Ու՞մ հերոսն է Սոլեյմանին

Ու՞մ հերոսն է Սոլեյմանին

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բաքվում իրանական մշակույթի կենտրոնը հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ նախագահի հրամանով սպանված իրանցի գեներալ Սոլեյմանիի հիշատակի գեղարվեստականացման մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել գրողներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, քանդակագործներ:

Մի խոսքով՝ ստեղծագործող մարդիկ, որոնց համար իրանցի գեներալի կերպարը հերոսական է: Ակնհայտ է, որ առանց երկու երկրների իշխանությունների համաձայնության նման մրցույթ չէր հայտարարվի, բայց մի բան է քաղաքական որոշումը, այլ՝ դրա, այսպես ասած, հանրային անհրաժեշտությունը: Իրանական կողմը չէր գնա նման քայլի, եթե համոզված չլիներ, որ Ադրբեջանում Սոլեյմանիի կերպարի հերոսականության հանրային ընկալում կա:

Այդ մասին ադրբեջանական մամուլը տագնապ հնչեցրել է դեռեւս Սոլեյմանիի հուղարկավորության օրը, երբ գրվեց, որ, չնայած Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հարուցած խոչընդոտների, բազմաթիվ մզկիթներում սգո արարողություններ են անցկացվել, իսկ որտեղ դա հնարավոր չի եղել, մարդիկ պարզապես հավաքվել են որոշակի վայրերում եւ սգացել Սոլեյմանիի սպանությունը: Երեւում է, Ադրբեջանի իշխանությունները դժվարացել են մերժել իրանական կողմի առաջարկությունը՝ Սոլեյմանիի կերպարի գեղարվեստականացման մրցույթ հայտարարելու հարցում: Եւ հիմա ադրբեջանական ստեղծագործական հանրությունը հայտնվել է դելիկատ դրության մեջ: Տապալել մրցույթը՝ կնշանակի վիրավորել իրանական կողմին: Մյուս կողմից կա Միացյալ Նահանգների հնարավոր դժգոհության հանգամանքը:

ԱՄՆ-ը Սոլեյմանիին հայտարարել է «ահաբեկիչ»: Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների ստանդարտ գնահատականն այն է, որ թեեւ իսլամադավան, Ադրբեջանն, այնուամենայնիվ, աշխարհիկ պետություն է եւ մաս է կազմում հակաահաբեկչական պայքարին: Սոլեյմանիի կերպարի ադրբեջանական հերոսացումն ակնհայտորեն չի ներգրվում այդ չափանիշներին:

Առայժմ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը որեւէ արձագանք չի հնչեցրել: Բայց դա չի նշանակում, թե այնտեղ ուշի-ուշով չեն հետեւելու դեպքերի հետագա ընթացքին: Սոլեյմանիի կերպարի գեղարվեստականացման մրցույթի արդյունքների ամփոփումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ: Եւ հրատապ կդառնա հարցադրումը՝ մի՞թե իրանցի սպանված գեներալը նաեւ Ադրբեջանի հերոսն է: