Ռետրո մեքենաներով ավտոերթ դեպի Թբիլիսի և ցուցադրություն՝ ի հիշատակ Մանթաշյանցի (լուսանկարներ)

Ռետրո մեքենաներով ավտոերթ դեպի Թբիլիսի և ցուցադրություն՝ ի հիշատակ Մանթաշյանցի (լուսանկարներ)

Մարտի 3-ը թիֆլիսահայ անվանի գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում էր մեծանուն գործարարի 180-ամյակը։ Մարտի 3-ը Մանթաշյանցի պատվին Հայաստանում նշվում է նաև որպես հայ գործարարի օր։ Այդ կապակցությամբ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի նախաձեռնությամբ, հունիսի 4-ին ռետրո մեքենաների ավտոերթ էր կազմակերպել Երևանից Թբիլիսի։

Նրանք նախ մարտի 3-ին ծաղկեպսակ են դրել Սուրբ Աննա եկեղեցու բակում կանգնեցված Մանթաշյանցի արձանի մոտ, իսկ հունիսի 4-ին, երբ արդեն եղանակային պայմանները թույլ են տվել, ավտոերթով շարժվել են դեպի Թբիլիսի, որտեղ ևս ծաղկեպսակ են դրել։ Աղաջանյանը Hraparak.am-ին հայտնեց, որ 14 ռետրո մեքենաներով են մեկնել Թբիլիսի, որտեղ ավտոմեքենաների ցուցադրություն է տեղի ունեցել, դրան միացել են նաև Վրաստանի ռետրո մեքենաները։ 

Հայաստանից ժամանած հյուրերին բարձր մակարդակի ընդունելության են արժանացրել վրացի գործընկերները՝  նրանց դիմավորելով քաղաքային խորհրդի դահլիճում, որտեղ եղել է նաև հուշագրի ստորագրում։

«Ես և մեր վրացի կոլեգան ստորագրեցինք մեմորանդում, որով երկկողմ ցանկություն ենք հայտնում՝ ամեն տարի մեկական միջոցառում Հայաստանում և Վրաստանում կազմակերպելու և ավտոերթով նշելու տարբեր առիթներ։ Եւ իրենք են մեքենաներով գալու Հայաստան, և մենք ենք գնալու Վրաստան»,-ասաց Աղաջանյանը։

Ի թիվս այլ հյուրերի՝ միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։