«Բենթլիի» գովազդ՝ Օպերայի ներսում եւ դրսում 

«Բենթլիի» գովազդ՝ Օպերայի ներսում եւ դրսում 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը վերջերս ռեբրենդինգի ենթարկվեց թատրոնի ԺՊ տնօրինության կողմից, դառնալով` Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոն, փոփոխությունների այս նոր շրջափուլի սկիզբը ազդարարեց ոչ միայն նոր տարբերանշանով (լոգո), նոր կայքով, այլեւ նոր կարգախոսով՝ «Նոր միտք, նոր սկիզբ» (Այդ մասին արդեն անդրադարձել ենք, տես՝ այստեղ): 

«Նոր միտք, նոր սկիզբ» տրամաբանության մեջ, վերջին մեկ տարում շատ նորամուծություններ են արվել թատրոնում՝ ներկայիս ժամանակավոր տնօրինության կողմից։ Դրանցից մեկն էլ վերջերս մեծ հանդիսությամբ կազմակերպված «Բենթլի»-ի գովազդն է եղել թատրոնի շենքի ֆոնին, միջոցառման լուսանկարները հասանելի են կազմակերպիչ ընկերության՝ «Ուրբան Իվենթս»-ի ֆեյսբուքյան էջում։ Բարեբախտաբար, «Բենթլին»՝ բալետային պարուհիների ուղեկցությամբ, գովազդվել է ոչ թե՝ Սպենդիարյանի եւ Թումանյանի արձանների ֆոնին, այլ՝ թատրոնի ծառայողական մուտքի դռների մոտ՝ կամարների ներքո։ 

Հավանաբար, կազմակերպիչները մտածել են, որ որպես բարձր արվեստի 2 շքեղություններ՝ «Բենթլին» ու Օպերան, միանշանակ համադրելի են իրար հետ, դեռ լավ է, որ մեքենան ճեմասրահում չեն ցուցադրել, թեպետ, միջոցառման շարունակությունը՝ համտեսով, երաժշտական ուղեկցությամբ շարունակվել է թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում, որը նաեւ հուշային անկյուն է համարվում թատրոնում, քանի որ այդտեղ են աշխատել Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լեւոնյանը։ Ավելին՝ բոլոր ժամանակներում այդ սրահը բացառապես օգտագործվել է տարբեր փոքրամասշտաբ համերգներ իրականացնելու համար, այդ թվում՝ հոբելյանական, հիշատակի համերգներ, ոչ՝ կոմերցիոն նպատակով։

Սրահի կարեւորությունը՝ մշակութային եւ օպերային ավանդույթների իմաստով՝ անվիճելի է օպերային արտիստների համար, ովքեր ծանր են տարել այս հանգամանքը եւ դժգոհել են, որ հուշային սրահը վերածվել է «Բենթլիի» VIP սրահի։ Ի վերջո, ինչքան էլ արտաբյուջե ստեղծելու խնդիր է դրված, բայց դա չպետք է արվի թատրոնի հեղինակության, վարկանիշի հաշվին։  

Ինչ խոսք, աշխարհում ընդունված պրակտիկա է, որ մեծ ընկերությունները, այդ թվում՝ ավտո արտադրողները դառնում են թատրոնների հովանավորներ, բայց դրա մասին վկայող ու գովազդող շատ փոքր քայլեր են արվում թատրոններից կողմից, մինչդեռ այստեղ ոչ միայն մասշտաբներն են գերազանցել իրենց՝ թատրոնը թե դրսից, թե ներսից ժամանակավորապես վերածելով ավտո սալոնի, այլեւ՝ նմանօրինակ «նոր մտքերով», նոր քայլերով ձեռագիր ու դիմագիծ է փոխվում թատրոնի պատմության մեջ։