Մեզը վեզիրինն է, իսկ ձեռագի՞րը

Մեզը վեզիրինն է, իսկ ձեռագի՞րը

Հայկ Հարությունյանի ողբերգական մահը, կարծում եմ, Փաշինյանին կստիպի թայմ-աութ վերցնել: Բանն այն է, որ տեղի է ունեցել մի բան, որ հայաստանցիներին ինքնաբերաբար տեղափոխել է հեռավոր 90-ականները՝ առեղծվածային սպանությունների եւ ինքնասպանությունների ամենաեռուն տարիները, երբ Վանոն, ինչպես ասում են՝ իմ ընկերն էր, Լեւոնն իմ ընկերն էր, բայց դրանից Հայաստանում իրավիճակն առանձնապես չէր տարբերվում Սիցիլիայի կամ Կոլումբիայի իրավիճակներից:

98-ի հայտնի իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ 99-ի հոկտեմբերի 27-ը, որը, թվում էր, վերջին գրոհն էր, որից հետո «հայկական քաղաքական մաֆիան» վայր կդնի զենքերն ու կհամակերպվի իր պարտության հետ, բայց, ավաղ, 10 տարի հետո պետք է տեղի ունենար Մարտի 1, իսկ եւս 10 տարի անց՝ թավշյա խեղկատակություն, եւ մենք պետք է վերջապես հասկանայինք, որ մաֆիան, ինչպիսին էլ այն լինի, անմահ է:
Մի հի՛ն պատմություն պատմեմ: Համարյա հեքիաթի է նման, բայց պատմողները պնդում են, որ հիմնված է իրական դեպքերի վրա: Ուրեմն մի անգամ՝ թագավորն այգում զբոսնելիս, տեսնում է թարմ ձյան վրա մեզով գրված է. «Արքան էշ է»: Թագավորն անմիջապես իր մոտ է կանչում ներքին գործերի նախարարին եւ հրամայում գտնել մեղավորին: Մեկ ժամ չանցած՝ սա գալիս է պալատ եւ զեկուցում.

- Թագավորն ապրած կենա, պարզեցի, հանցագործը միայնակ չի գործել...

- Ե՞վ...

- Տեր իմ, մեզը մեծ վեզիրինն է, ձեռագիրը՝ թագուհունը:

Թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, ազնվորեն ասեմ՝ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ լավ բաներ չեն եղել: Նույնը մեզ սպասվում է Հայկ Հարությունյանի սպանության կամ ինքնասպանության հանգամանքները պարզելուց եւ անհրաժեշտ ձեւականություններն ավարտելուց հետո: Այսուհանդերձ, ինձ թվում է, որ հանրությունն առնվազն մեկ հարցում չի սխալվում՝ այստեղ մեզը մեծ վեզիրինն է՝ այն մարդունը, որ ամենից շատ է շահագրգռված Մարտի 1-ի իսկական հանցագործներին չբացահայտելու հարցում: Չմոռանանք, որ Հայկ Հարությունյանը կարեւորագույն վկաներից մեկն էր այդ գործով, իսկ մինչ այս նրա տված վկայությունը, մեղմ ասած, վեզիրի երեսն առանձնապես չի լվանում:

Բայց գանք արքային: Հայկ Հարությունյանի ողբերգական մահը սարսափելի հարված էր արքայի հեղինակությանը: Չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտել է, բայց, առը հա, հնչում է մի կրակոց, եւ գործով անցնող հիմնական վկան այլեւս չի կարող խոսել, Մարտի 1-ին ոստիկանության գործողությունների գլխավոր հրամանատարն այլեւս ոչնչով չի կարող օգնել արքային՝ գտնելու Մարտի 1-ի բուն մեղավորին` какая боль!!!

Առաջինը լրատվամիջոցները նետվեցին մարտի՝ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների վրա լույսի շող սփռելու համար: Արքունական իրավապահ համակարգը ՀՔԾ-ի մակարդակով հարձակվեց ԶԼՄ-ների վրա եւ սկսեց դասեր տալ, թե իրենք քրտնմխած աշխատում են, իսկ լրագրողներն իրենց տեղեկություններով խանգարում են քննությանը: Է՛լ խմբագիրների հարցաքննություն, է՛լ բան: Կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ համար է այդ զգուշավորությունը, եթե համոզված եք, որ Հայկ Հարությունյանի մահվան մեջ մեղավոր է հին ռեժիմը կամ այն մարդը, ով այսօր նստած է մեղադրյալի աթոռին: Մեր պատասխանը մեկն է՝ հանրությունն այս պահին այլ կերպ է մտածում եւ գրեթե վստահ է, որ մեզը արքայի մեծ վեզիրինն է: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ, իր գործն առաջ գցելու նպատակով, այլ կերպ է բացահայտում գործը՝ մեջտեղ բերելով մի տեսություն, թե ոստիկաններին հերթով վերացնում է Սերժ Սարգսյանը, որպեսզի մեղադրանքի ողջ ծանրությունն ընկնի բանակի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա: Չեք մոռացել, չէ՞, թե Հմայակ Հովհաննիսյանն ինչքան է սիրում Սերժ Սարգսյանին՝ վերջինիս իշխանության տարիներին իր կրած անլուր չարչարանքների պատճառով: Բայց սա չէ գլխավորը: Հովհաննիսյանի բուն նպատակը հարվածը մեծ վեզիրից հեռացնելն ու վերջինիս բարեխոսությամբ արքայի աչքը մտնելն է: Նկատո՞ւմ է արդյոք արքան պալատական այդ նուրբ խարդավանքը: Չգիտենք:

Վեզիրին սպասարկող լրատվամիջոցները ձեռքի հետ էլ «ուտկաներ» են գցում շրջանառության մեջ, թե ինքնասպանության հասցնելը ոչ թե ծանր, այլ միջին ծանրության հանցագործություն է: Ո՞ւմ են ուզում ապահովագրել նստելուց: Սա հաստատ այդ դեպքը չէ, որ ասես՝ հանցանքը միջին ծանրության է, եւ «դաչաների պահակին» ձերբակալես: Մնում է, որ արքան չուտի այդ կուտը, այլապես նա չի կարողանալու պարզել, թե ում ձեռքով են վեզիրի մեզով նման գրություն թողել ձյան վրա: