ԵՄ հեղինակազրկումը շարունակվում է, դիտորդների լռությունը դրա վկայությունն է

ԵՄ հեղինակազրկումը շարունակվում է, դիտորդների լռությունը դրա վկայությունն է

Հայաստան-Ադրբեջան սահմանագծի տարբեր հատվածներում արդեն մեկուկես-երկու ամիս կրակոցներ են հնչում․ ադրբեջանական բանակը կրակում է հայկական դիրքերի եւ գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում իր տարածքի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, Հայաստանի ՊՆ-ն շարունակաբար հերքման տեքստեր է տարածում, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը որեւէ կերպ չի արձագանքում դրանց: Նրանց անգործության պատճառով բոլորը մոռացել են նման առաքելության գոյության մասին: ԵՄ դիտորդները լուռ են, որովհետեւ հասկանում են, որ իրենց գնահատականը որեւէ մեկին հետաքրքիր չէ, կամ զգուշանում են, որ կարող են սրել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, որը եւս իրենց առաքելության մեջ չի մտնում:
Դիտորդական առաքելություն անունն իսկ բացահայտում է դրա էությունը, այդ մարդիկ ընդամենը քաղաքացիական դիտորդներ են, ովքեր որեւէ իրավասություն չունեն միջամտելու սահմանային բախումներին կամ, առավել եւս՝ պատերազմական գործողություններին: Նրանց առաքելության նպատակն իրենց, ավելի ճիշտ՝ իրենց ներկայացրած կառույցի` ԵՄ-ի հեղինակությամբ Ադրբեջանին զսպելն էր, թույլ չտալը, որ Ադրբեջանը խախտի հրադադարը կամ հրադադարի խախտման պատասխանատվությունը գցի Հայաստանի վրա: Նախորդ շրջանի եւ հատկապես վերջին երկու ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ դիտորդները չեն կատարում իրենց առաքելությունը` Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը չի զսպում Ադրբեջանին: Պատճառն այն է, որ ԵՄ-ն չունի այն ազդեցությունը կամ հեղինակությունը, որը կարող է զսպող դեր կատարել Ադրբեջանի համար: Ավելին՝ ԵՄ-ն անընդհատ հեղինակազրկվում է, վերջին ամիսներին այդ հեղինակազրկումը տեղի է ունենում կայծակնային արագությամբ, ինչն Ադրբեջանը տեսնում եւ արձանագրում է:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալուց ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները զգալիորեն լարվել են, որի պատճառներից մեկն էլ Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության կտրուկ փոփոխությունն է: ԱՄՆ-ն հասկացնում է, որ իրեն այլեւս չի հետաքրքրում ռուս- ուկրաինական պատերազմի շարունակությունը, ինքն այդ պատերազմից ստացել է այն, ինչն իրեն պետք է` Ուկրաինայի ընդերքը, հիմա իրեն խաղաղություն կամ գոնե հրադադար է պետք՝ այդ ընդերքի հարստությունը խաղաղ պայմաններում շահագործելու եւ շահույթ ստանալու համար: ԱՄՆ-ն կողմ է պատերազմը կանգնեցնելուն, որն առերեւույթ կարող է ընկալվել որպես Ռուսաստանի հաղթանակ, բայց, մյուս կողմից, Ուկրաինային կփրկի ավելի մեծ աղետից: Ռուսական բանակն ամեն օր նոր տարածքներ է գրավում, եւ եթե ընդունելու լինենք, որ պատերազմը կանգնելու է շփման գծի վրա, ստացվում է, որ Միացյալ Նահանգներն ամեն օր տարածքային կորուստներ են ունենում, փոքրանում է այն տարածքը, որն ամերիկյան ընկերությունները կարող են շահագործել:

ԵՄ երկրների մեծամասնությունը դեմ է խաղաղությանը՝ պատճառաբանելով, որ իբրեւ թե չի կարելի թույլ տալ Ռուսաստանի հաղթանակը, թեկուզ՝ մասնակի, որ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի միջոցով, այսինքն՝ Ռուսաստանի պարտության դեպքում, բայց իրականում հասկանում են, որ այս վիճակում խաղաղության գնալու դեպքում իրենք ոչինչ չեն ստանում` Ուկրաինայի հարստությունները բաժին են հասնում ԱՄՆ-ին, իսկ իրենք մի բան էլ աչք էին տնկել Ռուսաստանի հարստությունների վրա, որին կարելի էր տիրանալ այդ երկրին պարտության մատնելու միջոցով: Հիմա ստացվելու է, որ իրենք երեք տարուց ավելի հսկայական ռեսուրս ծախսեցին ու դիմացը ոչինչ չստացան:
Այլընտրանքը կարող էր լինել այն, որ եվրոպական երկրներն իրենց վրա վերցնեին պատերազմը շարունակելու պատասխանատվությունը եւ ԱՄՆ-ից առանձին ֆինանսական եւ ռազմական աջակցություն հատկացնեին Ուկրաինային, որի իշխանությունները եւս կողմ չեն Ռուսաստանի պահանջներով կապիտուլյացիա ստորագրելուն, որի արդյունքում Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը կմնա Ռուսաստանին, իսկ մնացած մասը կվերածվի ամերիկյան գաղութի: ԱՄՆ-ից առանձին պատերազմը շարունակելու նախաձեռնությունը հիմնավորապես տապալվեց. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փորձեցին ձեւավորել «կամեցողների կամ ցանկացողների դաշինք»՝ նկատի ունենալով, որ դաշինքին միանալու են այն երկրները, որոնք ցանկություն ունեն աջակցել Ուկրաինային: Կամեցողների մի քանի հանդիպում եղավ, քննարկում, հայտարարվեց Ուկրաինային աննախադեպ 600 միլիարդ եվրո հատկացնելու պատրաստակամության մասին, բայց, ի վերջո, հասկացան, որ առանց Միացյալ Նահանգների ֆինանսական եւ ռազմական աջակցության իրենք պատերազմ վարելու ոչ մի հնարավորություն չունեն: Խոսքը միայն ֆինանսական միջոցների անբավարարությունը չէ, Ուկրաինա ուղարկվող ռազմամթերքի եւ հատկապես ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռները եւ այլ կարեւոր բաղադրիչներ արտադրվում են միայն Միացյալ Նահանգներում:  Արձանագրվեց, որ ԵՄ-ն ինքնուրույն միավոր չէ եւ առանց ԱՄՆ-ի զրո արժեք ունի:
Մի քանի օր առաջ էլ ԵՄ երկրները Ռուսաստանին ուլտիմատում`վերջնաժամկետ ներկայացրին, որ եթե Ռուսաստանը չհայտարարի 30-օրյա հրադադարի մասին, իրենք աննախադեպ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը նույնիսկ չարձագանքեց էլ այդ վերջնագրին, այսինքն՝ արձագանքեց ռազմական գործողությունները շարունակելով, նոր տարածքներ գրավելով: Եվրոպական երկրներն էլ անտեր թողեցին իրենց վերջնագիրը: Եթե ԵՄ-ն ռազմական առումով անհամեմատ ավելի թույլ Ադրբեջանին չի կարող զսպել, չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, ինչպե՞ս կարող է զսպել Ռուսաստանին կամ Ուկրաինային անվտանգության երաշխքիներ տալ:

ԵՄ երկրները հիմա էլ սպասում են այսօր՝ մայիսի 15-ին, Թուրքիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, Զելենսկին ասել է, որ կհանդիպի եւ կբանակցի բացառապես ՌԴ նախագահի հետ: ՌԴ նախագահը Թուրքիա չի գնա եւ անձամբ Ուկրաինայի նախագահի հետ չի հանդիպի, Պուտինը վաղուց հայտարարել է, որ Զելենսկուն չի համարում լեգիտիմ իշխանություն` նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է մեկ տարի առաջ: Բանակցությունների այս փուլը եւս տապալվելու է, իսկ ԵՄ հեղինակազրկումն էլ ավելի է խորանալու:

Վերադառնալով Հայաստան՝ պետք է հարց տալ․ եթե ԵՄ դիտորդական առաքելությունը չի ապահովում իր առջեւ դրված խնդիրը` զսպելու Ադրբեջանին, կամ գոնե արձանագրել, թե ով է նախահարձակ կողմը` ով ում վրա է կրակում, ի՞նչ իմաստ ունի այդ առաքելության ներկայությունը Հայաստանում: Թերեւս միայն նրա, որ Ադրբեջանը եւս մեկ պատճառ ունենա ասելու, թե ինչու է հրաժարվում ստորագրել խաղաղության պայմանագիրը: