Ողբերգություն եւ անպատասխանատվություն․ Բեյրութի պայթյունի մասին՝ ամփոփ․ մաս 1-ին․ The Bell

Ողբերգություն եւ անպատասխանատվություն․ Բեյրութի պայթյունի մասին՝ ամփոփ․ մաս 1-ին․ The Bell

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հաջորդ օրը միայն պարզ դարձավ, թե ինչ սարսափելի ավերածություններ է այն գործել եւ ինչ մասշտաբներ է այն ընդգրկում։ Տարիներ շարունակ լուրջ ճգնաժամի մեջ գտնվող երկիրը կարող է վերածվել failed state-ի։ Տեղի ունեցածի պատճառների հետ կապված առաջ քաշված վարկածներից հիմնականը կապված է ամունիումի նիտրատի պայթյունի հետ։

Ամոնիակային սելիտրայի խոշոր խմբաքանակ է, պարզվում է, պահվել նավահանգստում, որը կշռել է ավելի քան 2700 տոննա եւ ժամանակին առգրավվել է Բեյրութի իշխանությունների կողմից դեռ 2014-ին նավերից մեկից, ու մինչ այժմ պահվել է նավահանգստի պահեստում, եւ չնայած բազմաթիվ պահանջներին, այդ վտանգավոր նյութը հեռացնել նավահանգստից, այդպես էլ ոչ տարվել է, ոչ պատշաճ հսկվել։Ամենայն հավանականությամբ եռակցման աշխատանքների ընթացքում այլ բեռներ են սկսել այրվել որի հետեւանքով էլ ամոնիակային սելիտրան պայթել է, առաջացնելով հզոր դետոնացիա։ Նշենք, որ սովորական պայմաններում այս նյութը այնքան էլ դյուրությամբ դետոնացիա չի առաջացնում։ Հաստատվել է, որ պայթյունավտանգ պարարտանյութը Բեյրութ բերվել է «Ռոսուս» բեռնանավի կողմից, որը նավարկում է մոլդովական դրոշի ներքո։

Նավը պատկանում է խաբարովսկցի գործարար Իգոր Գրեչուշկինին։ Տեխնիկական խնդիրների պատճառով, Վրաստանից Մոզամբիկ մեկնող նավը ստիպված է եղել կայանել Բեյրութում։ «Сибирь.Реалии»-ի հետ զրույցում, նավի նախկին նավապետ Բորիս Պրոկաշեւը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Բեյրութի իշխանությունները ձերբակալել են նավը՝ նավահանգստային տուրքը չվճարելու համար, գործարար Գրեչուշկինը անտերության է մատնել նավը եւ նավաստիներն էլ փաստորեն գրեթե մեկ տարի մնացել են պատանդի կարգավիճակում։ Նավաստիներին բարդ իրավիճակից դուրս գալ օգնել են նավի վառելիքի վաճառքից ստացված հասույթով վարձված փաստաբանները եւ ոչ թե ռուս դիվանագետները կամ Պուտինին գրված նամակները, որոնք նավապետը բազմիցս է գրել։ Նավապետ Պրոկաշեւը կարծում է, որ լիբանանյան իշխանությունները ոչ թե պետք է կալանավորեին նավը, այլ որքան հնարավոր է շուտ ազատվեին նավից։