Փառք Աստծո, որ նրանք ինձ չեն համարել թիմի անդամ. Վանեցյանը՝ իմքայլականներին

Փառք Աստծո, որ նրանք ինձ չեն համարել թիմի անդամ. Վանեցյանը՝ իմքայլականներին

«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, թե Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, սակայն երբևէ իրենց թիմի անդամ չի եղել, իսկ բացահայտումներ անելը նրա գործառույթն էր, ոչ թե պարծենալու առիթը, հիշեցրել է պատգամավորին, որ ԱԱԾ տնօրենը քաղաքական պաշտոն չէ ու ինքը չէր կարող թիմի անդամ լինել։

«Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենն ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ Առհասարակ, ԱԱԾ-ն ծառայում է պետությանը, այլ ոչ օրվա քաղաքական իշխանությանը։ Ինչ վերաբերում է բացահայտումներին և պարծենալուն, ի տարբերություն բոլորի՝ ես երբևէ ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել։ ԱԱԾ բացահայտումներով պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։ Կարծում եմ՝ այդքանից հետո Արեն Մկրտչյանը դեմ քվեարկի այն օրինագծին, որը բերվելու է ԱԺ ու դրանով ԱԱԾ տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Անթույլատրելի է այդ օրենքի ընդունումը և փառք Աստծո, որ նրանք ինձ չեն համարել թիմի անդամ», - ասաց Վանեցյանը։