Երկրում իրավիճակը ծանր է և գնալով ծանրանում է

Երկրում իրավիճակը ծանր է և գնալով ծանրանում է

Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ տնտեսությունը գահավիժում է, հայաստանյան իշխանությունները ձախողվել են բոլոր առումներով, կորոնավիրուսն էլ իր հերթին է իրավիճակը սրել, սրան գումարած արտաքին քաղաքական զարգացումները՝ Արցախի հարցի փակուղին, «հողերը հանձնելու» մասին խոսակցությունները։ Քաղաքական դաշտից առաջարկներ են հնչում իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտության մասին․ Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձեւավորում՝ նոր վարչապետի գլխավորությամբ, կամ գործող վարչապետի հրաժարական, որից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն անգամ «հումանիտար միջանցքի» առաջարկ ներկայացրեց իշխանություններին՝ խորհուրդ տալով իրենց ներսից այլ թեկնածուով փոխարինել Նիկոլ Փաշինյանին, քանի որ, Մինասյանի կարծիքով, անձամբ Փաշինյանն է մեղավոր ձախողումների համար։

Այս հայտարարություններից անդին քաղաքական դաշտում կա՞ն արդյոք խմորումներ, ինչպե՞ս են քաղաքական ուժերը պատրաստվում կանխել երկրում ստեղծված եւ շատերի կողմից բնութագրվող ճգնաժամը, թե՞ իրենց գործը միայն խոսել-քննադատելն է, բայց ոչ գործելը։ Առաջիկայում կզրուցենք նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ, առայժմ կներկայացնենք խորհրդարանական ընդդիմության մոտեցումները, որոնք տրամագծորեն տարբերվում են իրարից։ 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ ինքը Վանգայի հետ բարեկամական հարաբերություններ չունի, ուստի չի կարող տեսական դատողություններ անել, թե արդյոք առաջիկայում քաղաքական կոնֆիգուրացիաներ կստեղծվե՞ն՝ այս իրավիճակից դուրս գալու համար, թե՞ գործընթացները կհասնեն մինչեւ հերթական ընտրություններ։ Դիտարկմանը, թե, իր կարծիքով, Հայաստանում ամեն ինչ շատ լավ է, ու կտրուկ քայլեր պետք չէ՞ անել, պատգամավորը պատասխանեց․ «Երբ չկա նման իրավիճակ, Սահմանադրության համապատասխան հոդվածը թելադրում է, թե ինչպես պետք է վարվել»։ Այսինքն՝ ճգնաժամ չկա՞, տնտեսությունը զարգանում է, հողերը հանձնելու խոսակցություններն անհիմն են եւ այլն։ «Տնտեսությունը բոլոր երկրներում է վատ վիճակում, եւ դա պայմանավորված է համաճարակով, Արցախի հարցով առնվազն նկատելի որեւէ տարբերություն չկա նախկին եւ ներկա  իրավիճակների միջեւ, մնացած հարցերն էլ համաճարակի հետ են կապված։ Բնականաբար, խնդիրները շատ են, իրավիճակը՝ անկանխատեսելի»։ Եթե այս իրավիճակը երկար շարունակվի, իշխանությունն էլ նույն վարքագիծը պահպանի, ընդդիմադիր դաշտում մոբիլիզացիա, նոր լուծումների ծրագիր կմշակվի՞։ «Եթե-ներով քաղաքական վերլուծություններ չեն անի։ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է, ունի իր ծրագրերը, որոնցով առաջնորդվում է»։ 

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին չեն մտածում նաեւ «Լուսավոր Հայաստանում»․ «Եթե խորհրդարանական ուժերը բարձրացնեն Փաշինյանի հրաժարականի հարցը, նրան գալու է փոխարինի իշխանությունից մեկ ուրիշը, ինչը տվյալ պարագայում չեմ տեսնում, որ որեւէ օգուտ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը»։ Գեւորգ Գորգիսյանի կարծիքով, ընդհանրապես իշխանական թիմում վարչապետին փոխարինող այս պահին չկա․ «Թիմի ստացած քվեն պայմանավորված էր մեկ անձով, եւ այդ անձը Նիկոլ Փաշինյանն է»։ Այդուհանդերձ, ԼՀԿ-ում էլ են կարծում, որ երկրում իրավիճակը ծանր է եւ գնալով ավելի ծանր է դառնում․ «Փաստացի, կառավարությունն իր ապաշնորհությունը ցույց տվեց այս ճգնաժամային իրավիճակում, այս իրավիճակն ի հայտ բերեց իշխանության թույլ կողմերը եւ ի ցույց դրեց ճաքերը։ Կառավարությունը ցույց տվեց իր ապիկարությունը եղած խնդիրները պատշաճ լուծելու հետ կապված՝ սկսած պանդեմիայի նկատմամբ անլուրջ վերաբերմունքից, վերջացրած սոցիալական այն ծրագրերով, որոնք այդպես էլ թիրախին չհասան, եւ այսօր բազմաթիվ քաղաքացիներ սոված են, չունեն եկամուտ, աշխատանք»։ Պատգամավորը հիշեցրեց, որ այդպես էլ չիրականացվեցին խոստացած կապիտալ շինարարությունները, տնտեսության մեջ ներդրումներ չիրականացվեցին, մատնանշեց նաեւ չիրականացված այլ խոստումներ։ Հրատապ միավորումների, հակաճգնաժամային միջոցառումների մասին Գորգիսյանն ասաց, որ չի կարող այս պահին խոսել, այլ հարց է, որ Փաշինյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, հասկանա, որ չի կարողանում արդարացնել ժողովրդի սպասելիքները, հեռանա, եւ նոր ընտրություններ լինեն․ «Ամեն դեպքում, անկախ որեւէ զարգացումից, ԼՀԿ-ն պատրաստվում է լինել հաջորդ իշխանությունը»։