Պետք է փոխվի շնորհանդեսների ձևաչափը

Պետք է փոխվի շնորհանդեսների ձևաչափը

Լույս է տեսել բանաստեղծ Արուսյակ Օհանյանի «Տաղատրոփ բանաստեղծությունների ժողովածուն, որը հեղինակի 4-րդ գիրքն է եւ 3-րդ բանաստեղծական ժողովածուն: «Շատ ուշացած գիրք է, որտեղ ներառված են մոտ 10 տարի առաջ գրված բանաստեղծություններ: Նախկին գրվածքների համեմատ՝ ավելի խոհափիլիսոփայական ընդգրկում ունեն, որովհետեւ այս դեպքում տարիքը, հասունությունն իրենցն անում են: Ու եթե առաջ շեշտը հիմնականում դրվում էր սիրային ապրումների վրա, հիմա ակամայից ավելի համամարդկային խնդիրներ եմ շոշափել` ընտանիք, ծնող, հայրենիք: Հետո, ինտերնետային այս հախուռն վիճակը սկսել է մեզ խանգարել, այն իմաստով, որ չասված գաղափար գրեթե չի մնում, ու այս առումով արվեստագետի խնդիրն ավելի է բարդանում: Չես կարող հեծանիվ հայտնագործել եւ այնքան նոր բան պիտի ասես այսօր, որ կարողանաս թողնել թղթին»: 

Արուսյակն ասում է, որ գրքի վերնագիրը մեծ դժվարությամբ է ընտրել, որովհետեւ ինտերնետային տեղատարափի մեջ չես կարող ընտրել եւ գրքի վերնագիր դնել մի բան, որը ոչ մի տեղ չի շոշափվել. «Իմ պոեզիայի մեջ ուղղակիորեն հակված եմ բառածնությանը: Կարող էի դնել գրատրոփ, խոհատրոփ, բայց նայեցի ու տեսա, որ արդեն ասված է ու արված, մի պահ որոշեցի դնել առիթմիա, բայց ի վերջո կանգ առա տաղատրոփի վրա, որն իր մեջ սրտատրոփի ու բանաստեղծական իմաստ ունի եւ ավելի անսպասելի է»: 

Թե ինչու գիրքը գրախանութներում չի վաճառվելու, Օհանյանն ասաց. «Որովհետեւ դրա համար պետք է գրական գործակալ, որոշակի ինչ-որ մեկը, որ կարողանա գիրքը մարքեթինգային առումով ներկայացնել, քանի որ հասկացել եմ՝ եթե գրախանութները շահագրգռվածություն չեն ունենում, առանձնապես չեն էլ ջանում գիրքդ վաճառել: Սա շատ կարեւոր խնդիր է, ու վստահ եմ՝ ոչ միայն իմ դեպքում: Երբեմն աղմուկով ինչ-որ գրքեր գովազդում են, վերցնում կարդում ես եւ տեսնում, որ ոչ մի բան չկար մեջը»։ Գիրքը վաճառվելու է առաքումով: 

Ինչ վերաբերում է շնորհանդեսին, ապա հակված է Երեւանում չանել, որովհետեւ մարզերը դուրս են մնում մշակութային քարտեզից. «Ամենայն հավանականությամբ, շնորհանդեսն ու առաջին հանդիպումը կանցկացվի Կոտայքի մարզային գրադարանում, որովհետեւ ներկա վիճակը ցույց է տալիս, որ շնորհանդես գրողն անում է գրողի համար, եւ, մեծ հաշվով, հասարակությանը չենք ընդգրկում, իսկ դա ինձ շատ ցավեցնում է. ինչքան շառավիղը Երեւանից հեռանում է, շատ ցավալի պատկեր է ուրվագծվում: Հետո՝ այնպես չէ, որ ընթերցանությունը խորթ է գյուղի եւ գյուղի մարդու համար, ճիշտ հակառակը: Ամեն դեպքում, պետք է փոխվի երեւանյան շնորհանդեսների ձեւաչափը: Իսկ այսօրվա արվեստագետն իր գործունեությամբ մի քիչ բոհեմից դուրս պետք է նայի, չի կարող ասել՝ «ես գրել եմ»` ինքնազոհողության, մեծամտության նման, ու վերջ, դրանով սահմանափակվի: Արվեստագետն ուղիղ իմաստով հենց մարդուն է պետք»։ Հեղինակը գրքի մի մասն անվճար նվիրելու է ընթերցասերներին: