Արթուր Մեսչյան. Մենթալիտետով թալիբների երգիչը

Արթուր Մեսչյան. Մենթալիտետով թալիբների երգիչը

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հունիսի 13-ին «հարձակվել» է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հակառակորդների վրա: Նրա խոսքը բավականին ագրեսիվ է եղել: Նա զարմացել է՝ եթե չկառուցենք երկնաքերները, «6 լոտերի սեփականատերերը մեզ դատի են տալու, ո՞վ է դրա համար պատասխան տալու»: Որ ասեմ՝ հայրս, կբավարարվե՞ք: Բա ձեզ դրա համար են բերել, որ նախկինում բաժանված լոտերի դեմն առնեք: 

Էդ նույն տրամաբանությամբ, հանգիստ թողեք ՍԴ անդամներին, էդ նույն տրամաբանությամբ, հետ բերեք կեղծիքներով նախագահ դարձած Սերժ Սարգսյանին, էդ նույն տրամաբանությամբ, բոլոր կաշառակերներին ազատեք բանտերից, էդ նույն տրամաբանությամբ, Հյուսիսային պողոտայի բոլոր զոհերի օգտին պետությունից գանձված գումարները հետ հավաքեք, Մայրապետյանն ու մյուսներն էնտեղ էնքան գումար են դրել: 

Ասում է՝ քաղաքաշինությունն ու բիզնեսը նույն բանն են: Ոչ: Սկզբից ճշտում ես վերաբերմունքդ մշակույթի հանդեպ, հետո անցնում ես բիզնեսին: Բիզնեսով լիներ, Դուք Լիլիթ Հովհաննիսյանի երգերը կգրեիք, ոչ թե՝ Ձեր: Դա ի՞նչ խոսելու ոճ է, էդպես կխոսեիք, երբ Ձեր ասածը կլիներ աստվածային ճշմարտություն, իսկ Ձեր հակառակորդների համար նույնիսկ դեբիլությունը կլիներ շքեղություն: Պարոն Մեսչյանն ասում է՝ 10 հազար շինարար Ֆիրդուսում 250 միլիոն դոլարանոց ծրագիր է իրականացնելու: Ղալաթ է անելու (շինարարը չէ, ներդրողը): Մեռանք ասելով՝ էս Երեւանը ձեր սոցիալական մեծախոսությունների պատճառով դարձել է աշխարհի ամենազզվելի քաղաքներից մեկը: Պարտադիր պիտի Ֆիրդուսի հե՞րն էլ անիծեք: Ձեզ իշխանության են բերել միայն էն անբարոյականությունների դեմ կռվելու համար, որոնց մեջ փող չկա՞: Խոսքը Կենտրոնը բարձրահարկերով չխեղդելու մասին է: Գնացեք Արտաշատում կառուցեք էդ երկնաքերները: Ասում է՝ 6 ԼՕՏ-ի սեփականատերերը մեզ դատի կտան, եթե չկառուցենք: Թող դատի տան: Ո՞վ է էդ մասին խոսում: Ձեզ իշխանության են բերել ինչի՞ համար: Փիլիսոփայությունդ ո՞րն է՝ 10 հազար շինարարի 250 հազար դոլարանոց ծրագիր իրականացնե՞լը: 

Սաբոտաժը Ձեր խոսքն է, պարոն Մեսչյան, Երեւանի հասցեին: Դուք մայրաքաղաքի մասին չեք խոսում, Դուք խոսում եք 250 հազար դոլարի մասին: Ավելի ցինիկ լինեմ՝ Սատանան գիտի, թե Դուք ինչից եք խոսում: 

Եթե Դուք ճիշտ եք, ինչո՞ւ է փոխվարչապետ Ավինյանը շինարարության հակառակորդներին հանգստացնում, որ «հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության եւ Տիգրան Մեծի փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժեւորել շենքերի ետնամասի ֆասադները եւ տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով եւ հուշարձան-շենքերի միջեւ 200 մ հետիոտնային ճանապարհով»: Դե թող Ձեր իրավացիությունը պնդեր: Եթե Դուք իրավացի եք, Ձերը պնդեք: Որ ասում եք՝ շինարարությունը բիզնես է, բա ճարտարապետների մասնագիտական արժանապատվությունն ինչի՞ համար է: Էլի ճիշտ եղեք: Բայց էս քաղաքին մի քիչ երկինք թողեք, որ մարդն «ո՞ւր էիր, Աստված» ասելիս նայելու տեղ ունենա: Ձեզ ասում են՝ Երեւանին կենսատարածք է պետք, Դուք ասում եք՝ շինարարությունը բիզնես է: 

Դուք գնալու եք, էդ կենսատարածքի բացակայությունը մնալու է: Ո՞ւմ գլխին ջարդենք մայրաքաղաքից բազմահարկերի մրջնանոց ստանալը: Գտել եք ամենահեշտ ճանապարհը փող աշխատելու, 10 հազար շինարար եք վկայակոչում, դատարաններ եք վկայակոչում: Իսկ Երեւանի անունից խոսողն ո՞ւր է, գնանք Պնոմպենի՞ց բերենք: 

Ձեր ցինիզմը մեզ ծանոթ է նախկիններից: Նախկինների համար էլ Երեւանը բիզնես տարածք էր: Նախկիններն էլ թքած ունեին, թե իրենցից հետո ինչով է այս քաղաքը մնալու մայրաքաղաք: Լուծում գտնեիք: Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծ գոյություն չունի, առանց էդ հատակագծի, ամեն նոր շենքի անունն ի՞նչ եք դնում: Ոչ մեկը չի ասում, որ Ֆիրդուսի թաղամասը չպետք է ունենա ժամանակակից տեսք, ոչ մեկը չի ասում՝ հենց էդ թաղամասում ներդրումներ մի արեք, այն ամենակենտրոնում է, արդեն իսկ այնտեղ ներդրում անելն ինքնին գայթակղիչ է, պարտադիր պիտի երկնաքերնե՞ր տնկվեն: 200 հազար քառակուսի մետրի վրա ներդրում անելն ինքնին խաղուպար չէ, ներդրողներ կգտնվեն: 

Այնպիսի տպավորություն է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետներն իրենց կյանքի ընթացքում երբեւէ որեւէ մայրաքաղաքում չեն եղել: Միայն ասիական տրամաբանությունը կարող է Կենտրոնի հանդեպ լինել նույնքան բարբարոս, որքան եղել են Երեւանի վերջին 20 տարիների բոլոր ղեկավարները՝ իրենց գլխավոր ճարտարապետներով: Նախկինների վարքը հասկանալի էր՝ տարածքը վաճառում էին, փողը գրպանում: Դո՞ւք ինչ եք անում: Դուք նախկինների ինդուլգենցիա՞ն եք: 

Ասում է՝ դուք ձեզ ձե՞ռ եք առնում: Դա ասում է Երեւանի ավագանու մի քանի իմքայլականների, որոնք պատասխան չունեն Ֆիրդուսի թաղամասի ապագա կերպարի մասին հարցերին: 

Ու այս ամբողջ ագրեսիայի մեջ Արթուր Մեսչյանին քավոր է կանգնում երգիչ Արթուր Իսպիրյանը: Նա թաղամասի ապագա կերպարի դեմ բողոքող հասարակական ակտիվիստների երեսին շպրտել է՝ գնացեք տեսեք՝ էնտեղ ի՛նչ կա պահպանելու։ Օր առաջ պետք է մաքրվի այդ տարածքը, դա մեր խայտառակությունն է, մեր ամոթը: Այո, որովհետեւ ձեզ նման մարդիկ են տնօրինել այդ թաղամասը, մենթալիտետով թալիբներ: Ու դուք այդ թալիբականությունը շարունակում եք բարեկարգելու անվան տակ: Չենք ասում՝ մի բարեկարգեք, ասում ենք՝ մի հատ քաղաքի կերպարը ճշտեք: Ոնց որ մարդ նստի, ասենք, Երեւանի հանդեպ սիրո մասին երգ գրելու ու բանաստեղծության փոխարեն կորոնավիրուսի դեմ դիմակներով պայքարելու բոլոր հակասական տեքստերը դնի: Չի լինի, չէ՞: Մի հատ սերդ ճշտիր, զգացողություններդ ճշտիր, Երեւանը ճշտիր, Երեւանի տեղն ու պատմությունը ճշտիր, նոր սկսիր գրել: Որ վերջում չերգես՝ տարօրինակ, տարօրինակ մարդ արարած: 

Մհեր Արշակյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