Ուզում եմ իմանաք՝ տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել

Ուզում եմ իմանաք՝ տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կտրուկ պատասխան է տվել «Ուրարտու»-ի սեփականատեր Ջևան Չելոյանցին:

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ Ուրարտու ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ՝ իմ հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ Ցավում եմ, որ նա մինչև հիմա տեղյակ չէ, թե որն է եղել մեկ ակումբից մյուսը տեղափախվելու իմ մոտիվացիան, ինչի հետևանքով ոչինչ չի փոխվում իր ակումբում։

Ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ ոչ «Բանանց»-ից «Փյունիկ», ոչ էլ «Փյունիկ»-ից «Արարատ-Արմենիա» տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել։ Երկու տեղափոխությունների ժամանակ էլ գումարային հարցեր ես նույնիսկ չեմ քննարկել և, թե ինչքան եմ ստանալու, իմացել եմ միայն ամենավերջին պահին՝ պայմանագիրը ստորագրելիս։

Իմ միակ մոտիվացիան եղել է ֆուտբոլ խաղալու երազանքը, որից ես գրեթե զրկված էի «Բանանց»-ում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ, երբ ինձ ուղիղ տեքստով ասում էին, որ հույսեր չեն կապում ինձ հետ։ Այնպես ինչպե՛ս իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավորությունից մինչև հիմա զրկված են «Բանանց»-ի (այժմ «Ուրարտու»-ի) շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր աճ գրանցելու համար իրենց լավագույն տարիներն անցկացնում են լավագույն դեպքում պահեստայինների նստարանին։

Ի՞նչ էր մնում ինձ անել, երբ մարզիչներն ինձ հետ հույսեր չէին կապում, բայց նաև թույլ չէին տալիս հեռանալ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ «Բանանց»-ին այն կրթության համար, որն այնտեղ ստացել եմ, բայց այս իրավիճակում մնում էր միայն ամեն ինչ անել, որպեսզի փախչեմ այդ՝ ակումբից և փրկել կարիերաս։ Ամեն ինչ անել, որպեսզի գնալ այլ՝ ավելի լավ ակումբ, որտեղ ինձ հավատում ու վստահում են, գոլեր խփել, հաղթել ինձ հետ հույսեր չկապող մարզչի թիմին, չեմպիոն դառնալ, հրավիրվել հավաքական և ապացուցել, որ ես արժանի եմ կանաչ խաղադաշտում տեղ ունենալուն, ինչը և ես արել եմ և ինչը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի հաջողվում անել «Բանանց»-ում մնացած գրեթե ոչ մի խաղացողի», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետրոս Ավետիսյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը  հայտարարել էր, որ ժամանակին ակումբի շնորհիվ Պետրոս Ավետիսյանը բուժում էր ստացել արտասահմանում, սակայն հետագայում հեռացել է այլ ակումբ՝ բարձր աշխատավարձի պատճառով: