Սիրիային արյունահեղությունից հաշտության առաջնորդած խելահեղ շաբաթը

Մարտի 6-7-ից մինչեւ 10-11-ը Սիրիայում ծավալվող իրադարձությունները միջազգային լրահոսի կենտրոնում էին՝ սկզբում միջկրոնական եւ միջէթնիկ բախումների պատճառով, որ սկիզբ էին առել ալավիների եւ սուննիների միջեւ, վերջում համագործակցության համաձայնագրի կապակցությամբ, որ ստորագրվեց Սիրիայի կենտրոնական իշխանությունների եւ քրդական փաստացի ինքնավարության միջեւ։
Նախ՝ բախումների մասին։ Հաստատ է այն, որ բախումները տեղի են ունեցել Միջերկրական ծովափին գտնվող Լաթաքիա, Բանիաս, Տարտուս եւ Ջաբլեհ քաղաքներում՝ ինչ-որ չափով տարածվելով նաեւ շրջակա գյուղական բնակավայրերում։ Ինչպես են դրանք սկսվել եւ ինչ արդյունքով են ավարտվել՝ շատ ավելի դժվար է ասել։
Ալավիները, իշխանությունը, վերջում՝ սուննի ահաբեկիչները
Ըստ շրջանառված հիմնական վարկածի՝ Լաթաքիայի եւ Տարտուսի նահանգների բախումները սկսվել են նրանից, որ մարտի 6-ին, հինգշաբթի օրը Բաշար ալ-Ասադի իշխանության օրոք ռազմական եւ հետախուզական համակարգերում եղած նախկին զինվորականներից կազմավորված սպառազեն խմբավորումներ միաժամանակ եւ կազմակերպված հարձակվել են ներկայիս իշխանությանը ներկայացնող ուժերի եւ հաստատությունների վրա՝ ներառյալ անցակետերը, զորակայանները, ոստիկանական բաժանմունքները։
Սիրիայի ժամանակավոր իշխանության ղեկավար, նախագահի պաշտոնը զբաղեցնող Ահմադ ալ Շարաայի գնահատմամբ՝ Բաշար Ասադի եղբոր հրամանատարության ներքո գործած 4-րդ բրիգադի սպառազեն զինվորականներն են սկսել հարձակումը։ Այլ աղբյուրներ հարձակումները վերագրում են այլ զինվորական առաջնորդների՝ մասնավորապես Ասադի Հանրապետական գվարդիայի սպաներից մեկին՝ Միքդադ Ֆաթիհա (Miqdad Fatiha) անվամբ, որը դեռ փետրվարին է հայտարարել Coastal Shield Brigade («Առափնյա վահան» բրիգադ) անվամբ ռազմական կազմավորում ձեւավորելու մասին։ Այլոք այլ անուն են հոլովում՝ Բաշար Ասադի ժամանակների բրիգադիր գեներալ Ղիաֆ Սուլեյման Դալլա (Ghiath Suleiman Dalla), որը հայտարարել է Military Council for Libaration of Syria (Սիրիայի ազատագրման ռազմական խորհուրդ) անվամբ ռազմական կազմավորում ձեւավորելու մասին։
Սակայն թե որքանով են այդ հայտարարությունները դարձել գործողություն, որքանով են հայտարարված կամավորումները իսկապես ձեւավորվել, եւ որքանով են դրանք մասնակցել մարտի 6-ին Սիրիայի ներկայիս իշխանական ուժերի դեմ սանձազերծված գործողություններին, դժվար է ասել։ Արձանագրված է միայն այն, որ մարտի 6-ին Ասադին հավատարիմ ուժերի կողմից միաժամանակյա զինված հարձակումներ են եղել ներկայիս կառավարության ներկայացուցիչների եւ կառույցների վրա, ինչի արդյունքում սպանվել են տասնյակ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, համարվում է, որ հենց այսպես է սադրանքը ծայր առել։ Սակայն Լաթաքիայի նահանգի ալավի բնակիչներից միջազգային որոշ լրատվամիջոցների հայտնել էին, որ իրականում խլրտոցները սկսվել են ավելի վաղ, մարտի 4-ին՝ երեքշաբթի օրը, երբ տարածք ներթափանցած սուննի ծայրահեղականներ սկսել են վայրագություններ գործադրել ալավի քաղաքացիների հանդեպ։ «Չլինեին սպառազեն ուժերը ալավիների շրջանում, որ մեզ պաշտպանեցին, նրանք կսպանեին մեզ»,- հայտնել էին այդ մարդիկ։ Այնպես որ, ալավիական ուժերի՝ մարտի 6-ի հարձակումի՞ց են բախումները ծայր առել, թե՞ ավելի վաղ սուննի ծայրահեղականների հրահրած սադրանքներից, մեծ հարց է։
Այն, ինչ հետեւել է մարտի 6-ի առաջին ընդհարումներին, ավելի ստույգ է։ Բաշար Ասադի ալավի զինակիցների միաժամանակյա հարձակումների արդյունքում (որոնցում, ըստ Սիրիայի կառավարական շրջանակների, ընդգրկված է եղել շուրջ 4 հազար զինյալ) գործող իշխանության մի քանի տասնյակ ներկայացուցիչ ու զինվորական են սպանվել եւ վիրավորվել, որից հետո անակնկալի եկած իշխանությունները մոտակա վայրերից ուժեր են տեղափոխել Լաթաքիա եւ Տարտուս։ Այնուհետ նաեւ կոչ են արել, որ այլ վայրերից իրենց կողմնակիցները միանան պրոասադական ուժերի ընդվզումը ճնշելուն։
Այդ պահից էլ իրադարձությունների հանդեպ վերահսկողությունը գրեթե կորել է, որովհետեւ Լաթաքիայի ու Տարտուսի նահանգներում են հայտնվել ոչ միան կառավարական կամ օրվա իշխանությունների կողմից կառավարելի ուժեր, այլեւ Սիրիայում խլրտացող սուննի ծայրահեղականներ, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորված Syrian National Army-ի հետ կապված ահաբեկչական խմբեր։ Որոշակիորեն երկու այդպիսի ահաբեկչական խմբի անուն է հոլովվում՝ Abu Amsha եւ Hamzat։ Հենց այդ խմբերն են, ըստ քիչ թե շատ վստահելի հաղորդումների, եղել ալավի քաղաքացիական անձանց հանդեպ վայրագություններ գործադրողը, մինչեւ կառավարական ուժերը տեղ են հասել եւ նրանց կանխել։
Զոհերի իրական թվերը՝ 383 եւ 396
Զինված բախումների արդյունքում եղել են երկուստեք զոհեր՝ ե՛ւ զինյալների, ե՛ւ քաղաքացիական բնակչության շրջանում։ Բարեբախտաբար, հակառակ ամեն կարգի ուռճացված թվերի, որ շրջանառվել են որոշ միջազգային լրատվամիջոցներից մինչեւ հայաստանյան մեդիադաշտ, զոհերի իրական թիվը Սիրիայում մարտի 6-9-ը տեւած բախումների ընթացքում կազմել է 383 + 396 = 779 անձ։ Ասադին հավատարիմ ալավի զինյալները սպանել են 383 անձի, որոնցից 172-ը՝ Սիրիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ եւ սուննի զինյալներ, 211-ը՝ քաղաքացիական անձինք, գլխավորապես՝ սուննիներ։ Սիրիայի կառավարական ուժերը եւ սուննի զինյալները սպանել են 396 անձանց, հիմնականում՝ ալավի քաղաքացիական անձինք եւ զենքը վայր դրած ալավիներ։
Ինչո՞ւ են այս տվյալներն առավել հավաստի եւ իրական համարվում։ Այն պարզ պատճառով, որ դրանք հաղորդում է SNHR կազմակերպությունը։ Սա Լոնդոնում կենտրոնակայան ունեցող Syrian Network for Human Rights կազմակերպությունն է (snhr.org), որը Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր եղել է ամենից վստահելի աղբյուրը՝ Սիրիայում կատարվող բռնությունների, խոշտանգումների, սպանությունների, առեւանգումների, մարդկանց անհետացումների մասին փաստական տեղեկություններ հավաքելու, ամփոփելու եւ ՄԱԿ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին տրամադրելու առումով։
Անշուշտ, կան նաեւ նմանատիպ այլ կազմակերպություններ, օրինակ՝ դարձյալ Լոնդոնում կենտրոնակայան ունեցող Syrian Observatory for Human Rights-ը, բայց SNHR-ի տվյալները գնահատվում են առավել հավաստի եւ օգտագործվում են նաեւ միջազգային կառույցների կողմից։
Բնականաբար, ՄԱԿ կառույցներն էլ ճշտում են Սիրիայի բախումների զոհ դարձած անձանց տվյալները։ Մարտի 11-ի դրությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նույնականացվել եւ հաստատվել է 120 քաղաքացիական անձի զոհվելու փաստ, սակայն աշխատանքը շարունակվում է, եւ վերջնական թիվը հայտնի կդառնա ավելի ուշ։ Սիրիայի իշխանության կողմից մարտի 10-ին նույնպես ստեղծվել է մարմին, որը պետք է 30-օրյա ժամկետում հետաքննի տեղի ունեցած բռնությունները, պարզի կազմակերպիչներին, մասնակիցներին, զոհերին։
Թե որքանով ՄԱԿ-ի եւ Սիրիայի իշխանության հետաքննության ջանքերին կօգնեն սոցցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառված լուսանկարներն ու տեսանյութերը, դժվար է ասել, քանի որ դրանցում կան թե՛ վավերական նյութեր մարտի 6-9-ի բախումներից, թե՛ նյութեր, որ այլ ժամանակներում, այլ վայրերում են լուսանկարվել կամ տեսանկարվել, վերջապես՝ կան նաեւ մոնտաժված եւ կեղծ նյութեր։ Այդ նյութերի հետ փորձագետներ են աշխատում։
Վերջնահաշվում, սակայն, էականն այն է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունը կարողացավ բախումները դադարեցնել։ Վստահաբար, ոչ մի քաղաքակիրթ անձ, երկիր կամ ուժ չի ցանկանա, որ մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը եղած Ասորիք-Սիրիան, որտեղ անվերջանալի քրիստոնեական ժառանգություն ու սրբավայրեր կան, եւ որտեղ քրիստոնյաներն ու մահմեդականները՝ հատկապես արաբները, ալավիները, ասորիները, հայերը, ներկայիս նաեւ քրդերը խաղաղ համակեցությամբ ապրելու հազարամյակների փորձառություն ունեն, հանկարծ նորից հայտնվեն քաղաքացիական բախումների հորձանուտում։
Քայլեր դեպի ապագա
Իհարկե, կլինեն սադրանքներ, սակայն Սիրիայի ներկա ժամանակավոր իշխանության խնդիրն է, որ դրանք չվերածվեն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքների։ Իշխանությունը հայտարարում է, որ նման ընթացք թույլ չի տա։ Ինչն ավելի էական է, միջազգային հանրությունը եւ հատկապես Սիրիայում ռեալ ազդեցությունն իր ձեռքում կենտրոնացրած ԱՄՆ-ն դա թույլ չի տա։ Մարտի բախումների ժամանակ էլ քանի օր շարունակ Ասադի կողմնակիցների եւ գործող իշխանության միջեւ բախման վարկածն էր շրջանառվում, որն արտաքուստ սխալ չէր, մինչեւ ԱՄՆ Պետդեպը կատարվածը բնութագրեց ավելի խորը հարթությունում, որպես իսլամիստ ահաբեկիչների կողմից քաղաքացիական բնակչության հանդեպ գործադրված վայրագություններ, որտեղ ԱՄՆ-ն կանգնում է կրոնական եւ ազգային փոքրամասնությունների՝ քրիստոնյաների, դրուզների, ալավիների, քրդերի կողքին։ Պետդեպը Սիրիայի իշխանությունից պահանջեց, որ փոքրամասնությունների հանդեպ գործադրված սպանդի հրահրիչները պատասխանատվության ենթարկվեն։
Պետդեպի հայտարարությունից շատ չանցած, բնականաբար, բախումները դադարեցին, Սիրիայի իշխանությունը հայտարարեց իրադրությունը վերահսկողության ներքո վերցնելու, Տարտուսի եւ Լաթաքիայի դեպքերը հետաքննող հանձնաժողով կազմավորելու, դրանում ալավիներին ընդգրկելու մասին եւ պարտավորվեց բոլոր մեղավորներին կանգնեցնել արդարադատության առջեւ, լինեն նրանք Ասադի կողմնակիցներ, թե գործող իշխանության։
Կարելի է համարել, որ այս փորձության միջով Սիրիան անցավ, տա Աստված՝ նորը չպատահի։ Ամեն պարագայում, չնայած Տարտուսի եւ Լաթաքիայի բախումներին, անցյալ շաբաթ էլ Դամասկոսում ընթացքի մեջ էր Սիրիայի բոլոր համայնքներին ընդգրկող մարմնի ձեւավորումը, որը պետք է մշակի սահմանադրական կարգ եւ իրավական ճանապարհ՝ երկրում ընտրություններ կազմակերպելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար, ինչը հնարավորության կտա Սիրիային՝ վտարանդիի կարգավիճակից վերադառնալ ժողովուրդների միջազգային ընտանիք։
Ընթացիկ շաբաթվա սկզբին՝ մարտի 10-ին էլ Սիրիան կարեւոր հանգրվան արձանագրեց երկրի միասնականության եւ միջհամայնքային համերաշխության հաստատման ճանապարհին։ Քրդական փաստացի ինքնավարությունը, որ հաստատվել էր Սիրիայի նավթահանքերով հարուստ արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, համաձայնեց ինտեգրվել երկրի պետական հաստատություններին։ Քրդական SDF-ի եւ Սիրիայի ժամանակավոր իշխանության միջեւ համաձայնագիր ստորագրվեց, եւ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ։ Պետք է հուսալ, որ այդ ընթացքում երկխոսություն կհաստատվի նաեւ գործող իշխանության եւ ալավիների միջեւ, ինչը երաշխիք կծառայի, որ մարտի 6-9-ի բախումների նման մղձավանջներ այլեւս չկրկնվեն։
Կարծիքներ