Մեր գործը մարդու հետ է, էշի հետ չէ…

Մեր գործը մարդու հետ է, էշի հետ չէ…

Լրատվամիջոցներին սատանաներ բռնելու գործում ներգրավելը լավագույն որոշումը չէ: Թե որտեղ է նման որոշում կայացվել, չգիտեմ, բայց փաստ է, որ սատանաներ բռնելու գաղափարը Փաշինյանինն է: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն հարվածային աշխատանք ցույց տալու նպատակով են այսպես իրար անցել, բայց պետք է նրանց հիասթափեցնեմ՝ լրատվամիջոցները հայտնի «կյաժը» չեն, որոնց վրա կարելի լինի կուժուկուլա կոտրել: Թերթերի խմբագիրները «կրայնին» են՝ ռուսի ասած, որոնց անունն օգտագործելով նշված կառույցները փորձեն պարտակել պրոֆեսիոնալիզմի բացակայության տխուր իրողությունը: Փաշինյանը որպես լրագրող, կարծում եմ, կհամաձայնի այն մտքին, որ եթե մեր երկրում մի բան կայացել է, եթե կա մի բան, որ ինքնուրոււյն է իր ճանապարհը հարթել՝ միառժամանակ բեռ չլինելով պետության վրա, դա ազատ մամուլն է: Եվ մամուլը ոչ մեկին թույլ չի տա՝ իրենից խլել արյուն-քրտինքով վաստակած անունն ու հեղինակությունը: Այսքանը համարենք առաջաբան:

Իսկ հիմա՝ բուն ասելիքը: Ինչո՞ւ են ամեն անգամ թիրախավորվում այսպես ասած՝ ընդդիմադիր լրատվամիջոցները՝ այն ԶԼՄ-ները, որոնք գրում են ճշմարտությունը և իրականացնում հանրությանը պետական կյանքի մասին հավաստի տեղեկատվություն փոխանցելու իրենց առաքելությունը: Պատասխանը, կարծում եմ, պարզ է՝ ոչ մի իշխանություն չի ցանկանում իր կեղտոտ լվացքը փռված տեսնել հասարակության առաջ, մինչդեռ այդ լվացքի մասին է գրում բացառապես «ընդդիմադիր» մամուլը: Բայց եկեք հասկանանք՝ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում նույնիսկ ամենաանմեղ լրատվությունը դառնում է սկանդալի պատճառ: Ես նկատի չունեմ «դեղին» լրատվամիջոցների հրապարակումներն ու սենսացիաները, որոնք զայրացնում են նույնիսկ լրագրողական համայնքին: Խոսքը լուրջ թերթի՝ լուրջ հարցադրմամբ հրապարակումների մասին է, որոնք երբեմն դառնում են փորձանք թերթի գլխին: Փոխանակ շնորհակալություն հայտնելու լրատվամիջոցին տվյալ խնդիրը բարձրաձայնելու համար, դատարան են քարշ տալիս, գործ են հարուցում ու չգիտես ուրիշ ինչ ճանապարհներով փորձում պարզել, թե ինչպե՞ս այդ տեղեկությունը հայտնվեց խմբագրությունում:

Աշխարհի բազմաթիվ թերթեր, հղում կատարելով իրենց աղբյուրներին, ընդհուպ աշխարհաքաղաքական բնույթի խարդավանքներ են բացահայտում, հանրության դատին են ներկայացվում գերտերությունների ղեկավարների անձնական կյանքին վերաբերող տհաճ մանրամասներ, բայց դրա համար թերթի կոկորդը չեն բռնում: Լրատվամիջոցը Աֆրիկայում էլ լրատվամիջոց է, բայց ահա պետական մակարդակներում մամուլի հանդեպ վերաբերմունքի հսկայական տարբերություն կա մեր ու նրանց միջև: Սա է ողջ խնդիրը, և ժամանակն է, որ Հայաստանում էլ իշխանությունները սովորեն ադեկվատ վարք դրսևորել՝ սկսնդալի կենտրոնում հայտնվելու դեպքում:

