Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարևան երկրներին, կամ խոսել խաղաղության մասին. Մարուքյան

Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարևան երկրներին, կամ խոսել խաղաղության մասին. Մարուքյան

Անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, որ ես որևէ զգացողություն չունեմ, թե պատերազմից մեկ տարի անց մենք դասեր ենք քաղել։ Այս մասին քիչ առաջ «Եռաբլուրում» լրատվամիջոցներերի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այնպես չէ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի այնպիսի հուն, որտեղ բոլորը անկեղծ են, չկա այդպիսի բան։ Ոչ մեկ անկեղծորեն չի ասում՝ ինչու է այս ամենը եղել, անկեղծությունը բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, հետևաբար՝ ինչ-որ դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են»,- ասաց Մարուքյանը։

«Պատասխանատունե՞րը։ Գիտեք, որ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով, պլանով, ամբողջ աշխարհի աչքի առաջ ու այն սպառնալիքները , որ կան՝ ուղղված մեր պետականության դեմ, այդ սպառնալիքները այսօր էլ չեն վերացել, կախված են մեր երկրի գլխին, մենք ամեն օր նոր քննարկումներ ունենք, թե մյուս օրը մենք ինչ խնդիր կարող ենք ունենալ, ենթադրենք Տավուշում, Սյունիքում, Արցախում և այլն։ Խոսքը գնում է մեր հայրենիքի վտանգված լինելու մասին»,- ասաց Մարուքյանը։

Լրագրողների դիտարկումներին, թե ինքը տեղեկություններ ունի Փաշինյան-Էրդողան  հարաբերություններից, Մարուքյանը պատասխանեց.

«Ես այլեւս գաղտնի ինֆորմացիաների չեմ տիրապետում՝ պատգամավոր չլինելու հանգամանքով պայմանավորված։ Չեմ կարող հստակ բան ասել, որովհետև ես էլ ձեզ պես մամուլից եմ հետևում։ Իմ ընկալումն այն է, որ ընդհանրապես հարևան երկրների հետ դիալոգ սկսելուն միտված քայլեր են փորձում անել, բայց թե որքանով են այդ քայլերը ճիշտ կազմակերպված, դա արդեն առանձին քննարկման թեմա է։ Տեսեք, երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարևան երկրներին, կամ խոսել այն մասին, որ դու խաղաղություն ես ցանկանում, ու, հետևաբար պատերազմ նախաձեռնողը չես։Մինչեւ հիմա ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը մենք ենք սանձազերծել։ Հիմա հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ , դուք պատրա՞ստ եք,թե՞ ոչ»։