Հնչում էր՝ «Հայոց կույս աղջիկներ ասկյարներ բռնին տարան», ու բոլորը ծափ էին տալիս

Հնչում էր՝ «Հայոց կույս աղջիկներ ասկյարներ բռնին տարան», ու բոլորը ծափ էին տալիս

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ծրագրված «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը թոփ-թեմա է դարձել սոցցանցերում: Ինչպես հայտնի է, այն «մասշտաբային» գումարներով կազմակերպելու է կառավարության մշտական գործընկեր «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որին անդրադարձել էինք սեպտեմբերի 9-ի մեր հրապարակման մեջ: 

«Դոմինոյի» տնօրեն Աշոտ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սիմֆոնիկ նվագախմբով համերգային ծրագիր է պատրաստվել «Հայաստանի անկախության եւ արժեքավոր երգերի կատարմամբ»։ Թե որ նվագախումբն է լինելու բեմում, ինչ արժեքավոր երգեր է կատարելու, դեռ կտեսնենք, սակայն հիշեցնենք, որ երևանյան հանդիսատեսը մի անգամ արդեն տեսել է «Դոմինոյի» կազմակերպած սիմֆոնիկի արժեքավոր երգերի կատարումները: Ընկերությունն այս, որի հիմնադիրներից է մասոնական առնչություններ ունեցող Սևակ Սերոբյանը, մոտ 10 տարի առաջ երկու համերգային ծրագրեր է իրականացրել «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի հետ: Սևակ Սերոբյանը նաև այս երգչախմբի ղեկավարն է: 2011 թվականի մայիսի 28-ին «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում: 

Այդ համերգը հեռարձակվեց հանրային հեռուստատեսությամբ և մշակութային սկանդալ առաջացրեց: Սկանդալային և հակահայկական դրվագները առաջինը նկատել էին դաշնակցականները: «Հայոց կույս աղջիկներ ասկյարներ բռնին տարան», կատարում էր մեներգիչը, և դահլիճը հրճվալից ծափ էր տալիս։ «Ըստ էության գործիքավորման արդյունքում հարսանիքի շաբաշով պար է դարձել ազգային հեղափոխական երգը», - «Գոհար» խմբի հայրենասիրական երգերի կատարման ոճը այսպես էր մեկնաբանել իր էջում ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նա գրել էր, որ «անսամբլը» զավեշտական կամ հակամշակութային բաներ է անում։

««Տալվորիկի քաջ պատանին» սիմֆոնիկ նվագախմբի համար այնպես է փոխադրվել, կարծես կրկեսում ատրակցիոնի sound track լինի կամ գուսարական վաշտի քայլերգ։ Հավանաբար այսպես է լինում, երբ մշակույթից պլակատ են սարքում։ Գրեթե fast food-ի պես», - նշել էր պատգամավորը: 

Չի բացառվում, որ այս նույն երգչախումբը լինի բեմում սեպտեմբերի 21-ին: Համենայն դեպս, մինչ օրս ծրագիրը չի հայտարարվել: Միայն մի տեղեկություն ունենք, որ տոնական համերգին մասնակցելու է Արտո Թունջբոյաջյանը։ Բայց եթե այսպիսի «արժեքավոր» կատարումներ են լինելու, ապա պետք է սպասել նոր սկանդալների: