«Հրապարակ». Այն, ինչ արվեց Արցախում, հիմա արվում է Գազայում

Թրամփի հայտարարությունը՝ Գազայի մասին, տարակուսանք ու շոկ է առաջացրել աշխարհում։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Փոլ Օ’Բրայենն ասել է, որ պաղեստինցիներին Գազայից հեռացնելը «հավասարազոր է նրանց որպես ժողովուրդ ոչնչացնելուն»: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը կտրականապես մերժել է պաղեստինցիներին տեղահանելու ցանկացած ծրագիր՝ ասելով, որ «թույլ չեն տա ժողովրդի իրավունքների ոտնահարում, որի համար պայքարել են տասնամյակներ շարունակ եւ մեծ զոհողություններ կրել»: Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ չի կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման։ Թրամփի հայտարարությունը դատապարտել եւ անընդունելի են համարել Հորդանանը, Եգիպտոսը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Գազայում էթնիկ զտումներից պետք է խուսափել:
ԱՄՆ նախագահ Թրամփն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ ասուլիսի ժամանակ խոսել էր Գազայի երկարաժամկետ կառավարումն ստանձնելու, պաղեստինցիներին տեղահանելու ծրագրերի մասին, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին Գազան տնտեսապես զարգացնել։ Այդ հայտարարությունից 1 օր անց Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հրամայել է ծրագիր մշակել՝ թույլ տալու պաղեստինցիներին՝ ինքնակամ լքել Գազան: Գազայում տեղի ունեցողն Արցախում իրականացված էթնիկ զտումն է հիշեցնում: Ոմանք Արցախը Գազայի նախերգանքն ու փորձարկումն են համարում։
«Դա անմարդկային եւ հակաօրինական հայտարարություն է, որովհետեւ Գազայի հատվածի հետ կապված կա ՄԱԿ-ի որոշում՝ Պաղեստին պետության վերաբերյալ, հիմա, երբ Թրամփն այդ 2 միլիոն մարդկանց ասում է՝ գնացեք, ուրիշ տեղ ապրեք, ես այստեղ զվարճանքի վայրեր եմ կառուցելու, դա հակասության մեջ է մտնում հենց նույն՝ ՄԱԿ-ի որոշման հետ, որով Պաղեստինը ճանաչվել է պետություն։ Ճանաչող պետություններից է նաեւ Հայաստանը։ Թրամփի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է խոր քննարկման առարկա դառնա, որպեսզի այնպես չստացվի, որ «պետությունը ես եմ» կարգախոսով Թրամփը շարունակի անել այն, ինչ ուզում է՝ թքած ունենալով միջազգային կարծիքի վրա: Բայց, ինչպես ասում են, անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում․ եթե ժամանակին Արցախի իրադարձություններին այդ նույն՝ միջազգային հանրությունը համարժեք գնահատական տար, որ օրը ցերեկով էթնիկ զտում է իրականացվում, եւ ցեղասպանության սպառնալիքի տակ մարդկանց ստիպում են լքել իրենց հայրենիքը, մենք այս պահին Գազայում այլ իրավիճակ կտեսնեինք»,- ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով, գլոբալ խաղացողները ոչ միայն ցույց են տալիս հարցերը կարգավորելու իրենց անկարողությունը, այլեւ առաջնորդվում են «չկա ժողովուրդ, չկա պրոբլեմ» մոտեցմամբ։ «Փաստացի, գնում են ամենավատ ճանապարհով, որը ոչ միայն չի հանգստացնելու իրավիճակը նույն՝ Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, այլեւ նոր վրեժի առիթ է դառնալու ե՛ւ Գազայում՝ ուղղված Իսրայելի դեմ, ե՛ւ Հայաստանում՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Այն, ինչ արվեց Արցախում՝ մի կողմին տրվեց ամեն ինչ, մյուս կողմին՝ ոչինչ, հիմա նույնն արվում է Գազայում՝ մի կողմին տրվում է կատարյալ ազատ գործելու հնարավորություն, գերծանր ռումբեր եւ այլն, մյուս կողմին՝ ոչինչ, մղելով նրան նոր վրեժի»։
Թրամփի հայտարարությունն ու ծրագիրը միայն առաջին հայացքից են պրոիսրայելական, իրականում դրանով ԱՄՆ նախագահը մեծ վատություն է անում Իսրայելին՝ նրա համար ապագա լուրջ խնդիրներ ու ծանր օրեր ապահովելով՝ ասում է Բալասանյանը։ «Հիշում եք, որ իր առաջին նախագահության շրջանում Թրամփը որոշեց դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, եւ դա առաջ բերեց լուրջ բողոքի ալիք արաբական աշխարհում, եւ, իբրեւ դրա արդյունք, 2023 թ․ հոկտեմբերի 7-ին սկսվեց ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Եվ ստորագրելով պայմանագիր ՀԱՄԱՍ-ի հետ, Իսրայելը շատ վատ պայմաններով դուրս եկավ այդ պատերազմից։ Հիմա Թրամփն Իսրայելին երկրորդ վատությունն է անում, որովհետեւ արդեն այս պահից Պարսից ծոցի արաբական պետություններն Իսրայելի նկատմամբ բալանսավորված քաղաքականություն վարելու որեւէ պատճառ չեն ունենալու, քանզի իրենց հասարակություններում իրենց են մեղադրելու արաբական շահերին դեմ գնալու մեջ, եւ արդյունքում Իսրայելը ստանալու է կոնսոլիդացված արաբական աշխարհ»,- բացատրում է միջազգայնագետը։
Թրամփն ընդամենը իրեն սատարած հրեական համայնքին տված խոստումն է կատարում, բայց նույն իսրայելցիները նրան չեն ներելու, քանզի այս հայտարարությունների պատճառով բախվելու են լուրջ դժվարությունների։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում ՄԱԿ-ը․ «Թե որպես կառույց՝ որքան չկայացած է միջազգային անվտանգություն ապահովող այդ կարեւոր մարմինը, որի ԱԽ մշտական մարմիններից մեկը կարող է իրեն իրավունք վերապահել՝ քայլեր կատարել, որոնք ոչ միայն չեն բխում ՄԱԿ-ի կանոնադրությունից, այլեւ ցույց են տալիս, որ նա թքած ունի որեւէ միջազգային պայմանավորվածության վրա եւ առաջնորդվում է «պետությունը ես եմ» կարգախոսով, որ աշխարհը պտտվում է ԱՄՆ-ի շուրջ, հանուն որի, օրինակ, Կանադան, Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը պիտի զոհաբերվեն։ Թրամփն աշխարհը հետ է վերադարձնում 19-րդ դար, երբ պետություններն իրենց սահմանների հարցը լուծում էին՝ ուղղակի գնելով այդ տարածքները։ Ինչն ուղիղ ճանապարհ է դեպի նոր լայնամասշտաբ առճակատում»։
Կարծիքներ