ԵՄ 27 երկրներ միացան ԱՄՆ-ին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չճանաչելու հարցում 

ԵՄ 27 երկրներ միացան ԱՄՆ-ին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չճանաչելու հարցում 

Նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական տխրահռչակ պակտը, որ վերնագրված էր «Ադրբեջանի Նախագահի, ՀՀ վարչապետի եւ ՌԴ Նախագահի հայտարարություն», կարծես վերջնականապես կորցրեց հրադադարի հաստատումից բացի այլ ֆունկցիա կատարելու կարողությունը:  Ինչ խոսք, մինչեւ Մինսկի խմբի համանախագահների անունից վերջնականապես չհնչի, որ հրադադարի հաստատումից եւ վերահսկումից բացի հայտարարության այլ կետեր կամ կարգավորումներ ենթակա չեն կատարման, հայտարարությունը չի համարվի ավարտված եւ վերջակետ դրված:

Բայց պրոցեսները, կարծես, այդ ուղղությամբ են զարգանում: Ճիշտ է՝ Թուրքիան եւ Ռուսաստանը իրենց ներքին լսարանների առջեւ մերօրյա Աթաթուրքին եւ Լենինին հզոր եւ միջազգային խնդիրներ լուծելու կարող ֆիգուրներ ներկայացնելու համար նոյեմբերի 9-ի թուղթը համաձայնագիր են կոչում, դրանում շարադրված կետերն էլ իբր կողմերի պարտավորություն, բայց այդ քարոզչությունը ռուս-թուրքական լսարանի համար է: Այլ հարց, որ դրան զոհ է գնում նաեւ հայ հասարակության մի հատվածը, որի տիրապետած օտար լեզուն ռուսերենն է: Այդուհանդերձ Էրդողան-Պուտին տանդեմի ազդեցության ներքո գտնվող քարոզչամիջոցներն էլ գիտեն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի հաստատումից բացի, որեւէ այլ արժեք չունի եւ ֆունկցիա էլ չպետք է ունենա; Ավելին` այդ թուղթը ուղիղ տեքստով եւ բացահայտ մերժվում է ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ-ի կողմից, այլեւս չխոսելով միջազգային հանրության մասին, որտեղ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ «իզգոյ» երկրներ են: 

Ի՞նչն է հիմք տալիս ակնկալելու, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջնականապես դելեգիտիմացնելը օրերի խնդիր է: Ոչ միայն Ֆրանսիայի սկզբունքայնությունը, որն առաջինը հարցականի տակ դրեց այդ տխրահռչակ թղթի ընդունելի լինելը, եւ հետզհետե դրա դեմ միավորեց ոչ միայն ԱՄՆ-ի ջանքերը, այլեւ ամբողջ ԵՄ-ն, արժանի լինելով Հայաստանի խորագույն երախտագիտությանն եւ հարգանքին: Նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական պակտի մի կողմ դրվելու հույս եւ վստահություն տալիս են նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը եւ երեկ` նոյեմբերի 19-ին ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, որ տարածվեց EEAS-ից: 

Ինչպես արդեն գրել ենք ԱՄՆ պետդեպը պետքարտուղար Մայք Պոմպեոյի անունից տարածված հայտարությամբ ողջունել էր բախումների դադարեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բացարձակապես չէր հիշատակել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անգամ ռուս խաղաղապահներին, ինչը նշանակում է որ Վաշինգտոնը չի ճանաչում նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ այլ ֆունկցիա` հրադադարի հաստատումից բացի:    

Այնուհետ ԱՄՆ-ն հստակ հայտարարել էր, որ բախումների ավարտը առաջին քայլ է ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման ճանապարհին, որը պետք է ընթանա Մինսկի խմբի հովանու ներքո եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հանրահայտ սկզբունքերի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության ու ազատ ինքնորոշման հիման վրա: Հայտարարությունում կար նաեւ մարդասիրական խնդիրներին վերաբերող հատված:

Պետդեպի հայտարարությամբ ԱՄՆ, ըստ էության, հայտարարեց, որ ուժով տեղում փոխված իրողությունները ԼՂՀ խնդրի կարգավորման համար նշանակություն չունեն, այդպիսով նշելով ԼՂ խնդրի կարգավորման կարմիր գծերը, որ ռուս-թուրքական տանդեմը փորձել էր անցնել: Սա որոշիչ քայլ էր:

Այժմ` ասվածին ի՞նչ ավելացրեց նոյեմբերի 19-ին ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, որ տարածվեց «Լեռնային Ղարաբաղ. Բարձր ներկայացուցչի հայատարարությունը Եվրոպական Միության անունից» վերտառությամբ: Յուրաքանչյուրն էլ կնկատի հենց վերնագրի առանձնահատկությունը, դրանում հիշատակված չէ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, այլ` միայն Լեռնային Ղարաբաղը: Սա հակամարտության սուբյեկտների շեշտադրման սկզբունքային փոփոխություն է: Հետագա տեքստն էլ ինքնին այնքան խոսուն է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա: 

 Սկզբի հատվածը թարգմանաբար մեջբերում ենք. 

«Եվրոպական Միությունը ողջունում է բախումների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջը, որ հետեւել է նոյեմբերի 9-ի Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված հրադադարին: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում շարունակել լիովին հարգել հրադադարը, կանխելու համար հետագա կորուստները: 
ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին հոդորում է ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից կամ հռետորաբանությոնից, որը կարող է վտանգել այս հրադադարը: ԵՄ-ն նաեւ տարածաշրջանից բոլոր մարտիկների ամբողջական եւ արագ հեռացման կոչ է անում: 
ԵՄ-ն ուշադրությամբ կհետեւի հրադադարի պայմանների իրականացմանը, հատկապես վերահսկման մեխանիզմի հարցում:

Բախումների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարամյա  համակարտությունը ավարտելու ուղղությամբ: ԵՄ-ն կարծում է, որ պետք է նորոգվեն բանակցային, համապարփակ ու մշտական կարգավորման հասնելու ջանքերը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: ԵՄ-ն վերահաստատում է իր կատարյալ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձեաչափին` համանախագահների առաջնորդությամբ եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին հետամուտ լինելու այդ նպատակներին»: 

Սա եւս մեկ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադարի հաստատումից բացի այլ ֆունկցիա չունի, իսկ ռուս խաղաղապահների դերակատարությունը այդ հրադադարի պահպանումից այն կողմ դեռ քննարկման առարկա է, կռահելի այն տրամաբանությամբ, որ թերեւս ԵԱՀԿ խաղաղապահներ եւս ավելանան տարածաշրջանում եւ միջազգային մանդատ տրվի ողջ առաքելությանը: Վերջապես ԵՄ հայտարարության ամենակարեւոր արձանագրումը․ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ու կարգավորումների վերաբերյալ այդ ձեւաչափից դուրս քայլեր չեն կարող արվել: 

Մնում է, որ ասվածը իրագործվի տեղում ոչ միայն ԼՂՀ ապագա կարգավիճակի եւ հնարավոր անկախության ճանաչման մասին բարձրաձայնումներով, այլ նախ` ներկա պահին` մինչեւ դեկտեմբերի 1-ը Լաչինի, Քարվաճառի եւ, ինչու ոչ` նաեւ Աղդամի շրջանների վերադարձն արգելակելու եւ Մինսկի բանակցային գործընթացին վերապահելու տեսքով: