Զովքում այդքան էլ զով չի

Զովքում այդքան էլ զով չի

Կոտայքի մարզի Զովք գյուղում ոչ միայն ոռոգման ջրի, այլեւ խմելու ջրի հարցը շատ սուր է, տարիներ շարունակ գյուղի բնակիչներից շատերը օրերով ջուր չեն ունենում: 

Բնակիչներից Արմենը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում հորատման աշխատանքներ են իրականացվում, բայց հույս չունեն, որ խմելու ջուր կունենան. «Զովք գյուղի մի մասը օգտվում է սարերից եկող ջրից, մյուս մասը՝ խմելու ջուր չունի: Դրա հետ զուգահեռ նաեւ ոռոգման ջուր չունենք, այգիները չորանում ա: Մի քանի տարի առաջ հոր փորեցին, խողովակները գցեցին, համայնքի բյուջեից մոտ 70 մլն դրամ ծախսվեց, բայց այդ հորը հիմա անպիտան է, լցվել ա ավազով եւ ջուր չի գալիս: Հիմա կրկին համայնքի բյուջեից նույնքան գումար են հատկացրել, արդեն 2 ամսից ավելի փորում են, էն էլ՝ մի օր աշխատում են, մի քանի օր` չեն աշխատում, տեխնիկան էլ հին տեխնիկա, որ դժվար էլ կարանա փորի ու մենք ջուր ունենանք: Էդքան գումարներ ծախսում են, բայց անօգուտ: Մեր գյուղի վերեւի հատվածում մի քանի ընտանիք են հիմա ապրում, գյուղ մտնող ջրից օգտվում են, չեն թողնում, որ ջուրը գյուղացուն հասնի: Այս խնդրով մարզպետարան ենք դիմել, 1 ամիս լոլո կարդացին, ոչ մի հարցի լուծում չտվին: Օրեր առաջ էլ գյուղապետին ասեցի, որ էսպես չի լինի, ո՛չ խմելու, ո՛չ էլ ոռոգման ջուր կա, այգիները չորանում ա, ի՞նչ ասի՝ հույսներս աստծո վրա դնենք, անձրեւ կգա՝ կջրվի»:

400 տնտեսություն ունեցող Զովքում գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ դաշտավարությամբ: Կլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել միայն կարտոֆիլ, գարի, ցորեն եւ հաճար: Հողերը բերրի են: Եթե ոռոգման խնդիր չլինի, ապա բերքատվությունից չեն դժգոհի: 
Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոռոգման ջրի հետ կապված Կոտայք ՋՕԸ-ն է պատասխանատու, համայնքապետարանը չի զբաղվում ոռոգման ջրի հարցով, իսկ խմելու ջուր բնակիչներն ունեն, եթե չեն ունենում դա կարող է տեւել 1 կամ 2 օր` կապված վթարային իրավիճակների հետ. «Գյուղի մի հատվածում ամենօրյա ջուր կա, մյուս մասում՝ ավելի քիչ է, տեղ կա, որ ժամով ենք տալիս, որովհետեւ հորատման խնդիր կա: Գործող հորը այլեւս չկա, աղբյուրը ցամաքել ա, ու փլուզվել, այժմ նոր հորատման աշխատանքներ են իրականացվում, մոտ 90 մ փորվել է, բայց դա քիչ է»: 

Բնակիչները պատմեցին, որ 70 մլն դրամ գումար է հատկացվել համայնքապետարանի կողմից հորատման աշխատանքների համար, բաց որոշ ժամանակ հետո այդ հորը լցվել է ավազով: Կրկին համայնքապետարանի կողմից միլիոներ են ծախսվում նոր հոր փորելու համար, նրանք մտահոգ են՝ խմելու ջուր կունենա՞ն, թե՞ այդ գումարն էլ անիմաստ կծախսվի, հետաքրքրվեցինք մենք: 
«Մեկ տարի է պաշտոնավարում եմ, այդ ընթացքում որեւէ ներդրումային ծրագիր չի եղել, ես 70 մլն դրամի մասին առաջին անգամ եմ լսում: Այս պահին գյուղում հորատման աշխատանքեր են կատարվում, ֆինանսավորվել է համայնքի կողմից, տենդեր է հայտարարվել, ընկերությունը շահել է, եւ աշխատանքներ են իրականացնում»: 

-Պարո՛ն Սանթրոսյան, նշում եք, որ ոռոգման ջրի հարցով համայնաքապետարանը չի զբաղվում, գյուղացին այսօր բացի խմելու ջրից, նաեւ ոռոգման ջրի խնդիր ունի: Որպես խոշորացված համայնքի ղեկավար չեք պատրաստվո՞ւմ օգնել գյուղացուն: 

- Բնակիչներին օգնելու համար մենք պարբերաբար ասում ենք ջրային կոմիտեին, որ եթե հնարավոր է, ինչ որ բան ձեռնարկեն եւ ավելի շատ ջուր տան բնակիչներին, որպեսզի մարդիկ կարողանան ցանքատարածությունները ոռոգել, բայց քանի որ այս տարի տեղումների քանակը Հայաստանում ավելի մեծ է, այդ թվում՝ նաեւ Զովք համայնքում, չեմ կարծում, որ այգիներն ու արոտավայրերը ունենան այդ խնդիրը: Մենք պարբերաբար այցելություններ կատարում ենք այնտեղ եւ կարծես վիճակը աղետալի չի, ինչպես որ ներկայացվում է: Այս տարի ոռոգման ջրի աշխատանքների հետ կապված համայնքի ավագանին որեւէ որոշում չունի, Զովք համայնքում միայն խմելու ջրի հորատման աշխատանքներ են կատարվում:

-Գյուղացիները պատմում են, որ գյուղում խմելու ջուրը սակավ է, քանի որ ամռան ամիսներին գյուղի սարերում ապրող մարդիկ չեն թողնում, որ ջուրը հասնի համայնքին, ովքե՞ր են այդ մարդիկ եւ ինչո՞ւ գյուղացուն ջուր չի հասնում: 

-Դա մեր վարչական շրջանում չի գտնվում, այդ տարածքը Աբովյան վարչական շրջանին է պատկանում: Այդ խնդրով իմ կողմից ոստիկանություն գրություն է ուղարկվել, եւ անձնապես այդ մարդկանց հետ տեղում հանդիպումներ են կատարվել: Մենք բարձրացել ենք սար, տեղադրել ենք նոր փականներ, խողովակը իջեցրել ենք հողի տակ, մեր իջնելուց հետո, այդ բնակիչները նորից որոշում են, որ գյուղ ջուր մտնող փականները պետք է փակեն, եւ իրենց ավելի շատ ջուր վերցնեն: Մի 10 ընտանիք են, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, իրենց այդ ջուրը պետք է անասուններին հովացնելու եւ խմացնելու համար: Խնդրին իրավական լուծում պետք է տրվի, քանի որ այդ հատվածում ջրօգտագործման թույլտվություն տրվել է Ջրվեժի համայնքապետարանի կողմից` միայն Զովք համայնքի համար: Տեղեկացրել ենք, որ զբաղվեն այդ տնտեսություների հարցով, երբ որ գնում ենք այնտեղ, վեճերն անխուսափելի են: 

Զովք համայնքի վարչական ղեկավար Նորիկ Գեւորգյանը նույնպես փաստեց, որ համայնքում խմելու ջուրը չի բավարարում բնակիչներին. «Ջրի խնդիր ունենք, չի բավարարում ժողովրդին, հիմա հորատման աշխատանքներ ենք անում, որպեսզի ջրի պահանջը բավարարենք: Ե՛վ խմելու, ե՛ւ ոռոգման ջրի աշխատանքները ընթացքի մեջ են, արդեն 2 ամիս է սկսվել են: 120 մետր պետք է հորատենք, որ ջուր տանք գյուղացիներին, գյուղում ուրիշ աղբյուր չունենք: Աշխատանքներն իրականացնում է «Նատալի Շին» ՍՊԸ –ն, տենդերը շահել են 40մլն դրամով»: 

Գեւորգյանին հարցրեցինք՝ մի քանի տարի առաջ եւս 70մլն. դրամ է հատկացվել համայնքապետարանի կողմից հորատման աշխատանքներին, սակայն գումարները ծախսվել են, իսկ հորն այլեւս չի օգտագործվում. «Մենք գյուղում հոր ենք ունեցել, անցած տարի այդ հորի վրա 6 մլն. դրամի աշխատանքներ կատարեցինք, բայց 1 ամիս էլ չաշխատեց, նորից լցվեց ավազով, էլ պիտանի չի օգտագործմանը: 70 մլն. դրամի մասին խոսք չկա, որ մենք ծախսենք»: