Ժամանակին չարված քայլեր

Ժամանակին չարված քայլեր

Հայերիս հայացքն այս օրերին սեւեռված է Արցախի վրա։ Մենք շունչներս պահած սպասում ենք Արցախից եկող լուրերին։ Ամեն ցավալի լուրից սիրտներս կծկվում է, ամեն հուսադրող լուրից՝ փառավորվում։ Բայց նաեւ հիշում ենք, որ երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմների ժամանակ, եւ ամեն լուրին թերահավատությամբ ենք վերաբերվում՝ հազար անգամ ստուգում։ Եթե անգամ զոհերի ցուցակներում են այսօր անճշտություններ լինում, ուրեմն ինչպե՞ս հավատանք, ասենք, Ռազմիկ Պետրոսյանի խոսքին, որ երեկ խրոխտ հայտարարում էր, թե բոլոր հանձնված դիրքերը հետ ենք գրավել, եւ հաղթանակը մոտ է։

Բայց նաեւ հակառակորդի տարածած տեղեկատվությանը չենք հավատում ու վստահ ենք, որ անազատ մամուլ ունեցող տոտալիտար այդ երկրում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ինֆորմացիան կկեղծվի եւ ըստ նպատակահարմարության կտարածվի, ուստի ադրբեջանական աղբյուրներից գրեթե չենք օգտվում եւ անգամ փաստավավերագրական նյութերը կասկածի տակ ենք առնում։ Ժամանակակից աշխարհում նման փաստեր կեղծելը բարդ բան չէ։

Բայց այս պահին առավել կարեւորվում է տեխնիկապես հագեցած սահման ունենալու հարցը։ Ժամանակին այդքան խոսվեց, անգամ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում մշտադիտարկման, սարքավորումներով սահմանը վերահսկելու հարցերն այդքան կարեւորվեցին, իսկ նոր իշխանությունը, մերժելով հներին, հրաժարվեց նաեւ նրանց պայմանավորվածություններից։ Ժամանակին մասնագետներն առաջարկում էին ՀՀ իշխանություններին՝ ունենալ սեփական արբանյակային համակարգը, որը մեր հնարավորությունները կբազմապատկեր, սակայն ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները չհասկացան դրա կարեւորությունը։ Առհասարակ՝ մենք հաճախ սթափվում ենք, երբ արդեն ուշ է լինում։