Ինչպիսի՞ն է ուժերի դասավորվածությունը ԲԴԽ-ում

Ինչպիսի՞ն է ուժերի դասավորվածությունը ԲԴԽ-ում

Հունվարի 22-ին Ազգային ժողովը Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ լրացնելով այս կառույցի թափուր տեղերը։ Տեւական ժամանակ ոչ լիարժեք գործող ԲԴԽ կազմն ամբողջացավ՝ 5 դատավոր, 5 գիտնական անդամ։ Ջհանգիրյանն ու Խաչատուրյանն առաջադրվել էին «Իմ քայլը» խմբակցության կողմից, ասել է թե՝ իշխանության սրտի թեկնածուներն էին։ Նրանց ԲԴԽ գործուղելով՝ իշխանությունները, ըստ էության, հասան իրենց առջեւ դրված նպատակին՝ հնարավորինս իրենց ենթարկեցնելով գործադիրի կամայականություններին ընդդիմացող Բարձրագույն դատական խորհուրդը, որի միջոցով էլ հույս ունեն, որ կկարողանան կառավարել դատական համակարգը։

Իհարկե, Ջհանգիրյանի եւ Խաչատուրյանի այնտեղ գտնվելն էլ ավելի կմոտեցնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այդ բաղձալի նպատակին, սակայն այնքան էլ միանշանակ չէ, որ խնդիրը լուծված է։ Հին «լեւոնական», հետո Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանին ծառայելու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր, Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին ղեկավար Դավիթ Խաչատուրյանն իրենց մեկական ձայնով կկարողանա՞ն ազդել ԲԴԽ-ում կայացվող որոշումների վրա։ Դա հասկանալու համար պետք է վերլուծել ԲԴԽ կազմը։ 10 անդամ ունեցող ԲԴԽ-ում ցանկացած որոշում կայացվում է ձայների պարզ մեծամասնությամբ՝ առնվազն 6 կողմ ձայնով։ Ասել է թե՝ միայն Ջհանգիրյանի ու Խաչատուրյանի ձայները եղանակ չեն կարող փոխել։ Բայց արդյո՞ք միայն այս երկուսն են, որ կարող են կարեւոր հարցերում պրոիշխանական դիրքորոշում ցուցաբերել եւ կատարել Փաշինյանի ու նրա թիմի հրահանգները կամ ցանկությունը։

Վերլուծելով ԲԴԽ 10 անդամից բաղկացած կազմը, կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը ԲԴԽ-ում ունի 4-5 պրոիշխանական անդամ, որոնք պատեհ պահի կփորձեն սահմանափակել դատական համակարգի անկախությունը եւ ճնշումներ գործադրելու մեխանիզմներ կիրառել՝ ենթարկվելով գործադիր իշխանությանը։ Այսպիսով, անկախների կազմը մոտավորապես այսպիսին է․ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, անդամներ Սերգեյ Չիչոյան, Մեսրոպ Մակյան, Անի Մխիթարյան, Ստեփան Միքայելյան։ Այս անձինք նախկինում աչքի չեն ընկել իշխանական հրահանգները կատարելու եւ պրոիշխանական դիրքորոշում ցուցաբերելու հարցում։ Նրանք թերեւս ամեն ինչ կանեն դատական համակարգի շահերը պաշտպանելու, դատավորների նկատմամբ ճնշումներ չգործադրելու եւ, ասենք, արդարադատության նախարարության հարուցած կեղծ վարույթները կմերժեն՝ թույլ չտալով, որ իշխանությունը պատժի իր կամքը չկատարած դատավորներին։ Ասենք, Քոչարյանի եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչների կալանքը մերժած դատավորները ԲԴԽ այս անդամների կողմից կարող են հավակնել աջակցության։  

ԲԴԽ մյուս հինգ անդամներից երկուսը «Իմ քայլի» ընտրած Ջհանգիրյանն ու Խաչատուրյանն են՝ իրենց ակնհայտ իշխանական կապերով։ Մյուս երեքից Գրիգոր Բեքմեզյանը եւս առաջադրվել եւ ընտրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից եւ հայտնի է նաեւ իր հին քաղաքական հայացքներով ու կապերով, հատկապես «լեւոնական» շրջանակների ու ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերում նա հիմնականում «սուբյեկտիվ չեզոքություն» է պահպանել, այսինքն՝ կա՛մ նախընտրել է չարտահայտվել որեւէ բանի դեմ ու լռել, կա՛մ չեզոք գնահատականներով իր վրայից ցրել։ Օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման մասով, երբ շատերը, այդ թվում՝ ԲԴԽ նախագահը, խնդիր տեսան՝ կապված տարիքային ցենզի հետ, որ 65-ը լրացած Ջհանգիրյանին օրենքն արգելում է դառնալ ԲԴԽ անդամ, Բեքմեզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիր չի տեսնում այդ հարցում․ «Ազգային ժողովն ընտրել է, եկել են, մենք պետք է այդ մարդկանց հետ աշխատենք։ Ես ասել եմ, որ որպես գիտնական-իրավաբան՝ ես տարիքային խնդիր չեմ տեսնում»։

Բայց եթե Բեքմեզյանը, Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը գոնե իրենց իշխանական կապերով կարող են հստակ դասվել պրոիշխանական անդամների շարքին, ապա դեռեւս չբացահայտված կերպար է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ով նախկին իշխանությունների օրոք երկար տարիներ արդարադատության փոխնախարարն էր, հետո հանկարծ դարձավ գործող իշխանությունների սրտի թեկնածուն՝ ԲԴԽ անդամ ընտրվելով իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Քոչարյանին բնութագրելիս նրան ճանաչողներն ասում են, որ նա շատ արագ հարմարվող է՝ պատրաստ կատարելու իշխանության ցանկացած հրահանգ, թեեւ նշում են՝ «մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում»։ Իշխանությունը, հանձին Քոչարյանի, համարում է, որ իր «մարդն» ունի ԲԴԽ-ում։

Ամենահետաքրքիրն իջեւանյան ծագումով Լիպարիտ Մելիքջանյանի կերպարն է։ Նրա մասին ասում են՝ մի քիչ չոր կող ունի, Նիկոլ Փաշինյանի ընկերն է, դպրոցում միասին են սովորել, բայց սկզբունքային մարդ է եւ կարեւոր պահերին կարող է իրեն իսկապես անկախ պահել ու կայացնել ոչ թե վարչապետի քիմքին հաճո, այլ իսկական իրավաբանին հարիր պրոֆեսիոնալ որոշումներ։ Եթե Մելիքջանյանը հստակ պրոիշխանական պահվածք չդրսեւորի, Փաշինյանին չի հաջողվի անգամ 5 ձայն ունենալ ԲԴԽ-ում։

Անշուշտ, սրանք միայն տեսական դատողություններ են, եւ վերը թվարկված հնգյակներից յուրաքանչյուրը տարբեր իրավիճակում կարող է շատ տարբեր կերպ պահել իրեն։ Եվ ԲԴԽ պրոիշխանական ճամբարից կարող են անցումներ արձանագրվել դեպի իշխանական եւ հակառակը։

Մի բան ակնհայտ է, որ ՍԴ-ն «մարսելուց» հետո իշխանությունների կոկորդին մնացած վերջին կառույցը ԲԴԽ-ն է, եւ Նիկոլ Փաշինյանը հիմա իր առաջ մի խնդիր է դրել՝ իրեն ենթարկեցնել դատական համակարգն ու ԲԴԽ-ն։