ՔՊ-ական պատգամավորի՝ ոլորտից անտեղյակ «գովազդային» հարցը 

ՔՊ-ական պատգամավորի՝ ոլորտից անտեղյակ «գովազդային» հարցը 

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը, որը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է, այսինքն՝ իրազեկ այս ոլորտում տարվող քաղաքականությունից, որոշեց «շատ կարևոր» հարց ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ կապված թոշակառուների թոշակով անկանխիկ գործարքներ կատարելիս ստացված «քեշբեքի»՝ հետվճարի հետ։

Պատգամավորը հետաքրրքվեց, թե այս համակարգի ներդրումից կես տարի անց ինչպիսի՞ արձագանքներ ունենք, որի վերաբերյալ ի դեպ, նախարարը քանիցս հրապարակավ խոսել ու ներկայացրել է։  Բայց ՔՊ-ական պատգամավորը, հավանաբար ցանկանալով ևս մեկ անգամ արդեն իր «տված պասով» գովազդել իրենց իշխանությանը որոշեց ևս մեկ այդպիսի հնարավորություն տալ նախարարին։

Բայց խնդիրը պատգամավորի հարցի երկրորդ մասի մեջ էր։ Մարիամ Պողոսյանը բառացիորեն հետաքրքրվեց նախարարից․ «Արդյոք կա՞ն բանկեր, որոնք միացել են ծրագրին»։

ՔՊ-ական պատգամավորը, փաստորեն, կա՛մ տեղյակ չէ իր ոլորտից, չի կարդացել տվյալ նախագիծը, կա՛մ չի լսել նախարարի եյույթները, հարցազրույցները, կամ էլ ուղղակի չգիտի այն տարրական ճշմարտությունը, որ անկանխիկ վճարումներ իրականացնելու համար բանկերի մասնակցությունը պարտադիր է, և հետվճարի ինստիտուտի ներդրումը ևս բանկերի պարտադիր մասնակցությամբ է տեղի ունենում, քանզի կառավարության այս ծրագիրը հենց բանկերի հետ փոխգործակցության շրջանակներում է՝ հետվճարի 50 տոկոսը հենց բանկերն են վճարում։ Այսինքն, եթե բանկերը միացած չլինեն այդ ծրագրին, ծրագիրն ուղղակի չի գործի։ Այլ հարց է, որ ոչ բոլոր բանկերն են միացել, ինչի մասին էլ նախարար Նարեկ Մկրտչյանն իր պատասխանում հիշեցրեց, որ այս պահին չորս բանկ է միացել այս ծրագրին՝ դրանք ՎՏԲ, Արդշին, Հայբիզնես և Ակբա բանկերն են։