Անբարո թատրոն՝ հանուն իշխանության

Անբարո թատրոն՝ հանուն իշխանության

Ինչե՜ր չես անի հանուն աթոռի։ Պատրաստ ես՝ ծնկաչոք քվե աղերսել հայրենակիցներիցդ։ Քո մեղքով տեղի ունեցած եւ 44 օր չդադարեցրած պատերազմի զոհերի գերեզմանների մոտ զղջումի եւ ցավի տեսարաններ բեմականացնել։ Քո մեղքով զոհված տղաների մայրերի ու կանանց ձեռքերը համբուրել, նրանց զավակների գլուխները շոյել։

Եթե նախկին իշխանություններից որեւէ մեկը համարձակվեր նման տեսարաններ բեմադրել, կնզովեիր ու ամենավերջին բառերը կուղղեիր նման բան անողներին։ Կասեիր, որ նման կեղծիք ու անբարոյականություն միայն իշխանությունը կարող է իրեն թույլ տալ՝ որ տանի ջահել-ջիվան երեխեքի գլուխներն ուտի, հետո գնա նրանց գերեզմաններին կոկորդիլոսի արցունք թափի, խաբի ու մոլորեցնի խեղճ ծնողներին, որոնք գուցե առաջին անգամ են այդքան մոտիկից վարչապետ տեսնում, ուստի չգիտեն էլ թե ինչպես պահեն իրենց։ 

Եւ այս բոլոր ամոթալի, ստոր տեսարանները բացառապես հանուն մի բանի՝ հանուն իշխանության։ Հանուն նրա, որ հունիսի 20-ին այս խեղճերի քվեն ստանա եւ նրանց զավակներին հետո նորից մատաղ անելու իրավունքը ձեռք բերի՝ եւս 5 տարվա համար։