Չէի ասի, թե Սերժի վախտ ընդդիմադիր լրատվամիջոցները յուղումեղրի մեջ էին, բայց այնպիսի բաներ որ կատարվում են հետհեղափոխական Հայաստանում՝ չկային: Չգիտեմ, Սերժն էր Նիկոլից քաջ, թե ոնց, բայց ՀՀ երրորդ նախագահը բավարարվել է «անցանկալի» լրատվամիջոցներին մեղադրելու մի անշառ ֆրազով՝ «գաղջ մթնոլորտ ստեղծող»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք լրատվամիջոցների կնքեց «ֆեյքնյուզ» անվամբ: Իսկ պատահաբար վարչապետի աթոռին հայտնված ընդդիմադիր Փաշինյանը, որ թե «գաղջ մթնոլորտ» ստեղծողների մեջ էր և թե «ֆեյքնյուզի», մամուլի վրա տարաբնույթ հարձակումների գծով արդեն իսկ գերազանցել է համաշխարհային բոլոր լիդերներին, ընդ որում՝ այդ գործում ընդգրկելով իր ընտանիքի անդամներին, քաղաքական թիմի առանձին լեզվանիների և պատգամավորական շրջանակների: Ո՞րն ասեմ՝ Փաշինյանի լայվը՝ կապված խաշ ուտելու պատմության հետ, նրա տիկնոջ լիբանանյան հայտարարությունները՝ փողով հոդված հրապարակողների մասին, Մարիամիկի դասերը՝ իր հայրիկի մասին վատ բաներ գրող թերթերին, Ստյոպիկ Սաֆարյանի անսպասելի «ֆորսաժն» ու առանձին լրատվամիջոցների իր գրասենյակից դուրս հանելը, Hraparak.am կայքի հետ կապված վերջին իրադարձությունները…:

Որքան էլ զարմանալի, բայց փաստ է՝ այս ամենի հետևում հենց լրագրողների ընտանիք է կանգնած, որը, թվում էր, պետք է իմանար, որ երբ լրատվամիջոցը որևէ ուշագրավ իրադարձության է ականատես լինում կամ ունկնդիր, երբ խմբագրությունում է հայտնվում որևէ կարևոր փաստաթուղթ կամ տեսանյութ, այն պետք է հրապարակի, այլապես դա լրատվամիջոց չի կարող համարվել: Մենք նույնիսկ այսպիսի հոդված ունենք՝ իմանալ- չհայտնելը: Լրատվամիջոցի գործն այդ մասին հանրությանը հայտնելն է, տեղյակ պահելը, զգուշացնելը, կողմնորոշելը: Իսկ թե ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները, որոնք ուզում են ամեն գնով խեղդել պետական կյանքին և պաշտոնյաներին վերաբերող տեղեկությունը, ծածկադմփոց անել, պարտակել, դա արդեն պետք է հարցնել իրենց:

Փաշինյանի քաղաքական թիմը, ի դժբախտություն բոլորիս, բանի պետք չէ և այդ մասին խոսում են բոլորը, խոսում են բարձրաձայն: Ոչ թիմը, ոչ էլ Փաշինյանը չեն էլ աշխատում հակառակն ապացուցելու ուղղությամբ: Կարելի է ասել՝ ընդունում են հանրային կարծիքը: Փաշինյանն ընդունում է դա, որովհետև վստահ չէ, որ ինքը ճանաչում է իր թիմի բոլոր անդամներին: Մի քանի կիլոմետր քայլելով՝ մարդկանց չես ճանաչի, չես իմանա բոլորի կենսագրությունները՝ մութ կետերով հանդերձ: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ իր ՊՎԾ պետը, 1 տարի չանցած, կհայտնվի կոռուպցիոն սկանդալի մեջ, ի՞նչ իմանար, որ առանձին պաշտոնյաներ, մինչ վարչապետը նոր Հայաստան էր կառուցում, կհարստանան երկրաչափական պրոգրեսիայով, որ կարող են գտնվել նախարարներ, որոնք տարրական պատկերացում չունեն իրենց վստահված ոլորտների մասին, որ ծագումով գյուղացի և կյանքում կոկորդիլոս չտեսած մարզպետը հանկարծ կորոշեր մասնագիտանալ հենց կոկորդիլոսաբուծության մեջ: Մենք կիմանայի՞նք այս ամենի, ինչպես նաև պետական միջոցները միլիոնավոր դրամների հասնող պարգևատրումներով մսխելու նորահայտ երևույթի մասին, եթե չլիներ «ընդդիմադիր» մամուլը: Եվ մամուլին դրա համար պարգևատրելու փոխարեն մի բան էլ սպառնում են, ստիպում են բացահայտել իրենց աղբյուրները, քարշ են տալիս դատարան, ի դեմս ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի՝ տղա են բերում մամուլի վրա: Թե բա մեր անձի մասին գաղտնի տեղեկություններ եք հրապարակել… Քոռանամ ես, սուրբ հա՞յր եք, ի՞նչ եք, որ չի կարելի ձեր մասին բան գրել:

