«Է»-ախոսը

«Է»-ախոսը

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ 

Վերանանք այս գրառման քաղաքական բովանդակությունից, սպառնալից ակնարկներից ու ենթատեքստերից  և բանասիրաբար արձանագրենք մեկ այլ բան․ մամուլի քարտուղարն այնքան էլ գրագետ չէ։ Նա քերականական սխալ է թույլ տալիս՝  վ ե ր ա բ ե ր վ ու մ, երբ պիտի  լինի վ ե ր ա բ ե ր ու մ (այս կանոնն անգիր գիտեն հանրակրթական դպրոցների բոլոր շրջանավարտները՝ առնվազն)։   Մամուլի քարտուղարը չգիտի, թե ինչպես է գրվում ձ ե ռ ք բ ե ր վ ա ծ բառը․ նա այդ բառը շփոթել է «ձեռքբերում» (նվաճում․․․) բառի հետ, մինչդեռ իր տեքստում դա ընդամենը նշանակում է՝ ձեռք  բերված (առանձին գրություն)։ Մամուլի քարտուղարը ուժեղ չէ նաև կետադրությունից․ առաջին նախադասության սկզբում «կարծում եմ» ստորոգյալից հետո հաստատ կպատշաճեր բութը, չէր խանգարի ստորակետն էլ։ Ինչ վերաբերում է իրավական գրագիտությանը, այստեղ ևս պիտի ցավել տիկին խոսնակի համար․ չկա՛ «ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձում», կա «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում»․ դրանք իրավական տեսակետից ամենևին նույնական չեն։
Ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վերոնշյալ ելույթի ամբողջ ընթացքում խոսել է «է» օժանդակ բայով․ արժեր նրան այս առումով ընդօրինակել։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