Կա՛մ խաղում ես Տիգրան Ավինյանի կանոններով, կա՛մ տրանսպորտից չես օգտվում

Կա՛մ խաղում ես Տիգրան Ավինյանի կանոններով, կա՛մ տրանսպորտից չես օգտվում

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong եւ GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս քաղաքացիները պարտադիր պետք է ունենան 100 դրամանոց մետաղադրամներ կամ վճարեն ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով` QR կոդով: Այս լուրն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում, նախ՝ որտեղի՞ց են գտնելու այդքան 100 դրամանոցներ՝ մշտապես օգտվելու դեպքում, եւ երկրորդ՝ եթե չկա ինտերնետի հնարավորություն կամ սմարթֆոն` QR կոդով վճարելու համար, ինչպե՞ս են երթեւեկելու։ Ենթադրելի է, որ սկզբնական շրջանում դժվարություններ կլինեն, հերթեր ու վեճեր։ Բայց դա այս նախաձեռնության հեղինակ Երեւանի քաղաքապետարանին չի հետաքրքրում` որոշումը կայացրել է, տվել վարորդի ձեռքն ու ասել՝ կիրառիր։ Իսկ թե ինչպես է վարորդը փորձելու լեզու գտնել վրդովված քաղաքացիների հետ, նրանց չի հուզում։ 

Նման մեթոդների անցնելու նպատակը, ըստ քաղաքապետարանի, նախեւառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է` թվեր հրապարակվեցին, թե ավտոբուսների վարորդների ստվերային եկամուտն օրական 80 հազար դոլար է կազմում, ինչպես նաեւ հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցումն են նախապատրաստում։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանը «Հրապարակ»-ին ասաց՝ 100 դրամների խնդիրը չարիքի փոքրագույնն է․ «Մեծ չարիքը` որ հունվարից կդառնա 400 դրամ, այդ ժամանակ կտեսնեք՝ որն է»։

Հիշեցնենք, որ տրանսպորտի թանկացման նախորդ փորձը Նավասարդյանի ժամանակ էր ձեռնարկվել, եւ պայքարողները հասան արդյունքի` չեղարկվեց այդ որոշումը:

Ինչ վերաբերում է վարորդի կողմից հնարավոր գրպանումները կանխելուն, նա նշեց․ «Վարորդը, այսպես թե այնպես, եթե հսկողություն չկատարվեց, գրպանելու է։ Այն ժամանակ էլ էին գրպանում, ուղղակի հաճախակի ուղեւորահոսքի ուսումնասիրություն էր կատարվում, բայց մոտավոր բան էր ստացվում․․․ Որոշակի դժվարություններ է առաջացնելու, քաշքշուկներ կառաջացնի, բայց խոսենք այն մասին, որ ավտոբուսի գալու համար 30-40 րոպե սպասում են եւ իրար գիրկ նստած գնում։ Այն ժամանակ բողոքում էին, չէ՞, բայց այն ժամանակ յուրաքանչյուր ավտոբուս ամենաուշը 10-15 րոպեն մեկ գալիս էր, իսկ միկրոավտոբուսը 6-10 րոպեն մեկ էր գալիս։ Ուղեվարձ բարձրացնելը միայն սիրուն ավտոբուս բերելով չէ, պետք է նորմալ սպասարկել»։ Նշեց նաեւ, որ իր աշխատած տարիներին 500-ից ավելի տրանսպորտային միջոց են ներկրել․ «249 հատ «խագերներ» ենք բերել, որոնք մինչեւ հիմա աշխատում են եւ ավելի լավ են աշխատում, 180 հատ էլ բերեցինք էն փոքր ավտոբուսներից, այսինքն՝ բերել ենք 500 հատից ավելի ավտոբուս»։

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ սպառողների նկատմամբ այդպիսի կտրուկ քայլերը որեւէ կերպ ընդունելի չեն․ «Դուք պատկերացրեք՝ մարդը որտեղի՞ց պիտի այդքան 100 դրամանոցներ հայթայթի, գրպանները լցնի, որ սպասարկվի։ Անհարմարություն է, երկրորդ՝ մոտ 30-40 տոկոսը չի տիրապետում ինտերնետին, նրանց համար խնդիր է QR-ով այդ գործողություններն անելը»։ Պողոսյանն ասում է, որ այդ մեթոդներն արդյունավետ չեն նաեւ վարորդի կողմից գումարն իրեն պահելու դեպքերը կանխելու տեսանկյունից․ «Ո՞վ չգիտի, որ վարորդը գումարի փոքր մասն իրեն է վերցնում, իսկ մեծ մասը, շրջանցելով պաշտոնական դրամի հոսքը, մի գրպանից մյուսն է գնում, մենք ունենք մեր հաշվարկները, ըստ այդմ՝ այն, ինչ մենք վճարում ենք, 20 տոկոսն է հաշվառվում, այսինքն՝ մտնում այդ ապարատի մեջ։ Գոյություն ունի շատ հայտնի չգրված օրենք` այն մարդը, որն ապօրինի գումար է վերցնում, լավագույն դեպքում 30 տոկոսն է իր մոտ մնում, իսկ մնացածը գնում է ավելի բարձր մակարդակներ։ Առաջներում պաշտոնյաներ կային, որոնք տիրապետում էին տրանսպորտի գումարներին, այժմ ուրիշների մոտ է շրջանառվում այդ գումարը»։

Արմեն Պողոսյանն այս հարցը լուծելու պարզ ձեւ է առաջարկում․ «Բոլոր կրպակներում վաճառվում են կտրոններ, գնում ես 2 օրվա կտրոն, մյուսն էլ գնում է 3, 6 ամսվա կտրոն։ Ապա հանգիստ օգտվում են, չեն մտածում՝ որտեղից որտեղ են գնում,  արդեն հարմարավետ է, չէ՞։ Չափազանց օպտիմալ ձեւ է վճարման, իսկ ամենակարեւորը՝ քաղաքակիրթ աշխարհն անցել է էլեկտրատրանսպորտի, մենք դրա մասին խոսում ենք մոտ 30 տարի»։

Ի վերջո, ի՞նչ է լինելու, եթե անձը չունի 100 դրամանոց եւ ձեռքի տակ հեռախոս՝ վճարելու համար։ Մենք քաղաքապետարանին այսպիսի հստակ իրավիճակ ներկայացրինք․ «Ես 50 տարեկան քաղաքացի եմ, չունեմ սմարթֆոն եւ ունեմ 200 դրամանոց մետաղադրամ, գիտեմ փոփոխության մասին, մոտենում եմ ավտոբուսին` վարորդի գործողություններն ինչպիսի՞ք են լինելու այդ պայմաններում»։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ԺՊ-ն մեզ պատասխանեց․ «Եթե քաղաքացին չունի 100 դրամանոց, ապա մինչեւ ավտոբուս մտնելը պետք է «Թել սել»-ի վճարային համակարգից 100 դրամով QR կոդ գնի, որ նման խնդիր չառաջանա։ Ավտոբուսում ինքը կարող է ֆիզիկապես հայտնվել միայն 100 դրամանոցի կամ այդ վճարային համակարգին կցելու հնարավորությամբ։ Եթե չունի այդ երկուսից ոչ մեկը, ապա մինչեւ ավտոբուսում հայտնվելը, վճարային համակարգից պետք է 100 դրամանոց QR կոդ գնել, որպեսզի կկարողանա ավտոբուսում վճարում կատարել։ Իսկ «Թել սելի» վճարային տերմինալներ քաղաքում ամեն քայլափոխի են»։