Ինչու՞ ոստիկանությունը սրանց չտարավ․․․

Բա թե Վլադիմիր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց։ Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել, վնասվածք է ստացել։ Ո՜նց չեն ՔՊ-ականներն ամաչում իրենցից։ Հանրությունն արդեն գարշանք է ապրում նրանց կազմակերպած սադրանքներից, որը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Հայաստանի գլխին «մի օյին են բերում․։ Հոգնել ենք Հայաստանը մաս- մաս հանձնելու թատերական ներկայացումներից, ուշադրություն շեղելու պրիմիտիվ մեթոդներից, ոստիկանության միջոցով հարցեր լուծելու դավերից։ Բավ է, կանգ առեք ու բացատրություն տվեք ժողովրդին, թե ինչու եք թշնամուն քայլ առ քայլ առաջ բերում։ Ինչու՞ եք թշնամու հետ լուռ համաձայնությամբ ՝ առանց դիմադրության, հանձնում ՀՀ սուվերեն տարածքները։
Հոգնել ենք ձեր շոուներից, էժանագին շրջիկ թատրոններից։Այդ ի՜նչ փութաջանությամբ եք ոստիկանություն բերում, «վնասվածք պատճառողի» վրա գործ սարքում։ Ընդդիմադիր է, դրա համա՞ր։ Իսկ ինչու՞ 2021 թվականին 70 հոգանոց ՔՊ գալարակծիկի վրա գործ չհարուցեցիք, երբ հարձակվել էին ընդդիմադիրի վրա։ Թե՞ դա ձեր շոուի մեջ չէր մտնում։ Հիշեցնե՞մ։ Գոնե մեկին, որն առավել ակտիվ էր, նրա վրա քրեական գործ կարեիք։ Իշխանական պատգամավորներից իր խուլիգանական վարքագծով հատկապես աչքի ընկնող Վահագն Ալեքսանյանին ձերբակալեիք։
Տեսանյութերը կան, որտեղ երևում է, թե ինչպես է Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա՝ ոտքով հարվածում։ Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաև իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը։ Ինչու՞ գործ չհարուցվեց։ Նիկոլը հին գործերը անժամկետ քրքրելու, փորփրելու մեծ մասնագետ է, կարող է նաև այսօր բացել այդ գործը, որ հանրությանը կարողանա հավաստիացնել՝ որ դա հերթական քաղաքական շոուն չէ։ Ընդամենը պետք է բացատրի, թե ինչու՞ նրանց ոստիկանությունը չտարավ․․․
Կարծիքներ