Իշխանական խմբակցությունում արշալույսները եւս խաղաղ չեն. դիմումներ են գրել

Իշխանական խմբակցությունում արշալույսները եւս խաղաղ չեն. դիմումներ են գրել

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում արշալույսները եւս խաղաղ չեն։ Մի շարք պաշտոնյանների՝ պաշտոններից հրաժարվելուց եւ մանդատները վայր դնելուց հետո, հերթն արդեն  ավագանու իշխանական անդամներինն է։ 

Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստն է հրավիրվել, որը վարում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:

Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշտակը:

Փոխքաղաքապետը նշեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Բացի այդ, «Իմ քայլից» Իզաբելլա Աբգարյանն էլ դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին, բայց նա մնում է ավագանու անդամ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ իրենք գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:

Փոխքաղաքապետը նշեց, որ Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց: