ՊԵԿ նախագահին կարելի էր հանրահավաքի մասնակցել, ՊԵԿ աշխատակիցներին չի՞ կարելի

ՊԵԿ նախագահին կարելի էր հանրահավաքի մասնակցել, ՊԵԿ աշխատակիցներին չի՞ կարելի

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հարցազրույց էր տվել և, անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների՝ փողոց դուրս գալու և «Դիմադրության շարժմանը» միանալու հարցին, ասել էր, թե, բնականաբար, թույլ չեն տալու։

«Բնականաբար, թույլ չենք տա և անպայման միջոցներ կձեռնարկենք, որովհետև քաղաքական զսպվածություն պետք է պահպանեն հարկային և մաքսային ծառայողները»,-ասել էր Բադասյանը։

Բադասյանը, իրականում, մի փոքր այլ պատկերացում ունի քաղաքական զսպվածության մասին, և իր այս հայտարարությունը խոսում է բռնապետության, ոչ թե ժողովրդավարության, և ՀՀ քաղաքացիների, որոնք կարող են լինել նաև ՊԵԿ աշխատակից, ազատ կամարտահայտմանն ու քաղաքական հայացքներին բռնանալու մասին։

Իհարկե, ճիշտ է, որ ՊԵԿ ծառայողները պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն։ Դա նշանակում է, որ ՊԵԿ ծառայողները չպետք է սոցիալական ցանցերում կամ այլ հանրային հարթակներում հանդես գան քաղաքական կոչերով՝ լինի դա պրոիշխանական, թե ընդդիմադիր։ Բայց դա չի նշանակում, որ ՊԵԿ աշխատակիցը չի կարող, օրինակ, իր աշխատանքային ժամի ավարտից հետո դուրս գալ փողոց և ներկա գտնվել, ասենք, ընդդիմության հանրահավաքին։ Իհարկե, սա ևս պասիվ քաղաքական դիրքորոշում արտահայտելու մի ձև է, բայց ՊԵԿ նախագահը նախ պետք է կարողանա ապացուցել՝ արդյոք իր աշխատակիցը, մասնակցելով որևէ հանրահավաքի, հանդես եկե՞լ է քաղաքական կոչով, քաղաքական հայտարարություններով, թե՞ ուղղակի իրեն հետաքրքրել է՝ ինչ են խոսում, դրա համար կանգնել է հրապարակում, որ լսի։ Այս և նմանատիպ բազմաթիվ հարցեր կան, որոնք միանշանակ չեն դարձնում ՊԵԿ աշխատակիցների՝ լիակատար ապաքաղաքական լինելու հարցը։ 

Բայց պարոն Բադասյանը մոռացել է մի կարևոր նախադեպ, թե ինչպես էր մեկ տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, այդ ժամանակվա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որն այսօր Արմավիրի մարզպետն է, մասնակցում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։ Հովհաննիսյանի հետ այդ հանրահավաքին մասնակից էին նաև ՊԵԿ այլ աշխատակիցներ, այդ թվում՝ իր անվտանգության աշխատակիցները։ Հովհաննիսյանը սա չէր հերքել՝ նշելով, որ իր կամքով է մասնակցել, իրեն ոչ ոք չի հանձնարարել։ ՈՒ Հովհաննիսյանին ոչ ոք դրա համար չազատեց պաշտոնից, քանի որ նա մասնակցում էր իշխանության հրավիրած հանրահավաքին՝ ընդդեմ ընդդիմադիր ուժերի, ոչ թե ընդիմության հրավիրած հանրահավաքին։ Եթե հակառակը լիներ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը հաջորդ իսկ վայրկյանին նրան կհեռացներ պաշտոնից՝ պախարակելով ՊԵԿ նախագահին քաղաքական զսպվածության կանոնը խախտելու համար, և նոր պաշտոնի էլ չէր նշանակի։ Բայց քանի որ ՊԵԿ նախագահը վարչապետի հրավիրած հանրահավաքին մասնակցում, նրա նկատմամբ որևէ սանկցիա չկիրառվեց։

Ստացվում  է՝ ՊԵԿ նախագահին կարելի է սեփական կամքով մասնակցել հանրահավաքի, թեկուզ դա լինի իշխանության հրավիրածը, իսկ ՊԵԿ շարքային աշատակիցներին, որոնք մտահոգ են մեր երկրի ճակատագրով ու տեսնում են պետական կառավարման մեջ բազմաթիվ ճակատագրական սխալներ, իրենց արգելված է ընդդիմության հանրահավաքներին մասնակցել ու թեկուզ լուռ իրենց դժգոհությունն արտահայտել իշխող վարչակազմի նկատմամբ։ Սրանով Ռուստամ Բադասյանը, մեղմ ասած, երկակի ստանադարտ է կիրառում։