Կեղծիք ու սուտ տարածելը դարձել է ՀՀ իշխանությունների գործելակերպը

Կեղծիք ու սուտ տարածելը դարձել է ՀՀ իշխանությունների գործելակերպը

Medianews լրատվականը լուսանկար է տարածում երեկ տեղի ունեցած զոհված զինծառայողների ծնողների ակցիայից Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի մասնակցությամբ՝ հետևյալ վերնագրով՝ «Զոհվածների ծնողների անվան տակ Արցախի պատգամավորը մասնակցում է ակցիային» ու այս վերնագրի տակ գրված է, թե իբր ընդդիմությունը հակակառավարական ակցիաներ իրականացնելու անվան տակ անգամ զոհվածների ծնողներին է ներգրավում:

Մենք կապ հաստատեցինք Մետաքսե Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Ես գնացել էի պարզապես զոհվածների ծնողների հետ իրենց ցավը կիսեմ, իրենց մտահոգությունները լսեմ ու միայն սա: Բոլորը պետք է մասնակցեն զոհված զինծառայողների ակցիային, բոլորը պետք է իրենց աջակցությունը հայտնեն նրանց, կիսեն նրանց մտահոգությունները, ցավը»:

Փաստորեն ըստ հավաստի տվյալների ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող կայքն այնքան է բարոյազրկված ու արժեզրկված, որ զոհված զինծառայողներին աջակցություն հայտնելն իրենց համար ոչ միայն զարմանալի երևույթ է, այլև իրենց հատուկ ստորությամբ ու անամոթությամբ՝ լկտիաաբար աղավաղում են  իրականությունն ու շեղում հանրությանը՝ օգտագործելով իրենց նեղ շահերի համար:

Այո, տիկին Հակոբյանը ճիշտ է արել ու նրա օրինակին պիտի հետևեն բոլորն անխտիր: Այսօր այդ ծնողների կողքին պետք է կանգնած լինեն բոլորը, ամենքը պետք է կիսեն նրանց մտահոգություններն ու հոգսերը, աջակցնեն նրանց արդարացի պահանջների ի կատար ածմանը ու բարձրաձայնեն նրանց մտահոգությունները: 

Այսօրվա ՀՀ իշխանական վերնախավին ու նրանց սպասարկող լրատվամիջոցներին ամեն միջոցով ու մեթոդով պետք է հասկացնել, որ անամոթությամբ մարդկանց պիտակավորելու ու կեղծիք տարածելու փոխարեն, լսեն զոհվածների ծնողներին ու նրանց արդար պահանջները: Զոհված զինծառայողների ծնողների կողքը կանգնել չի նշանակում տարին մեկ-երկու անգամ թեյախմություն կազմակերպել ու դա շոու դարձնել, ինչպես դա արեց վարչապետի տիկինը: Զոհված զինծառայողի կողքին կանգնել նշանակում է կիսել նրանց հոգսերն ու մտահոգություն, աջակցել նրանց արդար պահանջներին, նրանց ձայնը լսելի դարձնել: ՀՀ-ում իշխանական պաշտոններ զբաղեցրած անձանց համար զարմանալի է կամ անհասկանալի որ մարդ՝ մանավանդ պաշտոնյան կարող է ի սրտե ցավը կիսել ու աջակցել դժվարին կացության մեջ գտնվող զոհված զինծառայողների ծնողներին, քանի որ իրենք՝ նախքան այդ մարդկանց համար որևէ բան անելը, նախևառաջ մտածում են սեփական շահի մասին ու իրենց շահերն աառաջ տանելու համար են անում որևէ բան: 

Ի դեպ, medianews կայքում հաճախակի կարելի է  հանդիպել հակաարցախյան երանգներ կրող լրատվության, իսկ ֆեյսբուքում այդ նյութերի տակ մեկնաբանություններն ընդհանրապես մեծամասամբ Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելության խոսքեր են, նույնիսկ բռնության կոչեր կարելի է հանդիպել, ու փաստորեն այդ կայքի համար դա նորմալ է:

Այս կայքի խարդախությունները միայն դրանով չէ սաահմանփակվում: Պարզվում է կայքը նաև մոլորության մեջ գցում հանրությանը ոչ միայն կեղծ ու շինծու լրատվություն տալով՝ այլև կեղծ կայքեր պահելով՝ այդ թվում նաև Արցախում: Բայց այդ մասին հաջորդ հրապարակմանս մեջ: