝ պատմագիտական համայնքի մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների եւ դիտարկումների վերաբերյալ: Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել է «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը։ 129 կետով պատասխանել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին եւ 13 կետով արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։ Ընդհանուր առմամբ, դասագրքի հետ կապված՝ 263 դիտարկում է նա արել, որոնց մեծ մասի հետ հեղինակը ոչ թե համաձայնել է, այլ ընդամենը իր պարզաբանումներն է ներկայացրել։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ դասագրքի հեղինակի պարզաբանումներին, բայց չի էլ շտապում, որովհետեւ ոչ միայն ինքը պետք է ծանոթանա, այլ նաեւ իրենց կրթական հանձնախմբի բոլոր անդամները, քանի որ ինքը ստորագրել է այդ նամակը ողջ հանձնախմբի անունից․ «Ինչ վերաբերում է մեր դիտողությունները իր չընդունելուն, ես կարծում եմ, որ հստակ հրահանգ կա՝ չհնազանդվելու, եւ ինքն այդ հրահանգը շատ խելոք կատարում է, այլապես ուրիշ բացատրություն չեմ տեսնում, քանի որ ոչ թե սարսափելի վրիպակներով, այլ սարսափելի սխալներով, անթույլատրելի արտահայտություններով է լեցուն դասագիրքը։ Երբ հանդիպեցինք, ես իրեն առաջարկ արեցի, ասացի՝ դու ինքդ ընտրիր դասագրքի ամենակատարյալ, անխոցելի հատվածը՝ այդ պարբերության մասին խոսենք, եւ ես ցույց տամ, որ այդտեղ էլ բազմաթիվ սխալներ կան։ Կարծում եմ՝ ինքը հստակ հրահանգ ունի վերեւից՝ ոչ մի կերպ չզիջել, տեղի չտալ, որպեսզի 2-3-րդ պաշտպանական շերտերի համար դժվարություն չստեղծվի»։

Ունենալ 176 էջանոց դասագիրք՝ գրեթե կրկնակի դիտողություններով, ըստ Սրբազանի, խոսում է այն մասին, որ ամեն էջում առնվազն մի քանի սխալ կա․ «Ոչ միայն ամեն էջում, այլեւ ամեն պարբերությունում, դրա համար ես իրեն առաջարկեցի ցույց տալ այն պարբերությունը, որն ինքն առավել անխոցելի է համարում, եւ խոսենք հենց դրա մասին, որից հետո կտեսնի, որ այդ պարբերությունում էլ խայտառակ սխալներ կան։ Բայց ինքը խուսափեց որեւիցե մի պարբերություն ներկայացնել, ասեմ ավելին՝ ինքը շատ լավ գիտի, որ իր դասագիրքը խայտառակ վիճակում է, բայց իրեն հրահանգված է՝ չընկրկել, չզիջել։ Ինչպես ԿԳՄՍ նախարարին է ավելի վերեւից հրահանգված՝ ոչ մի կերպ չզիջել»։

Ստացվում է, որ բոլոր այս հանդիպումները, քննարկումները՝ նախարարի ու բոլոր կողմերի մասնակցությամբ, ընդամենը իմիտացիա են՝ հանրության վրդովմունքը հանգստացնելու համար։ «Իհարկե իմիտացիա է, որ իբրեւ թե մենք պատրաստ ենք երկխոսության, բաց ենք քննարկումների առաջ, բայց բացարձակապես քննարկմանը ո՛չ պատրաստ են, ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ ցանկություն՝ որեւիցե բան քննարկելու։ Դա երբեմն իրենց արտահայտություններում սպրդում է, երբ ասում են՝ պետությունը մենք ենք, այսինքն՝ երբեմն-երբեմն պոռթկում են, հետո հետ են գնում, թե մենք բաց ենք քննարկումների առաջ, բայց այդպիսի բան չկա։ Բուրգի ամենավերեւից հստակ կերպով հրահանգված է՝ ոչ մի կերպով չզիջել, այդ առումով որեւէ քննարկման հնարավորություն չկա»։

Սրբազանի համար տարակուսելի է, թե ինչպես է դպրոցի ուսուցիչն այսուհետ այդ դասագրքով դասավանդելու երեխաներին՝ հաշվի առնելով վրիպակների ու անճշտությունների ահռելի քանակը․ «Ճիշտ է՝ կատարյալ ոչինչ չկա աշխարհում, բայց դասագիրքը պետք է լինի կատարյալին, անսխալին մոտ, իսկ սա ուղղակի անկատարելության կատարելություն է եւ ցույց է տալիս, թե դասագիրքն ինչպես կարող է լինել անկատար, ինքը կատարյալ է իր անկատարության մեջ»։

Ի պաշտպանություն դասագրքի, շատ հաճախ հակադարձում են, որ նախկին դասագրքերում էլ են եղել բազմաթիվ սխալներ, վրիպակներ, բայց այսպես աղմուկ ոչ ոք չի բարձրացրել։ «Նախորդ դասագրքերի թերությունները համեմատելի չեն այս դասագրքի թերությունների հետ»,- ընդգծում է Սրբազանը։
Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելուն եւ նախարարի հավաստիացումներին, թե դասագրքի բովանդակությունը չի փոխվելու, այլ միայն՝ դրա անվանումը, Սրբազանը նկատում է․ «Այո, իրենք բովանդակությունը չեն փոխում, այլ բովանդակության մեկնաբանությունն ու ընկալումն են փոխում։ Բովանդակության ուսուցողական մեթոդն են փոխում, շեշտադրումները։ Հիմա, օրինակ, քրիստոնեության ընդունումը սովետի ժամանակ էլ կար, բայց դրա մեկնաբանությունը կարող ես լրիվ այլ կերպ ներկայացնել։ Հո միայն բովանդակությամբ պայմանավորված չէ՞ ամեն բան, այլ այդ բովանդակության մեկնաբանությունն է ամենակարեւորը, դրա ընկալումը, ինչպես ես այն մեկնաբանում, ինչ թիրախի ես հարվածում այդ պատմությունը ներկայացնելով։ Հիմա, օրինակ, Ավարայրի ճակատամարտի դեպքում կարող ես Վարդանին ներկայացնել որպես հերոս, բայց նաեւ Վասակին կարող ես ներկայացնել հերոս, դրանից բովանդակությունը չի փոխվում, բայց փոխվում է բովանդակության մեկնաբանությունը»։