Երրորդ նախագահը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

Երրորդ նախագահը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար:

«Մինչև հիմնադրամը և ՀՀ կառավարությունը չապահովեն պատշաճ հաշվետվողականություն և մեր ժողովրդին չներկայացնեն հավաքագրված միլիարդավոր դրամների ծախսման ուղղությունների, արդյունավետության, հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության վերաբերյալ փաստարկված, արժանահավատ տվյալներ և չվերականգնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը մանրազնին քննության արդյունքում, հիմնադրամի գործունեությունը, ցավոք, շարունակելու է իրականացվել սասանված հեղինակության և անվստահության պայմաններում, ինչը մեծագույն հարված է համահայկական նպատակների իրագործմանն աջակցող այս կարևոր կառույցին», - այդ ժամանակ նշել էր ՀՀ երրորդ նախագահը՝ Հիմնադրամի նիստին մասնակցելու առաջարկին ի պատասխան: