Թուրքից խաղաղություն է մուրում, Արևմուտքից՝ խաղաղության երաշխիքներ

Թուրքից խաղաղություն է մուրում, Արևմուտքից՝ խաղաղության երաշխիքներ

Հայաստանի թիվ մեկ հակահերոսը հայտարարում է, որ ինքն անկեղծ է ժողովրդի հետ: Այն ժողովրդի, որին պատկանում է Հայաստանի իշխանությունը եւ որը ժամանակավորապես այն հանձնել է իրեն: Եվ ինքը պատրաստ է այն վերադարձնել՝ երբ դա կամենա նույն այդ ժողովուրդը: Որպես այդ ժողովրդի մեկ մասնիկ՝ ցանկանում եմ պարզել մեկ հարց: Ո՞ր դեպքում է ինքը անկեղծ. այն ժամանակ, երբ հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ արցախցիների ընտրած նախագահին իբրև թե կատակով դիմում էր որպես Արցախի մարզպե՞տ, թե՞ անկեղծ էր այն ժամանակ, երբ հայտարարում էր, որ Ղարաբաղյան կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այսինքն, Արցախն այլևս չէր դիտարկվում որպես Հայաստան: Կամ էլ հայաստանյան մարզերից մեկը: Թե՞ ինքն անկեղծ է հիմա՝ երբ Արցախը համարում է Ադրբեջանի մաս:

Գիտակցորեն չեմ անդրադառնում Հայաստանի թիվ մեկ հակահերոսի կողմից ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Գերագույն խորհրդի համապատասխան որոշման խախտման փաստերին: Վերջին երկու օրում դրա մասին բազմիցս է խոսվել ու գրվել: Ընդամենը լրացնեմ, որ իշխանափոխությունից հետո ինքը ստիպված է լինելու հայաստանյան դատարանում մեկնաբանել այդ փաստերը: Բայց այդ ժամանակ ինքն այլևս չի լինի միակ բանախոսը, որին տրված է անսահման հնարավորություն՝ ստելու, կեղծելու և նույն այդ ժողովրդին հիմարի տեղ դնելու: Այս պահին ես փորձում եմ խնդրին մոտենալ զուտ մարդկային բարոյականության տեսակետից: Թեև գիտակցում եմ, որ մարդկային բարոյականություն ասվածը նրա ու նրա նմանների համար առ ոչինչ է: Այնուամենայնիվ, ունենա թե ոչ այն, ինքը մի ոչ գեղեցիկ օրից սկսած ժամանակ կունենա խորհել ժամանակի առաջադեմ մարդկանց հուզող այդ երևույթի մասին: Խորհելու ժամանակ կունենա նաև իրեն իշխանության բերած ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Անցնեմ նրա շնորհիվ իշխանության միջանցքներում տեղավորված ջահելներին: Ահելները, չնայած որոշակիորեն որակ են կազմում (խոսքը բացասական որակի մասին է), սակայն այնքան էլ շատ չեն: Ջահելների մեծամասնությունը ոչնչով աչքի չէր ընկել նախկինների օրոք: Լավագույն դեպքում անգլերենի իմացության շնորհիվ դրանց մի մասը տաքուկ տեղեր էր զբաղեցնում այս կամ այն կազմակերպությունում: Հաջորդ նախադասությունը, որ պետք է գրեի, այն էր, որ հասարակության զարգացման տեսակետից դրանց գոյության արժեքը զրոյական էր: Բայց հասկացա, որ սխալվում եմ՝ դրանք զրոյականից տարբերվող արժեք ունեին. բացասական արժեք: Դա արձանագրում եմ 100 տոկոսանոց վստահությամբ: Որովհետև շուրջ երկու տասնամյակ դա նաև իմ շրջապատն էր: Ու ինձ թվում էր, թե մենք շատ կարևոր գործ ենք անում: Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք վնասակար գործունեություն էինք ծավալել: Եվ ես ու ինձ նման մի քանի հոգի դա ընկալեցինք ու կտրեցինք մեր կապն այդ շրջապատի հետ: Այնինչ, մեծամասնությունը դա ոչ միայն չընկալեց, այլև շարունակեց աջակցել պետության կործանման գործընթացին: Փաստորեն, անգլերենի իմացությունը բավարար չէ, որպեսզի գիտակցեն, որ նպաստում են սեփական հայրենիքի նկատմամբ հանցագործության իրականացմանը:
Մեր պատմավեպերից ծանոթ ենք, որ դավաճան կարող է լինել մեկ անձ, կամ՝ մեկ անձի կողմից ղեկավարվող ինչ-որ խմբակ: Սակայն որպեսզի ողջ իշխանությունը սեփական հայրենիքի նկատմամբ հանցագործություն իրականացներ… Դա նույնիսկ մտածել հնարավոր չէր, բայց, դժբախտաբար, տեսանք մեր աչքով: Տեսանք, որ պետական ողջ իշխանությունը՝ գործադիր, խորհրդարանական, իրավական համակարգը, լծված է պետությունը կազմաքանդելու գործընթացին: Եվ իշխանության իրավատեր ժողովրդին խաբելով ու հիմարի տեղ դնելով՝ դա անվանում են խաղաղության օրակարգի նախաձեռնում: 

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե այն նախաձեռնողը վստահ չէ, որ պայմանագրի ստորագրմանը հետևելու է այդ պայմանագրին հետևելու՝ դիմացինի պատրաստակամությունը: Եվ ստորագրելու խոստում տալով հանդերձ՝ փորձում է արտաքին աշխարհից մուրալ ինչ-ինչ երաշխիքներ: Թուրքից խաղաղություն է մուրում, Արևմուտքից՝ խաղաղության երաշխիքներ՝ մեր հպարտությունն էլ վերածելով մուրացկանի խեղճության: Ինչ էինք և ինչ դարձանք…