Ինչպես է արձագանքել Խաչատրյանը դատարանի որոշմանը․ նա նիստին ներկա է եղել

Ինչպես է արձագանքել Խաչատրյանը դատարանի որոշմանը․ նա նիստին ներկա է եղել

«Եթե փաստաթղթեր առկա չեն որեւէ հանցագործության վերաբերյալ, ապա էդ մասով դատարանը որեւէ այլ բան չունի անելու, քան կալանավորումը մերժել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Երեմ Սարգսյանն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Գ․Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, բողոք էր բերել Վերաքննիչ դատարան․ վերջինս էլ այսօր մերժեց պաշտպանի բողոքը։

Ե․Սարգսյանի խոսքով՝ թեեւ չունի Վերաքննիչի որոշումը, սակայն խորությամբ ծանոթ է գործի նյութերին եւ դաշտին եւ կարող է ասել, որ դատարանը գրելու է այնպիսի մի բան, որը կապ չի ունենալու իրավաբանության հետ։ 

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ  իր պաշտպանյալը չի թույլատրում առողջականի վերաբերյալ մանրամասն խոսել․ «Իհարկե, ես գտնում եմ, որ նման անօրինական որոշումից հետո, պետք է այդ հարցին առավել խորն անդրադարձ կատարվի, հորդորով նաեւ իրեն կդիմեմ։ Թույլ չի տվել հրապարակային դաշտում դրան անդրադառնալ»։

Նա նաեւ նշեց, որ Գագիկ Խաչատրյանի տեսակցությունների վրա արգելանք դրված է, ինչպես նաեւ կալանքի տակ է նրա գույքը եւ դրամական հաշիվները։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա է եղել, հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել որոշմանը, նշեց՝ սպասելի է եղել ամեն ինչը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար: