ՀՀ վարչապետը ՄԱԿ ամբիոնից կասի՞ Լենին-Ստալին-Աթաթուրք պակտի մասին

Չափազանց ցավոտ է անարդարությունը, երբ քեզ ցեղասպանած, քո երկիրը 100 տարի առաջ օկուպացրած երկրների ղեկավարներն աշխարհին համոզել են, թե հենց դու ես օկուպանտը: Ավելին, այն փոքրիկ տարածքը, որը քեզ է փոխանցվել այդ երկրներից մեկի փլուզման հետեւանքով, դա էլ են համարում շատ եւ անվանում են քո կողմից օկուպացված:
Այդ անարդարությունը հաջողվել է իրականացնել այն պատճառով, որ մեր իշխանությունները, չգիտես ինչու, լռում եւ թաքցնում են փաստերը: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն առիթով եւ առանց առիթի ամենուր տարածում են իրենց ստերը՝ առանց հակազդեցություն ստանալու:
Դա իրավունք տվեց Ադրբեջանի ղեկավարին օրերս հայտարարելու, թե կա փաստաթուղթ, ըստ որի՝ Զանգեզուրը պետք է պատկանի Ադրբեջանին: Ըստ ամենայնի, նա նկատի ուներ Լենին-Ստալին-Աթաթուրք գործարքը, որի օրինակով հետագայում կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ՝ աշխարհի կողմից հանցավոր ճանաչված պակտը:
Հուսով եմ, որ այսօր, գոնե մեկ դար անց, ՀՀ ղեկավարը քաջություն կունենա ՄԱԿ ամբիոնից աշխարհին ասելու ճշմարտությունն այն մասին, որ մենք ոչ միայն ցեղասպանված ժողովուրդ ենք, այլ նաեւ դրանից անմիջապես հետո մեր երկիրը դավադիր համաձայնությամբ ենթարկվել է օկուպացիայի:
Որ 1920-ին քեմալականներն ու բոլշեւիկները պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի առաջին հանրապետության վրա համատեղ հարձակվելու եւ նրա տարածքն անեքսիայի ենթարկելու մասին: Որ նրանց են միացել Աթաթուրքի կոչով կոմունիստների վերածված մուսավաթականները, եւ երեք պետությունների զինված ուժերն օկուպացրել են Հայաստանն ու բաժանել նրա տարածքն իրենց միջեւ: Ընդ որում, դավադիրներին իր զինված ուժերը տրամադրած Ադրբեջանին որպես բռնակցման փայաբաժին հանձնվել է ոչ թե միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, այլ ողջ Ղարաբաղը: Նաեւ՝ Նախիջեւանը:
Մեր լռության պատճառով աշխարհը մինչ օրս կարծում է, թե Ղարաբաղի խնդիրը ծագել է 1988-ին: Մինչդեռ ՄԱԿ-ը հենց այն կարեւորագույն ամբիոնն էր, որտեղից պետք է հայտարարվեր, որ այդ հակամարտությունը ծագել է 1918-ին, եւ գոյություն ունեն Ազգերի լիգայի քննարկումներ եւ որոշումներ այդ հարցի վերաբերյալ:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ կունենա ՀՀ վարչապետը, ով ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ռիսկ արեց արտաբերել «Մոլոտով-Ռիբենտրոպ» անունը: Ասելով «բ»-ն, պետք է ասվի նաեւ «ա»-ն՝ Մոլոտով-Ռիբենտրոպի նախատիպը հանդիսացած Լենին-Ստալին-Աթաթուրք գործարքի մասին, որը մինչ օրս չի դատապարտվել: Ինչի հետեւանքով էլ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը շարունակվում է մինչ այսօր:
Գրիգոր Էմին-Տերյան
Կարծիքներ