«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

Հայտնի է Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը։ 

Ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, ում հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 «Օսկարի», այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» եւ 3 անգամ՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ 

Ժյուրիի կազմում է Փիթեր Սքարլեթը, ով ամերիկացի կինոգետ է, երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը եւ Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Ժյուրիի մյուս անդամն է Ալեքսանդրիա Բոմբաքը, ով ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող եւ ռեժիսոր է, հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը եւ կինոսեր հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։  

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: