Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներից մեկին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց
Մենք տեղեկություն ենք ստացել, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս մասին լռում են թե Երևանի քաղաքապետարանում, թե Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում, ինչն առաջացրել է աշխատակիցների զայրույթը, քանի որ վերջիններիս կողմից որևէ միջոց չի կիրառվում:
Մենք փորձեցինք կապ հաստատել Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն նա մեր հարցին ի պատասխան ասաց՝ գրավոր դիմեք։
Երբ պնդեցինք հարցը, նա տվեց նույն պատասխանը։
Ուշագրավ է, որ այս իրավիճակում վերջերս այդ պաշտոնին նշանակված անձը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել հանրության համար կարեւոր տեղեկության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այժմ գտնվում է արձակուրդում, թեպետ պաշտոնապես չեն հայտնել՝ ինչ նպատակով է նա արձակուրդում եւ որտեղ է գտնվում։
Կարծիքներ