Ֆրանսիայի պես երկրում նախագահի թեկնածուի մասին գրեցին, որ «ձեռ է գցել» հյուրանոցի մաքրուհուն: Ոչ մեկի մտքով չանցավ այդ մասին գրած լրատվամիջոցին դատարան քարշ տալ: Փոխարենը «խեղճ» թեկնածուն ինքնաբացարկ տվեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից: Իսկ դուք ասում եք մեր անձի մասին անձնական տվյալ… Է՛, բալամ, բա որ պետության շահերից ելնելով մի քիչ շատ խորանանք պաշտոնյաների անձնական կյանքի մեջ, այս ցաքուցրիվ թիմի վիճակն ի՞նչ կլինի…

Եվ ավարտեմ սատանաների մասին խիստ ակտուալ մի քանի կարևոր մատնանշումներ անելով: Լրագրողիև «փալանչու» տարբերությունն այն է, որ լրագրողը գործ ունի մարդու հետ և ոչ թե՝ էշի: Օրվա ընթացքում խմբագրություն հազար տեսակ մարդ կարող է մտնել, հազար տեսակ տեղեկատվություն փոխանցել. գրավոր կամ բանավոր՝ էական չէ: Այցելուներից ոչ մեկն ատաքուստ սատանայի նման չէ, որ տեղնուտեղը գլխի ընկնես ու տաս ԱԱԾ-ի կամ ՀՔԾ-ի ձեռը: Ուզում եմ ասել՝ մենք էլ պրծում չունենք սատանաներից, բայց շատ կուզենայինք, որ մարդկանց մեջ սատանաներ չլինեին: Եթե ունեք դեղահաբ այդ գլխացավանքից, առաջարկեք, սիրով կընդունենք, բայց երբ արդեն հանրության համար հետաքրքություն ներկայացնող որևէ բան ենք հրապարակել, մի ընկեք մեր հետևից, թե ո՞վ է ձեզ այդ տեղեկությունը փոխանցել: Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, թեկուզ դա «սատանան» է, պաշտպանված է օրենքով, և, եթե մենք խախտենք այդ օրենքը, ապա լրատվամիջոցից անմիջապես կվերածվենք շարքային «գործ տվողի»: Մի դրդեք մեզ դրան, քանզի մենք ունենք աղբյուրը չբացահայտելու մեր համեստ իրավունքը:

Կարողացա՞, արդյոք, լույս սփռել մամուլի դեմ սկսված այս վերջին արշավանքի վրա, թե՞ դեռ ստիպված ենք լինելու նորանոր հոդվածներ գրել այն մասին, թե ինչպես ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն մտան թերթերի խմբագրություններ, տանիքները բարձրացան և ձեռքներն ընկած սատանաներին բերման ենթարկեցին: Ասեմ, որ այդ թեմայով հոդվածներն այնքան էլ ծիծաղելի չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Այնպես որ, մամուլի սրատես աչքից անպրծում ծառայություն եմ մաղթում ազգիս իրավապահներին: